Քաղաքական

03.07.2018 13:58


Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)

Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են:

Այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա Ադրբեջանի առջև դրված ռազմավարական խնդիր է: Նրանք ձգտում են Նաիջևանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին: Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում: Սակայն, հաշվի առնելով Նախիջևանի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երևանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Նախիջևանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում: Նույն գործողությունները եղել են նաև 10 տարի առաջ Տավուշի հատվածում և 20 տարի առաջ` Արցախում:

«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի և Նախիջևանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, և Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ:

«Առաջնագծում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի կրակում, և, եթե սրան գումարենք ակտիվ տեղաշարժերը, ապա կարող է լինել ինչ-որ խոշոր ծրագիր: Զուտ ռազմագիտության տեսանկյունից սրանք դիմացինի ուշադրությունը բթացնելու ու սեփական զորքերը պատրաստելու քայլեր են»,-ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին:

Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։

Այս խորագրի վերջին նյութերը