Քաղաքական

14.07.2018 09:57


Ջրային կոմիտեի նոր նախագահի հարազատների հայկական, ուկրաինական, բուլղարական ընկերություններն ու անշարժ գույքը

Ջրային կոմիտեի նոր նախագահի հարազատների հայկական, ուկրաինական, բուլղարական ընկերություններն ու անշարժ գույքը

Հետք-ը գրում է․ Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում, նրանք ընկերություններ ունեն Հայաստանում, Ուկրաինայում եւ Բուլղարիայում, այս վերջին երկրում՝ նաեւ անշարժ գույք:

Վարչապետ Փաշինյանի՝ հուլիսի 10-ի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը: Հիշեցնենք, որ կոմիտեի նախորդ նախագահը՝ Արսեն Հարությունյանը, իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից հունիսի 6-ին: Հարությունյանը ոլորտը ղեկավարում էր 2016-ից: Նա այս պաշտոնում նշանակվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն, համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի, ապրիլի 9-ից կոչվում է ջրային կոմիտե, սակայն մինչ օրս նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվում է հին ձեւը:

Ի տարբերություն Ա. Հարությունյանի, որն իր կարիերայի մեծ մասն աշխատել էր գազամատակարարման եւ սպասարկման համակարգում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ), Ի. Գաբայանը հիդրոէներգետիկայի ոլորտից է:

«Հիդրոէներգետիկա». ընտանեկան բիզնես

Նորանշանակ պաշտոնյայի ամուսինը՝ Գրիգոր Գաբայանը, երեւանյան «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը մասնագիտացած է հիդրոէլեկտրակայանների շինարարության, այդ ոլորտում խորհրդատվության, հետազոտության եւ մոնիտորինգի մեջ: ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995-ին:

Առաջին հիմնադիրներից մեկը եղել է Գրիգոր Գաբայանի հայրը՝ Սարգիս Գաբայանը, մյուսը՝ Հովհաննես Թոքմաջյանը, ով 1995-1996թթ. եղել է ԳՆ ջրային տնտեսության վարչության պետ, 1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր, ղեկավարել է Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը, 2006-2013թթ. եղել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, 2014-2015-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ 2016-ից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորը, 2013-ից Երեւանի ավագանու անդամ է ՀՀԿ-ից:

2008-ից «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի միակ մասնակիցը Գրիգոր Գաբայանն է, որը 2005-2008 թթ. նաեւ ընկերության տնօրենն էր: 2008-2016-ին ՍՊԸ-ն ղեկավարել է նրա կինը՝ Ինեսսա Գաբայանը, իսկ 2016-ից տնօրենը նրանց որդին է՝ Սարգիս Գաբայանը: Կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է:

Ըստ ընկերության կայքի՝ «Հիդրոէներգետիկան» տարբեր տեսակի աշխատանքներ է կատարել ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում, Սիրիայում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում:

«Հիդրոէներգետիկան» Գաբայանների միակ ընկերությունը չէ:

«Սեդվի Էներգո». ձախողված ծրագիր

2009-ին Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում հիմնադրվել է «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են եղել Գաբայանների փեսան՝ Երվանդ Մարկոսյանը, Կաճաճկուտի հարեւան Աքորի գյուղի ղեկավար Կամո Սիմոնյանի կինը՝ Գրետա Մկրտչյանը, եւ ՀԱԿ վարչության անդամ Սարգիս Թամազյանի որդի Հարություն Թամազյանը: Հետագայում ընկերության մեջ ներգրավվել է ամերիկյան «Հելլեսդոն» ՍՊԸ-ն՝ գրանցված ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Ներկայում ՍՊԸ-ի 87,3 տոկոսը պատկանում է Սարգիս Գաբայանին, 5,7 տոկոսը՝ Կամո Սիմոնյանին, իսկ 7 տոկոսը՝ տնօրեն Արսեն Գալստյանին: Կանոնադրական կապիտալը 500 հազար դրամ է:

Այս ընկերության մասին «Հետքը» շատ է գրել. ՍՊԸ-ն ժամանակին նախատեսում էր երկու փոքր հէկ («Սեդվի-1», «Սեդվի-2») կառուցել Դեբեդի վտակ Կաճաճկուտի վրա, սակայն հետո որոշել էր բավարարվել մեկով: Այդուհանդերձ, այս ծրագիրը կյանքի չկոչվեց: Եթե Կաճաճկուտ եւ Աքորի գյուղերի բնակիչները համաձայն էին ծրագրին, ապա դրանց հարեւան Հագվիի գյուղացիները դեմ էին արտահայտվել՝ պնդելով, որ իրենց խիստ անհրաժեշտ է գետի ջուրը, որը փորձում է վերցնել ընկերությունը: Օրերս «Հետքի» թղթակցի հետ զրույցում Սարգիս Գաբայանը հայտնել է, որ այս պահին հէկ կառուցելու միտք չունեն, բայց չի թաքցրել, որ ծրագրից չեն հրաժարվել. «Այս պահի դրությամբ հէկ կառուցելու մտադրություն չկա: Դա պայքար է: Ժողովուրդը էս պահի դրությամբ հէկ կառուցելու մասին չի ուզում լսել, վաղը կուզենա լսել: Ես դա չեմ բացառում»:

Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերության գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է: Սա, թերեւս, ձախողված ծրագրի հետեւանքն է:

Սարգիս Գաբայանի անունը, ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն, առկա է այլ ընկերություններում եւս:

Այլ ընկերություններ

Դրանցից մեկը 2003-ին Սյունիքի Աղիտու գյուղում գրանցված «Միեզերք» ՍՊԸ-ն է, որտեղ Գաբայանը 2009-2014թթ. տնօրեն է եղել, ընկերությունն էլ հիմնադրել է վերոնշյալ Արսեն Գալստյանը, հետագայում մասնակիցներից մեկը դարձել է ամերիկյան «Հելլեսդոնը»: «Միեզերքը» շահագործում է «Իշխանասար» փոքր հէկը Որոտանի վրա: Գրիգոր Գաբայանի անունը եւս առնչություն ունի ընկերության հետ:

«Իշխանասար» փհէկի շենքը (լուսանկարը՝ Լեւոն Գալստյանի. ecolur.org)

2004-ին էլ Ս. Գաբայանը մայրաքաղաքի Նալբանդյան փողոցի այն հասցեում, որտեղ հաշվառված են ծնողներն ու քույրը, հիմնադրել է «Ֆուլ Տրաստ» ՍՊԸ-ն: Վերջինս, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով: Ընկերության հետ առնչվում է նաեւ Արսեն Գալստյանի անունը, որը, փաստորեն, Գաբայանների գործընկերն է:

2011-ին Սարգիս Գաբայանն ու Լեւոն Հարությունյանը հիմնել են «Էդ.Գրիգ շին» ՍՊԸ-ն: Հետագայում երկուսն էլ դուրս են եկել ընկերությունից: ՊԵԿ-ի տվյալներով՝ Սիսիանում գրանցված ՍՊԸ-ի գործունեության տեսակը ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներն են:

Ջրային կոմիտեի նոր ղեկավարի որդու անունը կապվում է նաեւ շինարարություն իրականացնող «Կոտայ-հիդրո» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունը ստեղծվել է 1995-ին, գրանցված է Երեւանի Արմենակյան փողոցի նույն շենքում, որտեղ հաշվառված է ոչ միայն Ս. Գաբայանը, այլեւ Հովհ. Թոքմաջյանը: Վերջինս նույնպես առնչություն ունի ՓԲԸ-ի հետ: Այս հասցեում է գործում նաեւ Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը: Ս. Գաբայանի հետ կապված եւս մի ընկերություն՝ 2007-ին ստեղծված «Գաբրո-Դիորիտ» ՍՊԸ-ն (գործունեությունը՝ շինաշխատանքներ), սնանկացել է ու լուծարվել:

2013-ին Գաբայանների դուստրը՝ Շուշան Գաբայանը, Երեւանի Ուլնեցու փողոցի այն հասցեում, որտեղ հաշվառված է ամուսինը, հիմնել է «Էյ ընդ Էյջ» ՍՊԸ-ն, որի գործունեության տեսակ է նշվել հագուստի մանրածախ առեւտուրը: Ներկայում ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, ժամանակավորապես չի գործում:

Գաբայանների ուկրաինական ձեռնարկությունները

«Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի կայքում նշված է, որ ընկերությունը դուստր ձեռնարկություն ունի Ուկրաինայում, որը ոչ միայն խորհրդատվական, ինժեներական ծառայություններ է մատուցում, այլեւ փոքր ու միջին հէկերի համար մատակարարում է սարքավորումներ:

Ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ Գրիգոր եւ Սարգիս Գաբայանները ընկերություններ ունեն այս երկրում:

2010-ին Կիեւի մարզի Բելայա Ցերկով քաղաքում հիմնադրվել է «Հիդրո-Ինվեստ» ՍՊԸ-ն, որի հիմնական գործունեությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է: Ըստ ռեգիստրի՝ այս ընկերության վերջնական շահառուները հայկական «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն եւ դրա սեփականատեր Գ. Գաբայանն են: Տնօրենը Սերգեյ Իլյինն է: Կանոնադրական կապիտալը 30 հազար գրիվնա է կամ 550 հազար դրամ: Ընկերության գրանցման հասցեում գործում է «Սինեվո» բժշկական լաբորատորիան:

Գ. Գաբայանը մասնակցություն ունի նաեւ 2014-ին ուկրաինական Պոլտավա քաղաքում հիմնադրված «Պոլտավա Հիդրո» ՍՊԸ-ում, որը, ինչպես եւ «Հիդրո-Ինվեստը», առաջնահերթ զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրմամբ: 1000 գրիվնա (18 հազ. դրամ) կանոնադրական կապիտալով ընկերության 72 տոկոսը պատկանում է Գաբայանին, 19 տոկոսը՝ Կիեւի մարզի Իրպեն քաղաքի բնակչուհի Օլենա Վովկին, 8 տոկոսը՝ կիեւցի Աշոտ Պետրոսյանին, իսկ 1 տոկոսը՝ պոլտավացի Վադիմ Իվանենկոյին, որը նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է:

Անցյալ տարվա նոյեմբերին ուկրաինական մամուլը գրեց, որ Պոլտավայի մարզի Սուպրունովկա գյուղի կեղտաջրերի մաքրման կայանում կառուցվում է 195 կՎտ հզորությամբ միկրոհէկ, որը չունի նախադեպը Ուկրաինայում: Հէկն ամեն օր արտադրելու է մինչեւ 3400 կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ օգտագործելով մաքրման կայանից դուրս եկած ջրերը: Ըստ մամուլի՝ պիլոտային ծրագիրը մեկնարկել էր դեռ 2014-ին. նախագծմանն ու շինարարությանը որպես ներդրող ներգրավվել էր հայկական «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն: Իսկ որպես շինարարության պատվիրատու նշվել է «Պոլտա Հիդրո» ընկերությունը:

Վերջինիս սեփականատերերից Աշոտ Պետրոսյանն ունի ինժինիրինգով եւ էլեկտրաէներգիայի արտադրմամբ զբաղվող եւս 3 ընկերություն: Դրանցից «Հիդրոբուդ Լթդ» ՍՊԸ-ն գրանցված է Կիեւի այն նույն հասցեում, ինչ Սարգիս Գաբայանի «Սարաշ Ստրոյ» ՍՊԸ-ն (ըստ էության, անվանումը ծագել է Սարգիս եւ Աշոտ անուններից), որը ստեղծվել է 2013-ին: Այսինքն՝ Աշոտ Պետրոսյանը Գաբայանների գործընկերն է:

Նշված երկու ընկերություններն էլ հիմնականում զբաղվում են ինժինիրինգով, երկրաբանությամբ եւ գեոդեզիայով, այս ոլորտներում խորհրդատվական ծառայություններով: «Սարաշ Ստրոյի» կանոնադրական կապիտալը 1000 գրիվնա է, որի 99 տոկոսը պատկանում է Ս. Գաբայանին, իսկ 1 տոկոսը՝ տնօրեն Դենիս Կրիվենկոյին, ով Կիեւի բնակիչ է:

Բուլղարական բիզնեսն ու բնակարանը

Գրիգոր եւ Սարգիս Գաբայանները Արիստակես Քարտաշյանի հետ «Ինտեկ 04» անունով ՍՊԸ ունեն Բուլղարիայում: Քարտաշյանը Գ. Գաբայանի քրոջ ամուսինն է, հաշվառված է Երեւանում: Ընկերության տնօրենը Գ. Գաբայանն է: Գործունեության տեսակները բազմազան են՝ հյուրանոցային, ռեստորանային, զբոսաշրջային ծառայություններ, նախագծում եւ շինարարություն, մանրամեծածախ առեւտուր, անշարժ գույքի գործարքներ, ապրանքների ներկրում եւ արտահանում, գյուղատնտեսական ապրանքների արտադրություն եւ վաճառք: ՍՊԸ-ի հասցեն Վառնայից ոչ հեռու գտնվող Բալչիկ քաղաքի Օվչարովսկի պլաժ ամառանոցային թաղամասն է, որը գտնվում է Սեւ ծովի ափին:

Գրիգոր, Սարգիս եւ Շուշան Գաբայանները նաեւ բնակարան ունեն սեւծովյան հայտնի Արեւային ափ հանգստվայրի (մտնում է Նեսեբր քաղաքի մեջ) «River Park» հյուրանոցում:

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը