Լրահոս

26.06.2018 22:28


Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրեի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ նշված ընկերության սեփականատերը, նրա հայրը և ընկերության այլ պաշտոնատար անձինք ընկերությունում դեռևս 2016թ. տեղի ունեցած չարաշահումների մեջ մեղադրել են նաև այդ շրջանում ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն աշխատող անձին և պահանջել, որպեսզի դրա դիմաց վերջինս բնակարանն անվանափոխվի իրենցից որևէ մեկի անվամբ: 2016թ. մարտի 28-ին ընկերության բազայի տնօրենը, սեփականատիրոջ հոր և եղբոր, խորհրդականի, ընկերության տնօրենի և փոխտնօրենի ներկայությամբ ընկերությունում սպառնացել է տվյալ անձին, նրա նկատմամբ բռնություն գործադրել, ապա մեկ այլ անձի հետ նրան ստիպողաբար նստեցնելով ավտոմեքենան, հեռացրել տարածքից: Բացի այդ, ինչպես ընկերության սեփականատիրոջ հոր, այնպես էլ բազայի տնօրենի կողմից տվյալ անձի նկատմամբ հնչել են հաշվեհարդար տեսնելու նոր սպառնալիքներ, որից հետո նրա առջև պայման է դրվել՝ կամ բնակարանն անվանափոխել «Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատիրոջ անվամբ, կամ գրավադրել բանկում և ստացված վարկային գումարները փոխանցել իրենց: Վախենալով իր անվտանության և կյանքի համար՝ աշխատակիցը համաձայնել է կատարել ներկայացված պահանջները, և բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո ստորագրելով անհաժեշտ փաստաթղթերը՝ բնակարանը գրավադրել է բանկում, սակայն ստացված վարկի գումարները հասցվել են ընկերություն:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք ապացույցներ նշված ընկերության բազայի տնօրեի կողմից առերևույթ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ, և առկա են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել անհապաղ այդ անձի նկատմամբ ընտրել խափանման միջոց և նրան հարցաքննել որպես կասկածյալ, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելուց հետո լուծել նրան որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու հարցը։

Հունիսի 26-ին ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը