Կարծիք

08.08.2018 17:46


Սևանցիների «մեսիջը» ջերմուկցիներին

Սևանցիների «մեսիջը» ջերմուկցիներին
Մի հայտնի խոսք կա։ Ասում են՝ մի գիժ քարը գցում է ձորը, 100 խելոք հավաքվում են ու չեն կարողանում այդ քարը հանել։ Հիմա նույնը Ամուլսարի հետ է կատարվում։ Մի քանի վարձկան «պայքարիստ» տարածել են, թե իբր Ջերմուկը Ամուլսարի հանքի պատճառով թունավորվել է։ Տարածել են ու քաշվել մի կողմ, ավելի ճիշտ՝ նստել հանքի ճանապարհին (բնականաբար՝ ոչ առանց անձնական շահի, որը լիուլի ապահովվում է հանքը խլելու մտադրություն ունեցողների կողմից)։ Արդյունքում՝ Ջերմուկի առողջարաններում այս տարի շատ ավելի քիչ մարդիկ են գնացել հանգստանալու։ Իսկ դա նշանակում է, որ ջերմուկցիները տուժել են բոլոր առումներով՝ խանութները, սպասարկման կետերը, հյուրանոցները չեն ստացել ակնկալվող եկամուտն ու սեզոնային գումարներից զրկվել։ Ինչ է սա, եթե ոչ տնտեսական դիվեսիա ջերմուկցիների, Ջերմուկի իմիջի և ընդհանրապես Հայաստանի դեմ։
Մարդիկ բացասական լուրին ավելի հեշտ են հավատում։ Մի հիմար կարող է մի բան ասել, իսկ հետո հարյուր խելոք չեն կարողանալու ապացուցել, որ ասվածը հիմարություն է։
Ի դեպ, նույն պատկերն է նաև Սևանում։ Նույն պատկերն է այն առումով, որ «բնապահպանները» տարածել են, թե իբր Սևանա լիճը թունավորված է։ Արդյունքում՝ Սևանում քիչ մարդ է գնում հանգստանալու։
Նույն պատկերն է Սևանում, բայց նույն պատկերը չէ սևանցիների մասով։ Նրանք, ի տարբերություն ջերմուկցիների, ելել են պայքարի և թույլ չեն տալիս, որ «բնապահպան»–դիվերսանտները վնասեն սևանցուն ու Սևանին։
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Սևանի գայի պոստի հարևանությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հայտարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ թամահ արե՞լ են այս օրերին գան Սևան: Երևանի իրենց կաբինետներում վեր ընկած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում: Մենք պահանջում ենք, որպեսզի մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները: Ամեն տարվա վերջ կառավարության տաքուկ կաբինետներում նստած որոշ վերլուծաբաններ վերլուծություն են ներկայացնում՝ ասելով, թե ամռանը Հայաստանից ավելի շատ հանգստացողներ են մեկնել Վրաստան, քան մնացել են մեզ մոտ: Եթե նման ձև են աշխատելու, որոշ բնապահպանների նման կեղծ տեղեկություններ տարածելով, բա էլ ի՞նչ եք ուզում: Դա է լինելու գինը: Որոշ բնապահպանների ֆանտազիան հասել է նրան, որ չգիտես Գուգլից, թե որտեղից իրանց գլխի չափ շնաձկան նկար են տարածել ու մարդկանց մոլորեցնում են, թե դա բռնել է ծովագյուղցի Սևոյենց Կարոն: Այ նման անհեթեթ ու անպատասխանատու տեղեկություններ տարածելով են փորձում մարդկանց մոլորեցնել»:
Ահա այսպիսին է սևանցիների արձագանքը վայ–բնապահպաններին։ Դա յուրօրինակ «մեսիջ» է ջերմուկցիներին, որ նրանք էլ քնից արթնանան ու տեր կանգնեն իրենց քաղաքին ու իրենց ապրուստին։ Թե չէ մի քանի վարձկանի գերի են դառնալու ու հետո գլխներին տան, թե ինչու այդ դիվերսանտների դեմը չառան «էն գլխից»։
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը