Քաղաքական

18.07.2018 13:49


Պավել Մանուկյան․ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողն Արմեն Բիլյանը չէ, այլ` Էդվարդ Գրիգորյանը

Պավել Մանուկյան․ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողն Արմեն Բիլյանը չէ, այլ` Էդվարդ Գրիգորյանը

Tert.am-ը հայտնում է, որ ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստի Պավել Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Նա հայտնեց, որ սխալ մեղադրանք է առաջադրվել, ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ:

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»,-ասաց Պավել Մանուկյանը:

Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Այնուհետև Պավել Մանուկյանն անդրադարձավ ՊՊԾ գնդի տարածքում տեղադրված բանկոմատը բացելուն, որի համար կրկին մեղադրվում է Արմեն Բիլյանը:

Նա ասել է, որ բանկոմատի գրոհի հեղինակը ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն է:

Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանն ազատվել է կալանքից, Մխիթար Ավետիսյանը՝ ևս, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ:

«Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,-ասաց Պավել Մանուկյանը:

Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց, որ դա Պավել Մանուկյանի հայտարարությունն է, ոչ թե իրենց միասնական հայտարարությունը:

Դատական նիստը հետաձգվեց:

Էդվարդ Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պավել Մանուկյանի հայտարարությանը, ասաց. «Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»։

Հարցին, թե ինչից ելնելով է, որ Պավել Մանուկյանը հիմա է հանդես գալիս նման հայտարարությամբ, Երվանդ Վարոսյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել. «Բացարձակ անհասկանալի է»։

Այս խորագրի վերջին նյութերը