Աշխարհ

02.08.2018 18:50


«Պատասխանը չի ուշանա». Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

«Պատասխանը չի ուշանա». Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը բացասաբար է արձագանքել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի ԱՄՆ-ը մուտք գործելն արգելող պատժամիջոցների սահմանմանը:

Հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան անհապաղ պատասխանելու է ԱՄՆ-ի պատժամիջողներին:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ գանձապետարանի կողմից հայտարարված մեր երկրին առնչվող պատժամիջոցի որոշումը։ Խնդրո առարկա որոշումը, որով թիրախավորվում են մեր երկու նախարարները, ո՛չ պետության լրջության հետ է կարելի է նույնացնել, ո՛չ էլ օրենքի և արդարության տեսանկյունից է հնարավոր հիմնավորել։ Կասկած չկա, որ այս որոշումը, որն անհարգալից միջամտություն է մեր իրավական համակարգին, դեմ է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների էությանը և մեծ վնաս է հասցնելու երկու երկրների միջև խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին հետ կանգնել այս սխալ որոշումից։ Անհապաղ համարժեք պատասխան է տրվելու ոչ մի նպատակի չծառայող այս ագրեսիվ դիրքորոշմանը»։

Նշենք, որ թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։ Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են նաև ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը