Քաղաքական

01.08.2018 16:04


ՀԱԿ ներկայացուցչի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է. Ստեփանակերտ

ՀԱԿ ներկայացուցչի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է. Ստեփանակերտ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային շահերին քաղաքական դավաճանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Զոյա Թադեւոսյանը նախօրեին մամուլի ասուլիսում ենթադրություն էր հայտնել տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորության մասին, որոնք, տիկին Թադեւոսյանի կարծիքով, բուն հայկական չեն:

«Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջեւ ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսեւորում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ, նա բոլոր նրանց, ովքեր նման կարծիք ունեն, հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը ձգտել է անկախություն ձեռք բերել բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ պատերազմը Ադրբեջանն է պարտադրել: «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպված էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլեւ Հայաստանի եւ ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է իրադարձությունների նման զարգացում թույլ չտալ»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Դավիթ Բաբայանը նաեւ նշեց, որ Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն. «Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ»:

Այս խորագրի վերջին նյութերը