Աշխարհ

17.08.2018 09:51


Պատերազմները տեղափոխվում են առցանց դաշտ (տեսանյութ)

Պատերազմները տեղափոխվում են առցանց դաշտ (տեսանյութ)

Այս շաբաթ անցած հաքերների համաժողովի ընթացքում 11-ամյա մի տղայի հաջողվել էր կոտրել Ֆլորիդայի ընտրական հանձնաժողովի կայքի պաշտպանությունը: Քայլ, որն առցանց անվտանգության մասին խոսելու եւս մեկ առիթ հանդիսացավ: ԱՄՆ-ի նպատակներն առցանց ոլորտում ներկայացրել էր փոխնախագահ Մայք Փենսը.

«Մենք առցանց աշխարհում Ամերիկայի անվտանգությունը կդարձնենք նույնքան գերիշխող, որքան այն ֆիզիկական աշխարհում է»:

Նախորդ տարի Equifax ընկերությունից գողացված 150 միլիոն ամերիկացիների անձնական տվյալները ստիպել են նաեւ մասնավոր ընկերություններին զբաղվել առցանց անվտանգությամբ, երբեմն աշխատանքի ընդունելով հաքերների:

«Ընկերությունները վճարում են, որպեսզի մենք փորձենք ներթափանցել նրանց առցանց համակարգ։ Դրանից հետո մենք նրանց պատմում ենք իրենց համակարգի թույլ տեղերի մասին»,-նշում է հաքեր, առցանց անվտանգության մասնագետ Վիննի Թրոյան:

Սակայն հարվածի տակ են ոչ միայն ֆինանսական հաստատությունները: IBM ընկերության մասնագետների խոսքերով, առցանց հարձակումներ են կատարվում նաեւ պետական եւ առողջապահական հաստատությունների վրա: Ստեղծված իրավիճակում հարվածի տակ է նույնիսկ երկրների ազգային անվտանգությունը, համոզված է առցանց անվտանգության մասնագետ Քիմ Զեթթերը.

«Օրինակ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը վիրուս էին մշակել, որով վարակել էին Իրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգները, որոնք էլ շարքից դուրս էին եկել»:

Առայժմ առցանց հարձակումները դեռեւս մահացու ավարտ չեն ունենում, սակայն, մասնագետների խոսքով, դրանց վտանգն ապագայում նվազեցնելու համար կպահանջվեն գլոբալ լուծումներ:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը