Քաղաքական

22.06.2018 15:11


Խուզարկություններ են կատարվել ԵԿՄ Երևանի Կենտրոնի բաժանմունքում

Խուզարկություններ են կատարվել ԵԿՄ Երևանի Կենտրոնի բաժանմունքում

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հունիսի 21-ին խուզարկություններ են կատարվել հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում եւ օժանդակ կառույցներում:

Արդյունքում՝ հայտնաբերվել եւ առգրավվել է երկու օդամղիչ հրացան, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի աշխատասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոթատետր եւ գումարի փոխանցման անդորրագիր, որոնցում առկա տեղեկությունների վերաբերյալ կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի հրամանատարին, կոչումով՝ փոխգնդապետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Այս խորագրի վերջին նյութերը