Քաղաքական

27.07.2018 15:18


ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրգործի առիթով

ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրգործի առիթով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Այս մասին ասվում է կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է»,- նշվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակը համարել է սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։

«Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։

Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»,-ասվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը