Կարծիք

23.07.2018 11:23


Մի՛ շահարկեք «շահարկումները»

Մի՛ շահարկեք «շահարկումները»

«Գիտեմ, որ շատերիդ դուր չի գա, բայց պիտի ասեմ։ Այնքան են շահարկում Արցախի ազատամարտին մասնակցած լինելը, որ հակակրանք են առաջացնում։ Մի փչացրեք մեր պատմության քիչ հաղթական էջերից մեկը։ Հոգնեցնում եք արդեն։ Ինքնակամ մեկնել եք ջակատ, որ պատերազմից հետո ծնված սերնդին երեսով տա՞ք։ Արժեզրկում եք ամեն ինչ, բավական է»։

Այս գրառումը հանդիպեցի ֆեյսի ընկերներիցս մեկի էջում: Վստահ չեմ, որ կոնկրետ այս գրառումը վերջին շրջանում հայոց ռազմական խավի դեմ նկատվող քարոզչական հարձակման դրսևորումներից է, բայց, այնուամենայնիվ, չուզեցի անպատասխան թողնել:

Ուրեմն ասեմ, որ Արցախյան պատերազմին կամավոր կերպով մասնակցած հայոց ռազմական խավից, որը հաշվում է հազարներով, շատ քիչ մասն է շահարկել իր մասնակցությունը: Դեռ մի կողմ թողնենք այն հարցը թե այդ շահարկողները արդյոք մասնակցե՞լ են, թե՞ ոչ: Մեր պետության կայացման առաջին օրերից հենց ռազմական խավն է, որ բացի մտավոր, նյութական ռեսուրսներից՝ զոհասեղանին է դրել կյանքը: Առանց այդ զոհողության՝ կոնկրետ այդ ժամանակաշրջանում և տարածաշրջանում հայկական պետություն չէր լինի:

Շատերին թվում է, որ եթե հիմա Գորիսը մերն է, Ստեփանակերտը մերն է, Երևանը մերն է ու ինքն էլ էդ Երևանում նստած հանգիստ ստատուս է գրում, հենց ըտենց էլ պետք է լիներ, բայց ըտենց չի: Եթե կասկածողներ կան, թող մի հատ Աղդամի կողմերով անցնեն ու տեսնեն երբեմնի Ադրբեջանի մեծությամբ 3-րդ քաղաքի վիճակը: Աղդամի տեղը կարող էր հանգիստ, ասենք, Գորիսը լիներ ու հիմա մերը չլիներ:

Հայաստանի քաղաքական հին և նոր գործիչների մի հսկայական մասի կարծիքով՝ եթե իրենց «քաղաքական միտքը» չլիներ, մենք չէինք լինի: Բիզնես ներկայացուցիչների մի մեծ մասի կարծիքով՝ ազգին իրենք են պահում: Կան նաև էնպիսիները, որ եթե հանկարծ մասնակցում են ինչ-որ քաղաքացիական ակցիայի ու կողքից էլ լսում են «դիսկուրս» բառը, հետները խոսալ չի լինում: Դե տարաբնույթ փորձագետների առումով էլ չասեմ:

Հայոց ռազմական խավը նույնիսկ նորմալ սոցիալական պաշտպանության տակ չի առնվել, բայց ամենաքիչն է այդ մասին խոսացել: Ես չեմ ուզում քաղաքական, բիզնես և կամ ռազմական խավին իրար հակադրեմ և կամ մեկի դերը մյուսի հաշվին թերագնահատեմ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ հայոց մեջ իրենց կարգավիճակի շահարկման կամ վիպենդրյոշի առումով այս եղածներից ռազմախավը ամենավերջինն է: Ախպոր պես, մի՛ շահարկեք «շահարկումները»:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը