Քաղաքական

15.07.2018 22:19


Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն, օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների՝ այդ թվում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, արտահայտելով իր կարծիքն, մասնավորապես ասել էր հետևյալը. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Կ. Փաշոյանի արտահայտած այս միտքը սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել:

Թեմայի շուրջ «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների անունները շարունակ հիշատակելը կարո՞ղ է համարվել շահարկում և արդյո՞ք նրանց կատարածը գիտակցված անձնազոհություն չէր, ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշել է, որ 2016թ. ապրիլյան քառօրյան մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձություն լինելով հանդերձ, միաժամանակ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր:
«Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսևորելով ոգու և գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլև բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել և պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ նաև Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,-ասել է Լ. Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը