Կարծիք

26.02.2010 12:35


Հոգեբանական պատերազմը «Օղակ»/«Կոլցո» գործողության և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զարգացման ժամանակ

Հոգեբանական պատերազմը «Օղակ»/«Կոլցո» գործողության և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զարգացման ժամանակ

Հոգեբանական պատերազմը հատուկ կազմակերպված եւ մասնագիտորեն իրականացվող ազդեցությունն է հակառակորդի գիտակցության, զգացմունքների և կամքի վրա՝ քաղաքական նպատակների հասնելու համար։ 20-րդ դարի ընթացքում հոգեբանական պատերազմի նշանակությունն ու ծավալներն աճել են։ Ներկայումս այն դարձել է երկրների, կուսակցությունների, ինչպես նաեւ երկրի ներսում կրոնաէթնիկական և սոցիալ-տնտեսական խմբերի միջև պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Հոգեբանական պատերազմի ներազդեցության ձեւերը բազմազան են: Զարգացմանը զուգ­ընթաց կատարելագործվում են նաեւ հոգեբանական ներազդեցության մեխա­նիզմ­նե­րը, որոնք կիրառվում են բարոյա-քաղաքական միասնությունը խախտելու համար:

Քաղաքականության էությունը' պայքարն Է իշխանության համար։ Իշխանության համար պայքարը, իշխելու եւ ենթարկվելու հարաբերությունների շարժընթացն անկասկած վերաբերում է հասարակական-հոգեբանական  երեւույթների ոլորտին, քանզի միշտ ուղեկցում է մարդկանց՝  միմյանց վրա տարբեր հոգեբանական ազդեցություններ ունենալու համար։

Հոգեբանական ազդեցությունը  մարդկանց (անհատի եւ խմբի) վրա ազդեցությունն է, որն իրականացվում է նրանց գիտակցության եւ ենթագիտակցության գաղափարական եւ հոգեբանական կառուցվածքային փոփոխության նպատակներով, հուզական վիճակների փոխակերպումով, վարքի որոշակի ձեւերի խթանմամբ եւ նոր ձեւերի առաջացմամբ։

«1991թ. մարտի 17-ին Խորհրդային Միության հանրապետություններում անցկացվեց Նոր Պայմանագրով ԽՍՀՄ-ը պահպանելու մասին հանրաքվե, որին Ադրբեջանը մասնակցեց եւ  «այո» ասաց, մինչդեռ Հայաստանը 6 երկրներից մեկն էր, որ բոյկոտեց այն: Փոխարենը' Հայաստանը սեպտեմբերին հայտարարեց Անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Ի պատասխան դրան' նախկին ԽՍՀՄ եւ ադրբեջանական կենտրոնները Ադրբեջանի հայաբնակ վայրերում սկսեցին,  այսպես կոչված, «անձնագրային ռեժիմի ստուգումները»' «Օղակ»/«Կոլցո» գործողությունը: Այսպիսով' 1991թ. ապրիլից մինչեւ նոյեմբեր Լեռնային Ղարաբաղում խորհրդային 4-րդ բանակի եւ Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՕՋ-ի ստորաբաժանումների համատեղ ուժերով իրականացվեց «Օղակ»  պատժիչ գործողությունը: Բռնի տեղահանության ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի Շուշիի, Մարտակերտի, Հադրութի  շրջանների, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակչությունը: Տասնյակ գյուղեր ավերակներ դարձան եւ հարյուրավոր հայեր սպանվեցին»:

Կատարվածը հայտնի իրադարձութուն է: Սակայն, կա մեկ այլ ուշագրավ փաստ. «Օղակ» գործողությունից առաջ (ընթացքում, նաեւ հետո) Խորհրդային լրատվամիջոցները սկսել էին հոգեբանական պատերազմ, գրոհ' անկախացման (ինքնորոշման) իրավունքն օգտագործող ցանկացող ժողովրդին անվանելով «էքստրեմիստներ» (գրոհայիններ), «անջատողականներ»: Այստեղ, հոգեբանական գրոհի էությունը մարտավարության եւ հոգեբանական պաշտպանական մեխանիզմների տեսակետից բավականին պարզ է' պետք է արժեզրկել այն, ինչը պետք է ոչնչացվի, քանզի ագրեսորի կողմից պետք է «պատճառաբանված» լինի իր վարքը: Առհասարակ, «դահիճը» կարիք ունի հրեշացնելու (կա նաեւ հակադարձ հոգեբանական ֆենոմենը' ստորացնելու) իր զոհին, հարկադրելու նրան որեւէ արարք գործելու, որը մոտ լինի իր կատարածին, քանզի հենց այդ է միակ արդարացումը, որ նա կարող է գտնել. կամ էլ, մարտավարությամբ «դահիճին քարոզվում է» «զոհի» վտանգավոր, հրեշավոր լինելը: Ամեն դեպքում պետք է «աղավաղել»'  արժեզրկել կամ ուռճացնել «օբյեկտը»,  որպեսզի հոգեբանորեն հնարավոր լինի ուժ կիրառել:

Հոգեբանական պատերազմում ազդեցության արդյունավետությունը կախված է համոզմունքների, կարծրատիպերի եւ դիրքորոշումների մեխանիզմների փոխակերպումից, այսինքն' կարելի է ասել նաեւ խորհրդանիշների փոխակերպումից: Դրանք հիմնականում ստեղծվում եւ ամրապնդվում են զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ: Սակայն, նույն այդ ստեղծված «հատուկ առաքելություն» հետապնդող կարծրատիպերից զերծ չի մնում նաեւ քաղաքական ընտրանին, որն ակտիվորեն մասնակցել է դրանց ստեղծմանը: Ցանկացած երեւույթ իր նկատմամբ ենթադրում է տարբեր մոտեցումներ, ծայրահեղ վերաբերմունքներ, հուզական հագեցվածությամբ տարբեր բեւեռներ. «Օղակ» գործողության ժամանակահատվածում հայ ժողովուրդն իր «զինվորին» կոչում էր «ազատամարտիկ», եւ նույն երեւույթին ուրիշը վերաբերվում էր հուզական այլ բովանդակությամբ եւ կոչում «գրոհային»: Խորհրդային Միության կառավարության մակարդակով այս քարոզը ոչ միայն իրավիճակային' անմիջական ազդեցություն ունեցավ, այլ նաեւ ենթագիտակցականում որոշակիորեն «լրատվություն» թողեց «հայ գրոհայիններ» կերպարով: Այսպես' 2008թ.-ի հուլիսին հրապարակված ռուսաստանյան ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի' մոսկովյան «Լևադա» կենտրոնի հրապարակած հարցման արդյունքների համաձայն  (այս արդյունքները «Lևադա» կենտրոնի մասնագետները ստացել են 2007 թվականին անցկացված հետազոտությունների ընթացքում) հարցվածների  2%-ը հայերին ընդգրկել է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների ցանկում, 2005-ին'  4% (հայերը տոկոսային մաս ունեն նաեւ Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված պետություն սանդղակում): Իհարկե այդ վերաբերմունքի (թշնամի) հիմքում կլինեն մի շարք պատճառներ, այդ թվում'  ներկայումս Ռուսաստանում հայերի հետ որոշակի հարաբերությունների համատեքստը, Ռուսաստանում ազգայնական տրամադրությունների աճի միտումները, □կովկասյան ազգության ներկայացուցիչ□ կարծրատիպը: 1990-ականներին (ետխորհրդային Ռուսաստանում) ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվում էին ահաբեկչության մասին հաղորդաշարեր, որտեղ չեչենական ահաբեկումների շարքում ցուցադրում էին նաեւ 1976թ.-ի Մոսկվայի մետրոյի պայթյունների հայազգի կատարողներին:  Ազգի հանդեպ թեկուզեւ փոքր տոկոսային հարաբերությամբ արտահայտված թշնամանքի պատճառները կարելի է փնտրել տեւական քարոզվող «թշնամու կերպարի» մեջ: Վաղ ձեւավորված դիրքորոշումների արմատական փոփոխությունները հոգեբանական ազդեցության օգնությամբ բավականին դժվար են: Խնդիրն այն է, որ դիրքորոշումները ձեւավորվում են երկար ժամանակահատվածի ընթացքում, ըստ անձի արժեքային համակարգի' կրում են հաստատուն բնույթ: Դիրքորոշումները ձեւափոխելու համար անհրաժեշտ է անընդմեջ իրականացնել հոգեբանական ազդեցություն, օգտագործել տարբեր համոզիչ փաստարկներ,  տարբեր առիթներով ամրապնդել դրանք,  եւ, ժամանակ առ ժամանակ ուժեղացնել այդ փաստերի համոզիչ լինելը: □Կերպարների կարծրատիպացման օրինակներից մեկը երկրորդ աշխարհամարտի ժամանակ կոնֆլիկտային հարաբերությունների պայմաններում ամերիկացիների կողմից ճապոնացիների ընկալումն էր: Այն բնութագրվում է նրանով, որ ճապոնացին ամերիկացու աչքում կորցրեց իր անհատական գծերը եւ ընկալվում էր որպես «ընդհանրական'  ճապոնացի», այսինքն'  այդ տարիների պատմական իրադարձությունների համատեքստում  որպես միայն թշնամի: Դա հրահրեց ամերիկացիներին համապատասխան «գործողությունների»:

Խորհրդային Միության լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հայ ժողովրդի հակազդումը եղավ այն, որ ձեւավորվեց բացարձակ անվստահություն, անհավատություն  եւ բոյկոտ (օրինակ' «Правда» թերթը ծաղրվում էր, բացասական վերաբերմունք կար «Ժամանակ» («Время») լրատվականի նկատմամբ, միեւնույն ժամանակ ողջ Հայաստանը հետեւում էր դրան' իրազեկվելու, թե ինչպես է աղավաղված իրականությունը):

Նման իրավիճակ, սկսած «Օղակ» գործողությունից մինչեւ թշնամական դիրքորոշումների ու կարծրատիպերի ամրապնդում եւ լրատվական ծառայությունների միակողմանիություն, ապատեղեկատվություն, տեղի ունեցավ վերջերս: 2008թ.-ի նախագահական հետընտրական շրջանում ժողովրդի դժգոհ մեծամասնությունը որպես ընդդիմություն դուրս եկավ Ազատության հրապարակ, որին հաջորդեցին մարտի 1-ի ողբերգական դեպքերը, որը □Օղակ□ տեսակի գործողություն էր: Ուշագրավ է կատարված  փաստը մինչեւ մարտի մեկը. դա կրկին հոգեբանական գրոհի գործածումն էր, նույն 1991թ.-ի ռազմավարությունը: Տարբերությունն այն է, որ 1991թ.-ին պայքար էր ազգային միասնության, անկախության գաղափարախոսության հիմքի վրա, եւ ազգն ադրբեջանցիների կողմից (ռուսների օգնությամբ)  բնութագրվում-«անվանակոչվում» էր բացասական համատեքստում: 2008թ.-ի փետրվարի վերջին գործող իշխանությունները պաշտոնական մակարդակով սեփական ժողովրդի մի ստվար զանգվածի տվեցին «պիտակներ»' «թմրամոլներ», «իրավախախտներ»,  «բոմժեր», «աղավաղվածներ», Ազատության հրապարակն  անվանվեց «Թատերական հրապարակ» (ի դեպ, այս անվանումը Խորհրդային պաշտոնական լրատվամիջոցներով է գործածվել) եւ հետեւեց մարտի 1-ի «ջարդը»: Այսինքն'  տաս օր շարունակ գործող վարչախումբն ակտիվ հոգեբանական գրոհ էր տանում սեփական ժողովրդի դեմ, որպեսզի «թերարժեք» ներկայացնելով' կարողանա համապատասխան գործողություններ իրականացնել: Զուգահեռներ անցկացնելով կտեսնենք, որ Խորհրդային Միության «Ժամանակ» լրատվական ծրագիրը եւ Հայաստանի Հանրապետության «Հայլուր» պաշտոնական լրատվական ծրագիրը գործել են նույն տրամաբանությամբ: Հոգեբանական պատերազմի մեխանիզմը այլ կերպ չի կարող գործել: Եթե իսկապես նշվեր, որ Ազատության հրապարակում կան մարդիկ հասարակության բոլոր շերտերից' արվեստագետներ, գիտնականներ, մտավորականներ, աշխատավորներ, ծառայողներ, առհասարակ' քաղաքացիներ, բնականաբար, համահունչ չէր լինի կազմակերպված «Օղակ» գործողությունըիսկ իրավախախտների եւ թմրամոլների նկատմամբ' արդարացված է:

