Մեկնաբանություն

20.06.2018 20:00


Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

«Գենարալսկի ֆորմով կոլխոզի նախագահներից» (այս ձևակերպման հեղինակային իրավունքը մերը չէ) հանդիսացող Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված «տուշոնկեքի» ու «սգուշոնկեքի», ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նախատեսված դեղերի ու հագուստի պատմությունը ցնցել է մեր հանրությանը:

«Ախր ինչպե՞ս կարելի էր»,-իրար են հարցնում մարդիկ ու հայհոյանքների շարան տալիս:

Մանվելենց տանն իրականում ոչ միայն ու ոչ այնքան գողացած «տուշոնկա» է հայտնաբերվել, այլ հայտնաբերվել է նախորդ իշխանությունների ներդրած ռեժիմի բնույթը:

Բ26-ից տված էր թալանի իրավունք, թայֆայից դուրս գտնվող մարդկանց կյանքը զրո արժեք ուներ, «հայրենասիրական» պաթոսը հանդիսանում էր քողածածկույթ թալանի իրավունքի համար: Իշխանության համար կարևոր և միակ նպատակը իշխանությունը պահելն ու թալանելն էր: Մնացած ամեն ինչը ծառայեցվում էր այդ նպատակին:

Մանվելն ու նրա նմանները համակարգի պահապան «հրեշտակներն» էին, ռեժիմի գործիքները: Մեկը կարող էր «տուշոնկա» գողանալ, մյուսը՝ «քեշ» փող, երրորդը՝ բյուջե մսխել, չորրորդը՝ այլոց բիզնեսներում փայ մտնել, հինգերորդը՝ երկրի արտաքին պարտքը մեծացնելով փող աշխատել, վեցերորդը՝ հարկային ռեկետ անել և այդպես շարունակ: Բոլորն էլ գործում էին Բ26-ի բարձր հովանու ներքո և «վերև» հասցնում գողոնի մասը (այդ մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը):

«Վերևում» շատ լավ գիտեին թալանի մասին ու խրախուսում էին այն, քանզի ոչինչ չէր կարող միավորել նրանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը: Հանցանքը ցեմենտում էր ներիշխանական հարաբերությունները, նրանց դարձնում «մահապարտներ»: Այդ համակարգի մասին այսօր շատ դիպուկ խոսել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և մեր հաղթանակների ռազմական կազմակերպիչ Սամվել Բաբայանը:

Եվ այսպես, Մանվելի տանը հայտնաբերվել է նախորդ իշխանության գոյության կոդը: Ահա այդ կոդի հայտնաբերումն է խուճապի մատնել բոլոր մանվելներին ու նրանց պարագլխին:

Ի դեպ, պարագլխի մասին: Սերժ Սարգսյանն իր կապիտալի նախնական կուտակումն սկսել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին ու ըստ լավատեղյակների՝ մանվելություն արել: Արդյունքում՝ 1993-ից, այսինքն՝ նախքան ազատագրական մարտերը նա հեռացվեց Ղարաբաղից՝ հայտնվելով Մոսկվայում: Այ հենց դա չներվեց Սամվել Բաբայանին: Ու երբ պատերազմն արդեն ավարտվել էր ու պատերազմի տարիներին կապիտալ կուտակածները իշխանության էին եկել, Արցախի հերոսի դեմ շինծու գործ սարքվեց 2000թ. մարտի 22-ին. եկել էր պատերազմի արդյունքները մսխելու և թալանի ժամանակը (ուշագրավ է, որ երբ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանը պայքարում էր թալանչիական ռեժիմի դեմ, 2017-ի մարտի 22-ին նրա դեմ «Իգլայի» շինծու գործ սարքեցին՝ չթաքցնելով, որ գեներալին անազատության մեջ են պահում, որպեսզի նա չխանգարի իշխանության վերարտադրությանը): Իշխանական ամբողջ քարոզչամեքենան նրանից հրեշի կերպար թխեց, որպեսզի դրա հետևում թաքցնի սեփական հրեշային կերպարը:

Այն օրերին շրջանառության մեջ դրվեց մի ֆիլմ, որի հեղինակը հայտնի լրագրող Համլետ Ղուշչյանն էր: Ֆիլմում ցույց էին տալիս, թե իբր Բաբայանը հսկայական միջոցներ է յուրացրել, թե իբր 8 տասնյակից ավելի մեքենա է ունեցել և այլն: Դատարանում այդ ամենը փլուզվեց ու չապացուցվեց Բաբայանի մեղքը, սակայն նրան դատեցին ու կեղտոտ ֆիլմից մնացած հիշողությունների տակ թողեցին հանրությանը:

Բաբայանի դեմ քարոզչական հարձակումները լկտի սուտ էին: Այդ ստի մասին տարիներ անց խոստովանեց նույն Համլետ Ղուշչյանը, ում խաբել էին, որպեսզի նա այդ ստի վրա հիմնված ֆիլմ նկարահանի: Տարիներ անց, սակայն, Ղուշչյանը, ծանոթանալով այդ շինծու գործի բուն նյութերին, խոստովանեց, որ իրեն խաբել էին և ինքը, ելնելով լրագրողական էթիկայից, ներողություն է խնդրում Սամվել Բաբայանից ու հեռուստադիտողներից, որոնց սխալ տեղեկություններ է մատուցել։

Համլետ Ղուշչյանի հետ կապված պատմությունը չէինք հիշի, եթե սերժական «մարտիկները» Բաբայանի այսօրվա հայտարարություններից հետո չփորձեին հավասարության նշան դնել Մանվել Գրիգորյանի ու Սամվել Բաբայանի միջև՝ հղում անելով Ղուշչյանի ֆիլմին:

«Գեբելսյան» քարոզչամեքենան, փաստորեն, դեռևս կենդանի է ու փորձում է լկտի սուտը ճշմարտության տեղ անցկացնել: Այս «տուշոնկայի վկաները» սոցցանցերում վայրահաչում են Բաբայանի դեմ՝ փորձելով անուղղակիորեն պաշտպանել Մանվելին ու ցույց տալով, թե ում ինչն է մրմռացրել Բաբայանը: Բայց դա ոչ մի բան չի կարող փոխել, քանզի չարի վերջը միշտ էլ գալիս է:

«Տուշոնկաներից» փայ ստացած «մուտիլովշիկները» պետք է իմանան, որ իրենք ոչ պակաս, ավելի ճիշտ՝ Մանվելից էլ ավելի մեծ վնաս են տվել հայ ժողովրդին, քանզի Մանվելը գողացել է նյութականը, իսկ ահա իրենք պղտորել են ու պղտորում են մարդկանց հոգիները և գաղջ մթնոլորտ ստեղծում, ինչը աններելի է ու վաղեմության ժամկետ չունի:

Ոչ ոք չի մոռացվելու և ոչինչ չի մոռացվելու:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը