Կարծիք

06.07.2018 20:41


Իրականում մի համահայկական հիմնադրամ էլ եկեղեցին է

Իրականում մի համահայկական հիմնադրամ էլ եկեղեցին է

Մի խումբ մարդիկ, Էջմիածնում, «նորմալ» կերպով ներխուժել են Մայր Աթոռ և պահանջում են Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը կաթողիկոսի պաշտոնից: Ներխուժողներն այս անգամ եղել են առանց դիմակների:

Ինչն է ուշագրավ այս ամենում:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետությունը չի միջամտելու ներեկեղեցական պայքարին, քանի որ պետությունը բաժանված է եկեղեցուց և ... չի միջամտում: Միաբանները մնացել են մեն-մենակ միմյանց և իրենց խնդիրների առաջ:

Ահա այստեղ է երևում, թե իրականում ինչ վիճակում է եկեղեցին, երբ մնում է առանց իշխանության և ոստիկանների պաշտպանության:

Ինչ ունենք արդյունքում:
Արդյունքում ունենք փոքրաթիվ երկու խումբ` մեկն ընդդեմ կաթողիկոսի, մյուսը` կաթողիկոսի կողքին և բազմաթիվ միաբաններ, որոնք արտաքուստ պաշտպանում են կաթողիկոսին, սակայն սպասում են հարմար պահին կաթողիկոսի դեմ արտահայտվելու համար: Իսկ Եկեղեցում լիքը փող կա, այսինքն կա ազգային հարստություն, որը շատերն են ցանկանում առանց որևէ վերահսկողության տիրապետել: Մի խոսքով, սեփականության (ազգային) վերաբաշխման հարց է բացվում:
Իրականում մի համահայկական հիմնադրամ էլ եկեղեցին է:

Սա է իրական վիճակը: Կտրիճ Ներսիսյանն իրականում չունի ոչ մի հեղինակություն ոչ եկեղեցում, ոչ էլ եկեղեցուց դուրս և հայտնվել է անլուծելի իրավիճակում: Եկեղեցում չկա նաև մի որևէ հեղինակություն, ով կկարողանա հեղինակավոր որևէ խոսք ասել:

Իրականում անլուծելի իրավաճում են հայտնվել նաև մյուս միաբանները և եկեղեցին առհասարակ: Կաթողիկոսի դեմ ընդվզումը, ինչպես նրա ողջ կառավարումը, անգաղափար է, զուրկ որևէ սկզբունքներից։ ՈՉԻՆՉԸ դուրս է եկել պայքարելու ՈՉԻՆՉԻ դեմ ու դա լայն հասարակությանն առհասարակ չի հետաքրքրում:

Եկեղեցին չունի հասկանալի ապագա ոչ Կտրիճ Ներսիսյանի ղեկավարությամբ, ոչ էլ առանց Կտրիճ Ներսիսյանի: Եկեղեցին այսօրվա Հայաստանի ճիշտ արտապատկերն է` առանց գաղափարների ու սկզբունքների ներխուժումներ և անկանխատեսելի ապագա:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը