Կարծիք

14.08.2018 09:32


Կառավարության անելիքի մասին

Կառավարության անելիքի մասին

Ամուլսարի հետ կապված պատմությունը լրջորեն հարվածել է Նիկոլ Փաշինյանի կառավարության իմիջին: Հանքի ճանապարհը փակ է մոտ երկու ամիս, բայց կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում ապօրինություն թույլ չտալու համար:

Եթե կառավարությունն առաջնորդվում է հանրային տրամադրություններով, ապա ո՞վ է ասել, որ հանրային տրամադրությունը հանքի շահագործման դեմ է: Ո՞վ է հաշվել այդ տրամադրությունների աստիճանը: Կոկորդ պատռելու և լաչառության դեցիբելներո՞վ է որոշվում հանրային տրամադրությունը:

Այո՛, կան դեմ արտահայտվողներ, ինչը նորմալ է: Բայց խնդիրն այն է, որ երկրում հարցերը լուծվում են ոչ թե «հանրային տրամադրություններով», այլ օրենքով և բանականությամբ:

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն էին իրականացնում «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները և հարակից տարածքի բնակիչները: Նրանք պահանջում էին իրենց իրավունքների պաշտպանություն. մարդիկ աշխատանքային իրենց իրավունքների պաշտպանություն են հայցում: Ցուցարարի իրավունքների ու նաև նրանց ոչ օրինական քայլերի ապահովման մասին մտածում ենք, իսկ մյուսների իրավունքների մասին չե՞նք մտածում:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասում է, թե 53 օր սպասել եք, մի քիչ էլ սպասեք: Սիսեռյանի խոսքի ենթատեքստն այն էր, որ իրենք ընդունում են, որ ապօրինություն է տեղի ունենում ճանապարհ փակելով, բայց մի քիչ էլ համբերեք, որպեսզի խնդիրը լուծվի:

Եվ ուրեմն, կառավարությունը պետք է ցույց տա, որ կարողանում է կոմպետենտ որոշումներ կայացնել և կարգուկանոն հաստատել: Եթե հանքը վնասակար է, ուրեմն պետք է փակվի: Իսկ եթե հանքի շահագործման հետ կապված ռիսկերը կառավարվում են ու որևէ խնդիր չկա, ապա «Լիդիան Արմենիայի» իրավունքները պետք է վերականգնվեն և կառավարությունը պետք է բոլոր քայլերն իրականացնի՝ ելնելով իրավունքից ու ողջամտությունից:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը