Լրահոս

25.02.2010 14:30


Մտավորական. «Ես Լևոնի հետևից չեմ գնա, որովհետև երկրի ողջ չարիքի հիմքն իր ժամանակներից է գալիս»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրաքննադատ Լիլիթ Արզումանյանը, խոսելով ընդդիմադիր մտավորականի կեցվածքի մասին, ասել է, թե ընդդիմադիր լինելը չի նշանակում լինել այսօրվա ընդդիմության շարքերում։

-Իմ ուղեղը չի պատկերացնում, թե ես ինչպես կարող եմ այսօրվա ընդդիմության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից գնալ։ Մեր պետության մեջ առկա այս ամբողջ չարիքն սկսվել է այնտեղից։ Ինձ համար աբսուրդ է լինել նրա կողքին, բայց իմ էությամբ ընդդիմադիր եմ։ Մտավորականը չի կարող համաձայնել այն ամենի հետ, ինչ որ կա ու կատարվում է մեր երկրում. դա անհնար է, բայց դա նաև չի նշանակում, որ պետք է գնա ընդդիմության հետևից,-նշել է նա։

Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ անհատի ձայնը հասանելի դառնա, եթե նա ընդդիմության շարքերում է, նա պատասխանել է՝ այո։

-Ինչո՞ւ ես մենակ պետք է «Լևո՛ն» գոռալով իմ ձայնը տեղ հասցնեմ։ Ես էլ գիրք եմ գրում, որի կեսը հրապարակախոսությունն է։ Ուրիշ ի՞նչ կարող եմ անել։ Հաղորդաշար ունեի, փակվեց։ Ես դեկտեմբերի 7-ի վերաբերյալ հաղորդում եմ տվել և այնպիսի նախադասություններ ասել, որ չեմ կարծում, թե ընդդիմադիր մեկը նման այլանդակ ձևով կխոսեր, բայց այսօր ընդդիմության մեջ չեմ, դե հիմա համարեք, որ սխալ եմ,-նշել է  Լիլիթ Արզումանյանը։

Նրա խոսքերով՝ այսօրվա ընդդիմությունն իր համար անընդունելի է։

-Ես Լևոնի հետևից չեմ գնա։ Ողջ չարիքի հիմքն այնտեղից է գալիս։ Մի բան ասեք, որի հիմքն այնտեղից չի գալիս։ Ինչպե՞ս գնամ գոռամ. հո մանկո՞ւրտ չենք։ Խոսում ենք հիշողությունների մասին։ Մենք 10 տարվա հիշողություն չունենք, ի՞նչ պատմական հիշողության մասին է խոսքը,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը