Քաղաքական

02.07.2018 12:28


Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան (տեսանյութ)

Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները որակում է որպես արհամարհանք համանախագահ երկրների նկատմամբ: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ԱԳՆ խոսնակը նկատեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: «Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների համար»,-ասաց Տիգրան Բալայանը:

***

Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակն ու նախընտրական հռետորաբանությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայ-թուրքական հարաբերություններում որևէ զարգացում չի ակնկալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տեսակետն ԱԳՆ խոսնակը հնչեցրեց ի պատասխան հարցադրման, որ «Թուրքիայում նախագահական ընտրություններն ավարտվեցին, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում կարող ենք որոշ տեղաշարժեր ակնկալել»:

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք Հայաստանը կշնորհավորի՞ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, Տիգրան Բալայանն ասաց. «Մինչև 2014 թվականը Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների միջև ֆորմալ շնորհավորանքներ էինք փոխանակվում ազգային տոների կապակցությամբ: Թուրքիայում Էրդողանի նախագահ դառնալուց հետո՝ 2014-ի օգոստոսից, ֆորմալ շնորհավորանքների պրակտիկան ևս դադարեց: Կարծում եմ՝ ես Ձեր հարցին պատասխանեցի»:

Այս խորագրի վերջին նյութերը