Քաղաքական

14.08.2018 14:00


«Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի». Վիկտոր Սողոմոնյան

«Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա: Այս մասին Tert.am-ին հայտնեց 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

***

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիր­ված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջա­ծա­նոթ են որպես մերձիշխանա­կան ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայա­նա­լով որպես «զայրացած ժողովուրդ»: Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդեն հայտ­նվել են հիմնական «դերասան­ների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թյան, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրու­թյան հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրէ ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»:

Այս խորագրի վերջին նյութերը