Քաղաքական

14.08.2018 17:54


Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացվել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,-ասաց Գալստյանը:

Նիստի հաջորդ հարցով հանձնաժողովը վերացրեց ԿԸՀ-ում ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման սահմանափակումը: Այժմ ցանկացած զանգվածային լրատվության միջոց կարող է հավատարմագրել անսահմանափակ թվով ներկայացուցիչների:

«Նախկինում ցանկացած ԶԼՄ կարող էր հավատարմագրել առավելագույնը 50 ներկայացուցիչ: «Ասպարեզ» ակումբը դիմեց ՍԴ, վիճարկեց այդ նորմը, և 2017թ.-ի դեկտեմբերին այդ դրույթը ճանաչվեց հակասահմանադրական ու ԱԺ-ն այն հանեց: ԿԸՀ-ն էլ ընտրական օրենսգրքի հիման վրա պարտավոր էր կատարել այդ փոփոխությունը»,-ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

Հուլիսի 31-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺպատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշված էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը