Աշխարհ

15.08.2018 11:38


Ամեն ինչ Վրաստանի նախագահական ընտրությունների մասին․ ովքե՞ր են գլխավոր թեկնածուները

Ամեն ինչ Վրաստանի նախագահական ընտրությունների մասին․ ովքե՞ր են գլխավոր թեկնածուները

Նախագահական ընտրությունների օրը հայտնի է՝ հոկտեմբերի 28, թեկնածուներն արդեն սկսել են նախընտրական արշավն, իսկ իշխող «Վրացական երազանքը» դեռ չի կողմնորոշվել, թե նրանցից ում է աջակցելու:

ԿԸՀ-ն դեռ չի ավարտել թեկնածուների գրանցումը, թեև հիմնականներն արդեն հայտնի են: JAMnews-ը հակիրճ ներկայացնում է, թե ինչ է պետք իմանալ Վրաստանում նախագահի գալիք ընտրությունների մասին:

Թվով յոթերորդ նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: Բնակչությունը կընտրի Վրաստանի հինգերորդ նախագահին: Առաջին անգամ նա կընտրվի 6 տարի ժամկետով: Նախքան այս՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը կազմում էր 5 տարի: Այս ընտրությունները լինելու են վերջին համաժողովրդական ընրությունները: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ապագայում նախագահն ընտրվելու է ոչ թե ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից:

Վրաստանի նախագահ կարող է ընտրվել երկրի 35 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի: Միաժամանակ նա պետք է Վրաստանում ապրի վերջին 5 տարին և մինչև քվեարկության օրն՝ անընդմեջ 3 տարի: Վրաստանի նախագահ կարելի է լինել միայն երկու անգամ:

Թեկնածուները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի ընտրություններին մասնակցելու համար արդեն 16 թեկնածու է գրանցել:

Գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դեռ չի կողմնորոշվել՝ արդյոք իր թեկնածությունն առաջադրելու է նախագահական երկրորդ ժամկետի համար: Նա սեփական քաղաքական թիմ չունի: 2013թ-ին նա հաղթեց նախագահական ընտրություններում՝ լինելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն և Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը: Սակայն շուտով նրանց ուղիները բաժանվեցին, իսկ Իվանիշվիլին նախագահին անվանեց իր «ամենամեծ հիասթափություն»: Իսկ իշխող թիմը վերջին տարիներին նախագահին ընդդիմադիր էր:

Ներկայիս ընտրություններում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխող կուսակցությունն իր թեկնածուին չի առաջադրում և, ենթադրաբար, չի առաջադրի: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխող թիմը չի պլանավորում թեկնածու առաջադրել: Ըստ նրա՝ իշխանությունը պատրաստ է «զիջել» այդ պաշտոնն ընդդիմությանը կամ սատարել անկախ թեկնածուներից մեկին:

«Ես կարծում եմ, որ իշխող թիմը չպետք է իր թեկնածուին առաջադրի… Իմ կարծիքով՝ երկրի ժողովրդավարական զարգացման համար դա լավագույն տարբերակը կլինի: Կուսակցական թեկնածուները մեր աջակցությունը չեն ստանա, սակայն պատրաստ ենք սատարելու արժանի անկախ թեկնածուի, եթե այդպիսին հայտնվի: Հակառակ դեպքում թող հաղթանակն ու նախագահի ինստիտուտն ընդդիմությանը բաժին ընկնի»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում:

Անկախ թեկնածուն, որին «Վրացական երազանքը» ենթադրաբար կսատարի, Սալոմե Զուրաբիշվիլին է: Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման տարիներին նա արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն հետագայում անցավ ընդդիմության շարքերը և դարձավ իշխանությունների ամենակատաղի քննադատներից մեկը: Զուրաբիշվիլին վրացի էմիգրանտների ժառանգ է, նա ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, և վրացերեն խոսում է ֆրանսերեն շեշտադրումներով:

Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլիի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Հատկապես՝ 2008թ-ի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ նրա գնահատականներից և հայտարարություններից հետո: Զուրաբիշվիլին կարծում է, որ պատերազմը սկսել է Վրաստանն, ու դրա գլխավոր մեղավորը Միխայիլ սահակաշվիլին է: Դրա համար նրան քննադատեցին նույնիսկ «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ:

Միխայիլ Սահակաշվիլիի նախկին իշխող «Ազգային շարժումը» նախընտրական կոալիցիա է կազմել տասը մանր ընդդիմադիր կուսակցությունների հետ, որը կոչվում է «Ուժը միասնության մեջ է», և որպես թեկնածու առաջադրել է Գրիգոլ Վաշաձեին:

Վաշաձեն փորձառու դիվանագետ է, որը նախագահ Սահակաշվիլիի կառավարման տարիներին նույնպես գլխավորել է Վրաստանի ԱԳՆ-ն (2008թ-ի դեկտեմբեր-2012թ-ի հոկտեմբեր): Նրա դիվանագիտական կարիերան կապված է Ռուսաստանի հետ: Երկար տարիներ նա ապրել է Մոսկվայում և հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից միայն 2008թ-ին: Վաշաձեն պրիմա-պարուհի Նինո Անանիաշվիլիի ամուսինն է:

«Եվրոպական Վրաստանը» (այս կուսակցությունը ստեղծել են Սահակաշվիլիի նախկին համախոհները, որոնք լքել են «Ազգային շարժումը» 2016թ-ին) նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրել է Դավիթ Բակրաձեին: Բակրաձեն Սահակաշվիլիի կառավարման տարիներին եղել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: Այս քաղաքական գործիչն, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, վստահության բավականին բարձր տոկոս ունի: 2013թ-ին նա արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին՝ առաջադրվելով «Ազգային շարժման» կողմից: Այն ժամանակ նա հավաքել էր ձայների 21.73 տոկոսը:

Նախագահի ևս մեկ թեկնածու է Զուրաբ Ջափարիձեն՝ «Գիրչի» («ծայրակոն») քաղաքական շարժման առաջնորդը: Շարժումը լիբերտարիանական հայացքներ ունի և գլխավոր հարցը, որը պարբերաբար բարձրացնում է, թմրանյութերի ապաքրեականացումն է: Հենց այս կազմակերպության հայցը վարույթ ընդունեց Սահմանադրական դատարանն ու վճռեց օրինականացնել մարիխուանայի օգտագործումը:

Ըստ ավանդույթի՝ նախագահական ընտրություններին կմասնակցի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, որը 2008թ-ից հետո բաց չի թողել նախագահի ոչ մի ընտրություն:

Այս խորագրի վերջին նյութերը