Կարծիք

23.02.2010 18:53


Դեմքերի ու դեպքերի մասին

Դեմքերի ու դեպքերի մասին

Մեր ազգային կենսագրության մեջ կան անհատներ, որոնք իրենց պատմական առաքելությամբ ու դերակատարությամբ  դուրս են  ժամանակից, վեր՝ սեփական կուսակցական սահմաններից ու իրենց աննահանջ տեղն են ապահովել ազգայինի ու պետականի տիրույթներում։

Ու թեև  մեր իրականությունը շատ էլ հարուստ չի այսպիսի երևելիներով,  բայց, այնուամենայնիվ, նրանք կան, և այդ ընտրյալներից մեկն էլ Արամ Մանուկյանն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրը, նույն հանրապետության Ներքին գործոց նախարարը, գործիչ,  որին անվերապահ հավատով նվիրված էր ժողովուրդը, առաջնորդ, որի կոչով ոտքի կանգնեց ու Սարդարապատի հաղթանակով նորից կենսունակ դարձրեց 600 տարի ընդհատված հայ պետականության զարկերակը։

Երբ 2009-ին ստեղծվեց Արամ Մանուկյանի  130-ամյակը նշող կառավարական հանձնաժողով՝ վարչապետի ղեկավարությամբ, ես (ու վստահ եմ՝ նաև շատերը), գոհունակության զգացողություն ունեցա, որովհետև Արամ Մանուկյանի արժեվորումը նախ և առաջ մեր պետականությանն է անհրաժեշտ, հերոսազերծ մեր հասարակությանն ու բարոյական արժեքների անկում արձանագրող ժամանակներին։  Ավաղ, գոհունակությունս սոսկ տեսական էր ու կարճատև, որովհետև նրանք, ովքեր ներկա էին փետրվարի 19-ին  Օպերայում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը, խոր հիասթափություն, եթե ոչ վիրավորանք ու հուսահատություն ապրեցին։ Կիսադատարկ ու մութ դահլիճում խղճուկ ձևավորմամբ, խայտառակ ձայնային հնչողությամբ,  գավառական, անճաշակ միջոցառում էր, որին  պետական կարգավիճակ ունեցող ոչ մի համերգային կոլեկտիվ չէր մասնակցում։

«Ի՞նչ են տվել, որ ինչ անենք»,- եղավ մասնակիցներից մեկի արձագանքը, ու ես հիշեցի, որ 2007-ին ընդամենը մեկ համերգային ձեռնարկի համար 235 000 դոլար էր ծախսվել պետբյուջեից, ու այդ նույն դահլիճում օրերս կազմակերպած «Եվրատեսիլի» մրցույթը, որի արկածային ընթացքը (կարծես թե ուրիշ դարդ չունենք) գրավել է լրահոսը։ Իսկ Արամ Մանուկյանը մեր ժամանակների հերոսը չի։

Արամի անունը կրող փողոցի վրա՝ ավերակների վերածված շենքերից մեկի պատին,  ուր կատուների ու շների հարևանությամբ իրենց վերջին օրերն են անցկացնում  մի քանի անօթևաններ, ցուցանակ է փակցված՝ այդ տանը ապրել է Արամ Մանուկյանը։ Մեկնաբանություններն ավելորդ են։ Մնում է հարց տալ՝ ո՞ւմ է ծառայում այս պետությունը, ի՞նչ ազդակներ ենք հաղորդում երկու ճակատով թշնամու շնչառությունը շարունակ իր թիկունքում զգացող հայ  հասարակությանը։  Հետո էլ զարմանում ենք, որ 10-րդ դասարանցու երազանքն «ախրաննիկ» դառնալն է, իսկ երիտասարդության 70%-ը, ով  մտածել գիտե ու անհանգիստ է  իր հեռանկարով,  իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններից դուրս։ Ու քանի դեռ այս արժեքներով ենք ապրում, հեռուստատեսությունների համար չափորոշիչներ սահմանելով՝ երկրի բովանդակությունը չես փոխի։ Խնդիրը շատ ավելի խորքային է,  ու քանի որ պատմությունն այդպես էլ դաս չի դառնում մեզ համար, մեր նահանջներն ու ներքին  պարտություններն անխուսափելի են։

Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը