Մեկնաբանություն

30.07.2018 22:55


Սերժ Սարգսյանը կվերադառնա՞ Հայաստան

Սերժ Սարգսյանը կվերադառնա՞ Հայաստան

Թեև թավշյա հեղափոխությունն անցավ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսով, սակայն առայժմ Սերժ Սարգսյանը դարձել է հեղափոխության «մոռացված անունը». նրան ուղղակիորեն չեն «կպնում», այլ միայն ««քնքուշ» ներխուժումներ» են ապահովում մերձավոր տիրույթում (Սարգսյաններից Ալեքսանդրը տվյալ փուլում դարձել է թույլ օղակ, ում հետ խաղը հաճույք է պատճառում խաղի սցենարիստին ու բազմաչարչար հանդիսատեսին):

Սերժ Սարգսյանը «մոռացվել» է, սակայն փոխարենը հիշել են ու կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով. սա քաղաքագիտության կանոն է):

Իսկ որտե՞ղ է Սերժ Սարգսյանը: Մամուլից տեղեկանում ենք (մամուլը միշտ «մոմ է պահում» անհրաժեշտ պահին ու անհրաժեշտ տեղում), որ Սերժ Սարգսյանն արտերկրում է, ավելի կոնկրետ՝ Իտալիայում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ իրենց ղեկավարը (ով «անփոխարինելի» էր հռչակված) գնացել է բուժզննության: Մի խոսքով, Սարգսյանը հեղափոխությունից հետո «անհետացել» է մեր քաղաքական դաշտի «ռադարներից»:

Նոր կառավարության կողմից հանրությանը մատուցվող մամլո հաղորդագրություններում Սերժ Սարգսյանի անունը հոլովվում է բացառապես նրան առանձնատուն տալու թեմայով: Պարզվում է՝ հաճախորդը շատ «քթի մազ» է ու չի հավանում այն առանձնատները, որոնք նոր կառավարությունն առաջարկում է. Սերժն ուզում է առանձնատուն՝ «բոլոր կոմունալ հարմարություններով», որը ոչ մի կերպ չի գտնվում: Ու քանի դեռ նոր տան թեմայով ընդհանուր հայտարարի չեն եկել Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը, վերջինս շարունակում է ապրել վարչապետի հարևանությամբ: Այժմ, սակայն, Սերժ Սարգսյանը ժամանակավորապես լքել է Փաշինյանի հարևան տարածքն ու հայտնվել արտասահմանում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը միշտ էլ «փախած» է լինում ֆորսմաժորային կամ ոչ ստանդարտ իրավիճակներում:

Սերժ Սարգսյանը նաև լարված իրավիճակներում ճողոպրելու բնավորություն ունի: Օրինակ՝ 1993-ին նա ճողոպրել է Ղարաբաղից: Դա պատերազմի ամենաթունդ շրջանն էր ու ամենալարված (տարածքների ազատագրման մեծ մասը նրա ճողոպրումից հետո էր): Նա այնպես էր ճողոպրել, որ հայտնվել էր հեռավոր Մոսկվայում: Հետո Սարգսյանը վերադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի միջոցով:

Հիմա էլ է Սարգսյանը լքել տարածքը: Սա, ըստ էության, քաղաքական դասալքություն է, քանզի այս իրավիճակում «հիվանդության» պատճառով կուսակիցներին ու թիմակիցներին լքելն այլ անուն չունի:

Կա տեսակետ, որ նա այլևս Հայաստան չի վերադառնա, քանզի վախենում է, որ կարող է կալանավորվել:

Կա նաև այլ տեսակետ, թե ինչպես և ինչու է Սարգսյանը հայտնվել արտասահմանում, բայց այդ մասին կխոսենք մեկ այլ առիթով:

Կգա՞, թե՞ չի գա Սարգսյանը, դեռ պարզ չէ: Չի բացառվում, որ Սարգսյանն այդուհանդերձ վերադառնա Հայաստան: Չէ՞ որ նրան խոստացել են լուծել «բնակարանային խնդիրը»:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը