Քաղաքական

31.07.2018 22:46


Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված:

Այն հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը երբ կսկսվի, պաշտպանը պատասխանեց, որ հստակ օր չի կարող նշել:

«Մոտավորապես մեկ շաբաթ, 10 օրից նիստը պետք է լինի: Նյութերը ստանալուց հետո դատարանը եռօրյա ժամկետում նիստ է նշանակում, և թե երբ կլինի կոնկրետ օրը, դժվարանում եմ պատասխանել»,-ասաց պաշտպանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը