Կարծիք

02.08.2018 12:13


Թավշյա հեղափոխությունը, Դոն Պիպոն և Ամուլսարը

Թավշյա հեղափոխությունը, Դոն Պիպոն և Ամուլսարը

Թավշյա հեղափոխությունը դարձել է յուրօինակ բրենդ և այդ բրենդից փորձում են օգտվել հեղափոխության հետ կապ չունեցողները, և անգամ՝ հակահեղափոխականները:

«Ֆեյք» հեղափոխականները վերցնում են այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների ձևական կողմը (փողոց փակել, որոշակի վանկարկումներ անել, հեղափոխական մայկաներ կամ գլխարկներ հագնել և այլն), իսկ ահա բովանդակային մասով գտնվում են լրիվ այլ տեղում:

Այդպես եղավ, օրինակ, Էջմիածնում, երբ քրեական աշխարհի ներկայացուցիչ Պիպոն դարձավ ժողովրդավարության առաջամարտիկ՝ փորձելով սեփական հաշիվները մաքրել և իշխանություն վերցնել: Պիպոն հեղափոխական նույն մեթոդներն էր կիրառում, ինչ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ճիշտ պահին կողմնորոշվեց և այժմ Դոն Պիպոն կալանավոր է:

Հեղափոխական տեխնոլոգիաներ են կիրառվում նաև Ամուլսարում: Ընդ որում՝ կիրառվում են հակահեղափոխականների՝ ՀՀԿ-ական որոշ շրջանակների կողմից: Նպատակը՝ սեփականության վերաբաշխումն է հօգուտ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի: Գործիքն այս գործում, ըստ տարածված տեղեկությունների, Սյունիքի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն է, ով անթաքույց աջակցում է ճանապարհը փակողներին:

Սերժենք մինչև հեղափոխությունն էլ էին փորձում խլել հանքը, քանի որ պարզվել էր, որ ահագին ոսկի կա Ամուլսարում (մինչև շահագործման լիցենզիա տրամադրելը ոսկու պաշարների շատ ցածր մակարդակ էր կանխատեսվել): Հիմա նույնը փորձում են անել արդեն հեղափոխական մեթոդներով:

Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի թիմը այսպիսով դրել է մի վիճակի մեջ, երբ նա պետք է ստիպված լինի քայլերի դիմել հեղափոխական տեխնոլոգիաներ օգտագործողների դեմ, ինչը, բնականաբար, անցանկալի է վարչապետի համար: Սակայն խնդիրն այն է, որ իրականում Փաշինյանի դեմ է դուրս եկել հակահեղափոխությունը՝ հեղափոխական շորեր հագած: Վարչապետն այս դեպքում պետք է գործի այնպես, ինչպես Էջմիածնում, կամ էլ պետք է որոշում կայացնի Ամուլսարի շահագործումը թույլ չտալու մասին, սակայն այդ դեպքում Հայաստանում պետք է փակվեն բոլոր հանքերը և պետք է բացատրություն տրվի հանքարդյունաբերության թեմայով՝ պե՞տք է մեզ այն, թե՞ ոչ և եթե պետք չէ, ապա Հայաստանում ի՞նչ ենք բացելու՝ հանքերը փակելուց հետո:

Հարց կարող է առաջանալ՝ իսկ Ամուլսարի հանքի դեմ դուրս եկած բնապահպաննե՞րը, իսկ սովորական քաղաքացինե՞րը, նրա՞նք էլ են սերժական ու հակահեղափոխական: Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, նրանք սերժական չեն: Նրանց ճնշող մեծամասնությունը անկեղծ մղումներով է ելել «Լիդիան Արմենիայի» դեմ: Խնդիրը, սակայն, այն է, որ նրանց անկեղծ մղումներն ու մտահոգությունները պարզապես շահագործվում են սերժական շրջանակների կողմից՝ հանուն մասնավոր շահի: Բնապահպանների գործը հանքերի (ընդ որում՝ ոչ միայն Ամուլսարի մասով, հակառակ դեպքում խոր կասկածներ կարող են առաջանալ) շահագործման դեմ պայքարելն է, իսկ կառավարության գործը հանքերի շահագործումը առավելագույնս անվնաս դարձնելու օրենսդրաիրավական ու կառավարչական գործիքներ կիրառելը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը