Քաղաքական

22.07.2018 21:52


Նախարար․ «Ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ»

Նախարար․ «Ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ»

Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հուլիսի 22-ին հենց Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել ՀՀպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

«102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ-ի հետ` ճանապարհները, բոլորը, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։ Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,–«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ սխալ կա թույլ տրված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։ Տոնոյանի խոսքով` նմանօրինակ միջոցառումների մեծ քանակությունը երբեմն ստիպում է առօրյա աշխատանքի վրա ուշադրություն չդարձնել։

«Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օրառաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»,–փակ խորհրդակցությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց նախարարը և փաստեց, որ ռուսական կողմն իրենց սխալն ընդունել է, ներողություն է խնդրել։

Այս խորագրի վերջին նյութերը