Կարծիք

26.02.2010 14:14


Հետսովետական ցինիզմի համառոտ բնութագիրը

Հետսովետական ցինիզմի համառոտ բնութագիրը

Սովետական Միության փլուզումը ծրագրավորված էր նրա, այսպես ասած, «գենետիկ կոդում»: Տեսության կեղծումը, իսկ հետագայում՝ տեսության և իրականության խոր հակադրությունն ուշ թե շուտ պետք է բերեր սովետական նախագծի տապալմանը: Իհարկե, սա բազմաթիվ գործոններից (քաղաքական, տնտեսական և այլն) ընդամենը մեկն էր, բայց կառուցվածքային այդ գործոնը պետք չէ անտեսել: Հետսովետական Ռուսաստանի ղեկավարները՝ Ելցինը և Պուտինը, ընդամենը տրամաբանական ավարտին հասցրին այն գործը, որն սկսել էր Ստալինը: Ուղղակի 1991-ին կուսակցական պետական վերնախավը վերջնականապես դեն նետեց սոցիալիզմի հնամաշ դրոշը, բայց ինքը չհեռացավ, այլ մեծ հաշվով մնաց իշխանական ղեկի մոտ: Այս վերնախավը ճիշտ նույն վերնախավի հերթական սերունդն է, որին առաջ մղեց Ստալինը 1937-ի վերնախավային «գենոցիդ»-ից հետո: Բայց սա մի առանձին թեմա է:

Սովետական Միության փլուզումն իրոք մեծ աղետ էր, բայց ոչ այնքան աշխարհաքաղաքական, ինչպես պնդում էր նույն Վ. Պուտինը, որքան աշխարհայացքային: Այս աղետի հետևանքները մինչ այժմ ակտուալ են թե՛ աշխարհի, թե՛ հետսովետական տարածքի համար: Նախ՝ աշխարհի մասին: ԽՍՀՄ փլուզումը միլիոնավոր մարդկանց աշխարհում վերջնականապես զրկեց այլընտրանքային հասարակության թեկուզ պատրանքային, բայց կարևոր առաջադիմական գործոն կատարող հույսից: Կապիտալիստական հարաբերությունները որքան էլ արդյունավետ (այդ թվում, ի դեպ, շնորհիվ Սովետի հետ մշտական մրցակցության ու պայքարի), այնուամենայնիվ, վերջին հաշվով կառուցված են այնպիսի հիմքերի վրա, որոնք չեն կարող քննադատելի չլինել ազատության, արդարության և հավասարության իդեալի տեսակետից: Կապիտալիզմի քննադատությունը ոչ ոք չի ժխտել: Այլ խնդիր է, որ տապալվեց այլընտրանքային հասարակության կառուցման փորձը, և կապիտալիզմը մնաց միակ հաղթողը: Դեռևս մինչև 60-ականները սովետական փորձը որքան էլ թերի, այնուամենայնիվ, որոշակի հույս էր ներշնչում Եվրոպայում, իսկ Լատինական Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում այդ միտումը, կարելի է ասել, շարունակվեց մինչև 80-ականները: Բայց խնդիրը միայն այդ հույսը չէր. սովետական նախագծի գոյությունը մի տեսակ ցեմենտող դեր էր կատարում ինտելեկտուալների քննադատական ավանդույթի շարունակականության առումով: Երբ 60-ականներին վստահությունը սովետական այլընտրանքի նկատմամբ սկսեց արդեն լուրջ ճեղքեր տալ, ապա դրան զուգահեռ սկսեց թուլանալ նաև լուսավորչականության ողջ ավանդույթը. կասկածի տակ դրվեց արդիականության նախագիծն ինքը: Այդ ժամանակվանից առաջ եկան հետարդիականության փիլիսոփայության առաջին տարրերը, իսկ 91-ից հետո աշխարհը վերջնականապես հայտնվեց հետարդիականության մոդուսում: Հետարդիականության հետ կապված խնդիրների մեջ այստեղ չեմ ուզում խորանալ: Միայն ասեմ, որ չնայած դա օբյեկտիվորեն կատարեց իր դրական դերը լուսավորչական նախագծի թույլ կողմերը բացահայտելու առումով, սակայն վերջին հաշվով դա հարմարվողականության փիլիսոփայություն է, որն իր էությամբ իսկ չի կարող առաջարկել իրական այլընտրանք: Այսօր նրա լիքցը սպառված է, և նա կատարում է փակուղային և հետադիմական դեր:

Այդպիսին էին Սովետական Միության փլուզման հետևանքները համաշխարհային տեսակետից: Բուն հետսովետական տարածքում դրանք ընթացան մոտավորապես նույն տրամաբանության մեջ տեղական նրբերանգներով հանդերձ: Այն, ինչ կարելի է կոչել սովետական հետարդիականություն, բնորոշվում է շեշտված հետադիմականությամբ: Հետսովետականությունը բյուրեղացավ 2000-ականներին՝ որպես «հակաօրանժիզմի», իսկ ավելի լայն վերցրած' հակահեղափոխականության գաղափարախոսություն և դրա հիմքում ընկած ցինիզմի հոգեբանություն և աշխարհընկալում: Ժամանակն է ավելի մոտիկից ծանոթանալ այս հասկացություների հետ, որոնք ավանսով՝ առանց սահմանման և նկարագրության, օգտագործում եմ վերջին հոդվածներում: Նախ՝ երևույթի հոգեբանական-կենցաղային հիմքի' ցինիզմի մասին, որը տարածված է հետսովետական տարածքում թե՛ «լայն զանգվածների», թե՛ «միջին խավի» (լրագրողներ, փորձագետներ, մասնագետներ), թե՛ վերնախավի մեջ: Հոգեբանական դիրքի այս տեսանկյունից անվստահելի են անկեղծության, իդեալիզմի, հավատի, պայքարի դրսևորումները հատկապես հասարակական-քաղաքական ոլորտում: Բոլոր այդպիսի դրսևորումների թիկունքում հետսովետական ցինիկը հակված է տեսնել շահ, դավադրություն, խաղ և այլն: Շեշտեմ՝ նա ոչ թե որոշ դեպքերում է տեսնում հիշյալ բացասական երևույթները (ինչը նորմալ կարող էր լինել), այլ գրեթե ցանկացած դեպքում: Այս քայքայիչ կասկածամտությունն անցնում է գերագույն իմաստության տեղ: Կարծում եմ՝ ավելորդ է հիմնավորել, որ այս երևույթի առաջացման կարևոր պատճառներից ուշ սովետական շրջանի իրավիճակն էր, երբ տեսությունն ու իրականությունն այնքան էին իրարից տարբերվում, որ հանուն բնականոն գոյատևման մարդն ուղղակի ստիպված էր որդեգրել ցինիկ աշխարհայացք: Հետսովետական մարդը նախապաշարմունքով է վերաբերվում ցանկացած ազատական շարժման. կապ չունի՝ խոսքը քաղաքացիական պայքարի՞, կնոջ իրավունքների՞, կենդանիների պաշտպանությա՞ն, թե՞ նման այլ բաների մասին է: Նա կասկածանքով է վերաբերվում նաև օբյեկտիվ ճշմարտությունների գոյությանը, ինչպես և առհասարակ գիտականությանը: Օրինակ՝ պատմագիտության մասին նրա սիրելի ֆրազն է՝ «Դե գիտե՛ս՝ ինչպես են դա գրում»։ Այստեղ նույնպես նա հիմնականում դավադրություններ է փնտրում: Այս հողի վրա ծաղկում են կեղծ պատմագիտական «գիտությունները»՝ Ֆոմենկոյի «նոր ժամանակագրությունը» Ռուսաստանում, որն ունի իր «հարազատ եղբայրներին» Հայաստանում, Ուկրաինայում և այլուր: Հետաքրքիր է, որ նույնիսկ այնպիսի երևույթների «մերկացումը» որպես դավադրություն, ինչպիսիք են «խոզի գրիպի» համաճարակը կամ կլիմայական փոփոխությունները, համարվում են խոր վերլուծականության դրսևորում հետսովետական տարածքում: Առհասարակ բաց աղբյուրների վրա հիմնված վերլուծականությունը ստորադասվում է փակ «հավաստի աղբյուրներից» ստացված «ինֆոներին», ինչը դառնում է հետսովետական քաղաքական «էզոթերիզմի» հիմք, որը հաճախ ոչ այլ ինչ է, քան երեխայական խաղ: Սա հետսովետական ցինիզմի արտաքին դրսևորումների ոչ ամբողջական ցանկն է ընդամենը: Իսկ երևույթի ենթագիտակցական խորքում ըստ երևույթին ընկած են միանգամից մի քանի բարդույթներ: Մի կողմից դա, ինչպես նշեցի, սովետական իրականությանը հարմարվելու հետևանքներից է, մյուս կողմից՝ չհաղթահարված ստալինիզմի արդյունք: Երրորդ կողմից էլ այստեղ հավանաբար գործ ունենք պարտվողի բարդույթի հետ: Հետսովետական միջին մարդը, ըստ երևույթին, ենթագիտակցորեն չի ընդունում ներկան, իրեն ժամանակից դուրս է դնում: Քանի որ նա իրեն ներկայի սուբյեկտ չի զգում, հակված է ամեն ինչ բացատրել արտաքին ուժերի գործունեությամբ: Իսկ քանի որ այդ ուժերն իր համար անհասկանալի ու անբացատրելի են, նա ընկալում է դրանք որպես չարիք, իսկ գործունեությունը՝ որպես դավադրություն:

Կենցաղային այս աշխարհընկալումը 2000-ականներին ձևավորվեց որպես հետսովետականության «պաշտոնական»՝ «հակաօրանժիզմի» գաղափարախոսություն: Հետաքրքիր է, որ նույնիսկ այնպիսի հեռավոր երկրներում, ինչպիսիք են Մադագասկարը կամ թեկուզ Լիբանանը, տեղի ունեցող դեպքերը ռուսական կայքերում և նրանցից ազդված հայաստանյան բլոգներում նկարագրվում են դավադրության տեսության և «նարնջագույն հեղափոխության» տեսության լույսի ներքո: Սկզբնապես Ուկրաինայի դեպքերի հիման վրա կառուցված այս կեղծ վերլուծական տեսությունը (կեղծ, որովհետև իրադարձությունների հիմքը տեսնում է նախ և առաջ ոչ թե նրանց ներքին պատճառահետևանքային կապի տրամաբանության, այլ արտաքին ուժերի չար կամքի մեջ, որով խախտում է գիտականության հիմնական օրենքը) կարծես դարձել է իրականության բացատրության ունիվերսալ մոդել: Եթե Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքում կարելի է հասկանալ, թե որն է այն շահը, հանուն որի ռուսական վերլուծաբանները պաշտպանում էին գործող վարչակարգերն ընդդեմ հեղափոխականների, ապա արդեն հիշատակված Մադագասկարի դեպքում այդպիսի շահ բացարձակ չի երևում: Այստեղից երևում է, որ գործ ունենք ոչ այնքան ռացիոնալ ձևակերպված քաղաքական շահի, որքան իռացիոնալ գաղափարախոսության հետ, որը վախենում է ցանկացած փոփոխութունից, չի վստահում զանգվածային ցանկացած պայքարի և միշտ հակված է լինել առկա իրականության կողմից: Սա ոչ թե սովորական պահպանողականություն է, այլ պարտվածի իռացիոնալ վախ և ժամանակավրեպ հետադիմականություն:

Հետսովետական ցինիզմի և հակահեղափոխականության խնդիրն այն է, սակայն, որ նա բարդ ու բազմաշերտ է իր ծագման ու դրսևորումների առումով: Ծագման տեսակետից նա հաջողությամբ միաձուլել է ստալինիզմի «էսենցիան» (մաքրված սոցիալիստական հռետորականության մնացուկից) հակասովետական այլախոհության պատմական էվոլյուցիայի հիմնական գաղափարական միտման հետ: Միաժամանակ նա ներգծվեց հետարդիականության համաշխարհային միտման մեջ, որով կարողացավ ձեռք բերել համեմատական կայունություն: 80-ականներին նախկին ԽՍՀՄ տարածքում ծավալված, ըստ էության, հեղափոխական շարժումների ձախողման պատճառների թվում նաև այս գործոնն էր:

Ինչևէ, այսքանով ես ընդամենն ուրվագծեցի մի թեմա, որն ունի դեռևս շատ բաց հարցեր: Հասկանում եմ, որ վերջիններս գուցե ավելի շատ են, քան տրված պատասխանները, բայց այս պահին ավելի ծավալվելը կնշանակեր դուրս գալ հրապարակախոսական ֆորմատից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը