Քաղաքական

10.08.2018 13:37


Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ

Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ

Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ առայժմ վարույթ ընդունելու մասին որոշում չեն ստացել:

«Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, սակայն դատարաններն ապօրինի որոշումներ են կայացրել»,-ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով:

Հարցին, թե արդյոք իրականացվե՞լ է բժշկական փորձաքննություն, Մկրտչյանը ասաց, որ ընթացքի մեջ է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը