Լրահոս

17.07.2018 18:47


Մշակույթի ոլորտն օրենք չունի. գործում է սուբյեկտիվը, կրիմինալը (լուսանկար)

Մշակույթի ոլորտն օրենք չունի. գործում է սուբյեկտիվը, կրիմինալը (լուսանկար)

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում այս շաբաթ տեղի ունեցած հանդիպում-քննարկումը «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով էր: Նախաձեռնության անդամներից բացի՝ մասնակիցների թվում էին գրականության, թատրոնի, երաժշտության, պարարվեստի գործիչներ և արվեստասերներ: Մշակույթի ոլորտի խնդիրների բարձրաձայնումը, տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ քննարկումն այն հիմքն է, որի վրա, ինչպես նշեցին հյուրերը, կարող են ծնվել ոլորտի բարեփոխման՝ առավել հղկված առաջարկներ՝ հետագայում օժանդակելով համակարգի կայացմանը, որը պիտի սկսվի մշակույթի մասին օրենք ընդունելուց:

Մեր երկրի անկախացումից ի վեր մշակույթի ոլորտի համակարգումը, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանի դիտարկմամբ, որևէ ձևով չի արտահայտվում. «Բոլորս հստակ պատկերացնում ենք՝ ինչ ֆունկցիա ունի ֆինանսների նախարարությունը, մյուս նախարարությունները, սակայն քսանհինգ տարի է չգիտենք՝ ինչով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը: Մենք բոլորս ունենք մեր պատկերացումները, բայց կուզեի հասկանալ՝ ինչու չենք տեսնում, թե ինչով է զբաղվում այն»:

Ըստ երգիչ, երգահան Վահան Արծրունու՝ միակ լծակը, որով պետությունն առնչվում է մշակութային դաշտին, այս դաշտը երկատելն է՝ տարանջատելով իրարից հաստիքային-պետական աշխատողին և ազատ ստեղծագործողին, որին չեն նկատել, որով չեն զբաղվել և չեն զբաղվում: «Հիմա մշակույթի նախարարությունը դիտարկում դաշտի պետական կառույցները՝ մայր թատրոն, պետական թատրոններ, և այլն, և բյուջեն բաշխում է այդ վեկտորներով: Եթե տարվա ընթացքում լավ է բաշխում, տարվա վերջում աշխատանքը բարձր է գնահատվում: Եվ սա գործում է օրենքի բացակայության պայմաններում. օրենք չկա: Մշակույթի նախարարությունն էլ օրենքի բացակայությունն օգտագործում է իր օգտին՝ բաժանելով դաշտը յուրայինների և ոչ յուրայինների, տալով գնահատականներ՝ դու ավելի մշակութային ես, դու՝ ոչ, կամ ես քեզ սիրում եմ, քեզ տալիս եմ: Եվ դրա կրիմինալ դրսևորումը՝ դու ինձ տալիս ես ապտակ կամ չես տալիս: Սա լայն հնարավորություններ է ադմինիստրացիայի համար»:

Երգիչ, երգահան, գրող Արսեն Համբարյանի դիտարկմամբ մշակույթի նախարարությունը պիտի լինի մենեջերական կազմակերպություն. այստեղ մասնագետներ պիտի լինեն, որ պիտի կարողանան տեսնել, թե որ արվեստն է, որ պետության, ժողովրդի հեղինակությունը բարձրացնում է, և օժանդակեն, որ հեղինակը ոչ թե պատվիրված երգ, բեմադրություն անի, այլ կարողանա իր մտահղացումը իրականացնել: «Մեր երկրում արտադրվող ամեն բանի՝ նյութական և ոչ նյութական արտադրանքի համար պետությունը ոչ թե պետք է մտածի՝ ինչպես հարկել, այլ պետք է հնարավորություն տա հանգիստ աշխատել, և նպաստի, որ դա զարգանա, ավելի լայն շուկաներ ձեռք բերի»,-նշեց Համբարյանը: Նրա խոսքով՝ պետությունից անկախ պետք է զարգանան մշակույթի մենեջարական այլ ընկերություններ, սակայն պետական կառույցը պիտի իրականացնի այդ գործունեությունը որոշակի ազգային-գաղափարախոսական շրջանակում: «Եթե նա կարողանա դրանով ճիշտ զբաղվել, ապա արվեստագետն անպայման օգուտ կբերի նաև պետությանը»,- ասաց Համբարյանը:

Հանդիպման մասնակիցները համամիտ էին, որ հարկ է ստեղծել օրենսդրական դաշտ՝ հնարավորություն տալով բոլոր ստեղծագործողներին իրենց գործերով ներկայանալ հանրությանը: «Այդ ադմինիստրատիվ կառույցները գոյություն ունեն հենց դրա համար, որպեսզի մարդը՝ քանդակագործը, նկարիչը, երաժիշտը, կարողանա իր ստեղծածը հանել ցուցադրության»,-ասաց հեղինակ, կատարող Արմինե Հայրապետյանը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը ներգրավում է մարդկանց, ովքեր ակտիվ են, գիտակից ու պատասխանատու: Սա հարթակ է մարդկանց համար, ովքեր ունեն ասելիք և կամք, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական ու քաղաքացիական ներուժը ներդնել բարեփոխումների գործընթացում: Նախաձեռնությունը բաց է ամենատարբեր տեսակետներն ու մոտեցումները ունեցող հետաքրքիր մարդկանց համար:

Այս խորագրի վերջին նյութերը