Հոգեբանական պատերազմում ազդեցության օբյեկտը ժողովուրդն է, եւ հատկապես զինվորականները, ոստիկանները, հատուկ ծառայությունների այն □հատվածը□, որոնք պետք է աջակցեն կամ իրականացնեն գործողությունը: Զինծառայողներն ավելի գաղափարականացված են եւ մշտապես գաղափարահոգեբանական ճնշման են ենթարկվում ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Չնայած հասարակության հետ «հեռակա» շփմանը, այնուամենայնիվ, զինվորը գիտակցաբար եւ ենթագիտակցորեն կրում է «կառույցի» գաղափարախոսությունը: Օրեր շարունակ իրականացվել են գաղափարախոսական աշխատանքներ' ամրապնդելով այն դրույթը, որ Ազատության հրապարակում հանցագործ զանգված է: Դրան գումարվում է ագրեսիայի արհեստականորեն բարձրացման վրա կատարվող աշխատանքներ' հարաբերական «հանգիստ» զինծառայության մեջ մտցնելով «անհանգիստ» վիճակներ' հաճախակի արհեստական ահազանգեր, պահակակետերում միտումնավոր լարվածություն, ցուրտ, որի արդյունքում առկա են ֆիզիկական լարվածությունը,  գերհոգնածությունը, անքնությունը.  այսինքն'  ծառայությունը վերածում են պատերազմող երկրի ծառայողների ֆիզիկական պայմաններին, որ ցանկացած զինվոր «մտածի»իր այս սարսափելի վիճակի պատճառը «այդ մի խումբ իրավախախտներն են»: «Կոնֆլիկտային իրավիճակներում  առաջանում են խմբային նույնականացման եւ խմբային ձուլվածության ֆենոմեններ (յուրայիններ-օտարներ): Դա նշանակում է, որ կոնֆլիկտող յուրաքանչյուր կողմ  իր հուզական հակազդումներում, ձգտումներում եւ մտահանգումներում դառնում է մեկ ամբողջական, եւ նրա անդամները կոնֆլիկտն ընկալում են իրենց խմբում գոյություն ունեցող գնահատականներով եւ նորմերով: Խմբի ներսում ձեւավորվում է հոգեբանական շփում, վերանում են սոցիալական շերտի տարբերությունները: Խմբի ներսում մեծանում է ինքնագնահատականը, բարձրանում է իր նշանակալիությունը: Խումբը վարքային մակարդակում հանդիսանում է որպես պաշտպան»:

Նույն մարտավարությունը' հոգեբանական գրոհը, գործում է հետմարտիմեկյան ժամանակահատվածում, երբ պաշտոնական լրատվամիջոցները կատարվածը պարբերաբար անվանում են «մարտի 1-ի զանգվածային անկարգություններ», որից ենթադրվում է, որ դատական համակարգում ունեն կազմակերպված անկարգության «մեղավորներ», և ոչ թե այլախոհության համար ձերբակալվածներ:

Այսպիսով, Խորհրդային Միության քարոզչամեքենային հատուկ ոճը, հոգեբանական գրոհի մարտավարությունն արդի է և ժառանգված, ինչպես ռեժիմի շարունակությունը: 1991թ.-ին ստեղծված □գրոհային հայի□ թշնամու կերպարը մարդկանց ենթագիտակցականում գոյություն ունի, թեկուզ դադարել է քարոզչամեքենայի նման գործունեությունը եւ գուցե մոռացվել են կոնկրետ «պիտակները», սակայն բացասական երանգները պահպանվում են, հատկապես, որ աշխարհաքաղաքական դիրքով զուգորդվում (ասոցացվում) են մյուս կովկասյան ազգերի հետ, որոնք անմիջապես խնդիր ունեն ռուսական շահերի հետ: Երբեմն զուգորդվածությունն այնպիսին է, որ շատերը հայերին նույնիսկ համարում են մուսուլմանական կրոնի հետեւորդներ: Հայաստանում նմանատիպ քարոզչական աշխատանքները նույն ազգի հանդեպ առավել վտանգավոր են, առանց այդ էլ «հայը պակասություն չի զգում» իր ազգին ծայրահեղորեն վերաբերվելու' գերագնահատելու կամ թերագնահատելու, իսկ ազգի մեջ «թշնամու կերպար» ստեղծելով' խաթարվում է սոցիալ-հոգեբանական հավասարակշռությունը եւ ձուլվելու փոխարեն ենթագիտակցորեն միտում է առաջանում պառակտվելու (յուրաքանչյուր հայ կձգտի խեղաթյուրված կերպարի հետ միաձուլումից դուրս գալու«ազատվելու»' չկարեւորելով  ով, երբ, ինչի համար, ում մասին եւ ինչ պայմաններում է «տվել բացասական պիտակներ»):

Ազգը նման է մեկ առանձին անձի. նա թույլ է եւ կարող է պարտվել, երբ չունի հոգեկան հավասարակշռվածություն, ներքին կոնֆլիկտները գերիշխում են եւ չի կարողանում բռնել «հասունացման» ուղին, ժամանակին չի կարողանում փոխհատուցել բարդույթները, որոնք մնում են հիմնական, կարծրանում են եւ նեղացնում ընկալումը' դարձնելով այն խիստ սուբյեկտիվ, հետեւաբար  ճիշտ չի կարողանում գնահատել իր արժեքներն ու դիրքերը, որից էլ կրկին առաջանում են ներքին եւ արտաքին կոնֆլիկտներ:

Երբ Աստված ուզում է պատժել մարդուն՝ զրկում է բանականությունից: Երբ Աստված ուզում է պատժել ազգին՝  «զրկում» է մտավորական ընտրանուց:

    Արմինե Ղազարյան

                                                    Ռազմավարական  և ազգային հետազոտությունների

                                                                                   հայկական կենտրոնի  փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը