Հարցազրույց

24.02.2010 19:47


Ռուստամ Գասպարյան

Ռուստամ Գասպարյան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ

-Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, և դրան հաջորդի նաև վավերացման գործընթացը մեր խորհրդարանում, Դուք ինչպե՞ս կքվեարկեք:

-Անկախ նրանից, թե Թուրքիան ինչ դիրքորոշում կունենա, կվավերացնի, թե ոչ, ես միշտ դեմ եմ եղել հայ-թուրքական սահմանների բացմանը: Միանշանակ դեմ եմ քվեարկելու արձանագրություններին, քանի որ դրա մեջ լուրջ վտանգներ եմ տեսնում: Սա Թուրքիայի կողմից ստեղծվող շոու է: Հաստատ համոզված եմ, որ եթե սահմանը բացվի, ապա դա երկար չի տևելու: Նրանք միշտ էլ առիթ կգտնեն փակելու: Թուրքիան, այսպիսով, աշխարհին ուզում է ցույց տալ, որ դիվանագիտական խնդիրներ է լուծում տարածաշրջանում:

-Ասացիք, որ վտանգներ եք տեսնում սահմանի բացման պարագայում: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այդ վտանգները:

-Բոլորիս հայտնի է, որ Թուրքիայում տարին երկու անգամ է բերքը հասնում, և ավելի էժան է, քան մեր հանրապետությունում։ Գյուղատնտեսությանը դա միանշանակ հարվածելու է: Կա նաև ամենամեծ վտանգը, որի մասին ընդհանրապես չի խոսվում, դա քրդական շարժման վտանգն է, որը կտեղափոխվի Հայաստան, կղեկավարվի Հայաստանից: Բոլորս էլ գիտենք Թուրքիայի դիվանագիտությունը, նրան ինչ է պետք, որ աշխարհին ներկայացնի, թե Հայաստանն ահաբեկիչներ է թաքցնում և այլն: Սահմանի բացման պարագայում մեր անվտանգությունն ապահովված չի լինի:

-Ձեր մտահոգության մասին ինչ-որ տեղ արտահայտե՞լ եք:

-Որտեղ որ առիթ եղել է խոսելու, ելույթ ունենալու, ես իմ խոսքն ասել եմ: Հիմա էլ այն արտահայտում եմ նաև ձեր կայքի միջոցով:

-Ազա՞տ եք լինելու  Ձեր քվեարկելու հարցում, եթե ...

-Եթե հանրապետության ռազմավարությանը վերաբերող լուրջ հարցեր կան քննարկելու, իհարկե, մեր խմբակցությունում քննարկվում են դրանք, իսկ ընդհնարապես մեզ մոտ ազատ է քվեարկությունը, յուրաքանչյուրն ունի իր կամքը, իր տեսակետը:

-Ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում՝ սկսած դրանց նախաստորագրումից մինչև այս պահը:

-Եթե սահմանի բացմանը դեմ եմ, նաև հարաբերություններ չեն կարող լինել առանց սահմանը բացվելու: Եթե Թուրքիան ազնիվ կխաղա մեզ հետ, ինչը բացառվում է, միանշանակ կողմ կլինեմ:

-Հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությունը։

-Ես իմ կաշվի վրա եմ զգացել պատերազմը, իմ ձեռքերի մեջ ընկերներ են զոհվել։ Միանշանակ է, որ պատերազմ չեմ ցանկանա, բայց եթե չես ուզում պատերազմ, ապա պետք է դրան պատրաստ լինես։ Եթե Ադրբեջանը հանկարծ մի տոկոս համոզված լիներ ու հույս ունենար, որ կարող է պատերազմ սկսի ու մեր ազատագրված տարածքները հետ վերցնի, նույն օրը, նույն ժամին նա կսկսի իր պատերազմը։ Գաղտնիք չէ, որ պատերազմի սկզբից Ադրբեջանը մի քանի անգամ մեզանից հզոր էր։ Նրանք հզոր են եղել ու չեն կարողացել պատերազմում հաղթել, ուր մնաց այսօր, երբ մենք ունենք հզոր, մարտունակ բանակ։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը