Քաղաքական

14.07.2018 16:16


Ջիլ գյուղում խուճապային տրամադրություն չկա

Ջիլ գյուղում խուճապային տրամադրություն չկա

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ գյուղում երկու օր առաջ թշնամու կողմից արձակված գնդացրային կրակահերթից հետո իրավիճակն այս պահին մնում է հանգիստ, բնակչության տրամադրությունը՝ ոչ խուճապային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի Ջիլ գյուղի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը, թշնամու կրակահերթը տեւել է մոտ 10 րոպե: Այն արձակվել է 3 անգամ, գյուղի կենտրոնի եւ հարակից տների ու այգիների ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել, կրակոցներից տնտեսությունները վնասներ չեն կրել:

«Այս տարվա հուլիսի 5-ին եւս թշնամին Ջիլի ուղղությամբ կրակահերթ արձակել է, բայց ավելի կարճատեւ ժամանակով: Թշնամու ակտիվացումը մեզ ստիպում է զգուշանալ, պահպանել շուրջօրյա զգոնություն, սակայն ոչ մեկս էլ խուճապի մեջ չենք, քանի որ ապրում ենք սահմանում, ու թշնամու սպառնալիքներին դիմակայելը մեզ համար վաղուց սովորական բան է դարձել: Մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, կատարում են խոտի բերքահավաքի, ոռոգման, հանրային նշանակության այլ աշխատանքներ»,-ներկայացրեց Միքայել Ղարիբյանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանն էլ հավաստեց, որ իրավապահ մարմինները Ջիլում կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, եւ փաստի առթիվ հարուցել քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը