Քաղաքական

04.08.2018 13:13


Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ (լրացված)

Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ (լրացված)

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա:

«Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են այդ որոշումը ՍԴ-ում, ԿԸՀ-ի որոշման օրինականությունն է բողոքարկվել, ճնշում է եղել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, նա այդ մասին բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր եղբոր միջոցով ճնշումներ են գործադրվում»,-ասել է Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով՝ ծանր հանցանք:

Հոդվածով, ըստ նրա, մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում: Այս դեպքում խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին է:

Աղբյուրը՝ Tert.am

***

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով 03.08.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Նույն օրը հիշյալ գործի շրջանակներում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:

Այս խորագրի վերջին նյութերը