Մեկնաբանություն

20.02.2010 15:23


Չափորոշիչային Հայաստան

Չափորոշիչային Հայաստան

Հայ-թուրքական թամաշայացման փուլն ավարտվեց։ Իշխանությունները հասկացան, որ այդ ուղղությամբ ամեն ինչ ձախողել են և հասարակության ուշադրությունը փորձում են կենտրոնացնել այլ բաների վրա։ Օրինակ՝ հեռուստատեսության կամ, ավելի շուտ, դրանց վերաբերող չափորոշիչների վրա։ Ի վերջո, ինչ որ բանով պե՞տք է զբաղվի իշխանությունը, թե՞ ոչ։ Գյուլը պարապուրդի մատնեց «մերոնց» ու հիմա մի բան պետք է մոգոնել։

Պարզվում է, որ իշխանությունները նոր են նկատել, որ եթերը հիմնականում լցված է ախմախ բաներով և հիմա որոշել են չափորոշիչային պայքար մղել TV-ների դեմ։ Նրանց կարելի է հասկանալ. չէ՞ որ հայ-թուրքականը շեղել էր մեր «չափորոշիչվածների» ուշադրությունը։ Բայց սարգսյանական զգոն հայացքից չես փախչի և սերիալներով նրան չես ֆռռացնի։ Նախագահականում ամեն ինչ նկատում են։ Գյուլի հետ հարցերը լուծեցին ու հիմա անցել են ներսի «գյուլերին»։

Այժմ Ամալյանն իր տարերքի մեջ է մտել։ Սպառնում է 3 գրավոր նախազգուշացումից հետո փակել տվյալ հեռուստաալիքը։ Իսկ հեռուստաընկերություններից շատերի ղեկավարները շվարած են։ Ախր նրանք հլուհնազանդորեն կատարել են այն ինչ իրենց կարգադրվել է. Հայաստանը ներկայացրել  են դրախտի տեսքով, իշխանությունների հասցեին ոչ մի թթու խոսք չեն ասել, իսկ ասել ցանկացողներին եթեր չեն տրամադրել և այդպես շարունակ։ Փոխարենը մեր ‹‹ազատ, բայց պատասխանատուներից›› շատերը պատել են եթերը ‹‹շովույով››, անիմաստ հեռուստասերիալներով, ծափ-ծլնգոցով, ախմախագույն ‹‹հումորով››, որի հիմնական ‹‹պրիկոլները››, չգիտես ինչու, միշտ  ‹‹երկնագույն›› շեղվածության են լինում, փողոցային ժարգոնով և այլ զիբիլով։ Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ Վարդան Մամիկոնյանին ու մյուսներին իրենց «հետևից» մտնելու «գալուբոյ» կոչեր հնչեցին այն դեպքում, երբ երկրիս վարչապետը Վարդանանց տոնը նշելու համար խելքն իրենը չէ։ Նորաթուխ հումորիստները միգուցե ուզում էին ա՞յդ ձևով հաշվել Տիգրան Սարգսյանի կամ մյուսների 32 ատամները։

Փաստ է, որ հայկական եթերը մեծամասամբ ողողված է ‹‹աստղիկներով››, պորտաբաց  ‹‹ծտերով››, կանացի նազանքով փայլող տղաներով, տղամարդկային ‹‹դռայվ›› ունեցող աղջիկներով ու անհասկանալի սեռատարիքային շերտ ներկայացնող դեմքերով։ Եվ սա նոր չէ։ Պարզապես հիմա են ուզում, կամ, ավելի ճիշտ, հիմա է հնարավորություն ստեղծվել ‹‹ազատ, բայց պատասխանատու›› որոշ TV-ներին դարձնել «ավելի ազատ, բայց ավելի պատասխանատու››։ Այլ խոսքով՝ իշխանությունները ուզում են վերաձևել հեռուստատեսային դաշտը և այն դարձնել սերժսարգսյանական։ Նախկինը քոչարյանական ժամանակաշրջանի էր։ Հիմա ‹‹նոր›› ժամանակներ են և Ամալյանը մեյդան հանվեց՝ յուր չափորոշիչային մահակով։

Մեծ հաշվով՝ հեռուստադիտողի համար գրեթե բան չի փոխվելու։ Մենք, երևի թե, ականատեսը կլինենք որոշ հեռուստատեսությունների տերերի փոփոխությանը կամ այդ փոփոխությունների փորձին, ինչպես նաև որոշ հեռուստանախագծերի փակվելուն, որը ֆինանսական հոսքերը դեպի այդ տարածք կքչացնի։ Իսկ ինչպես կեղտոտվել էր եթերը, այնպես էլ շարունակվելու է։ Այսինքն՝ ‹‹աստղիկները›› մարտնչող միջակությամբ «դայլայլելու» են,  ‹‹հումորիստները›› հայոց պատմության էջերն են «գոմիկացման» լույսի ներքո ներկայացնելու և այլն։

Անկեղծ ասած՝ վատ չէ, որ իշխանություններն ուզում են մաքրել եթերը գռեհիկ ու ցածրաճաշակ հեռուստաարտադրանքից, բայց քանի որ նրանց ցանկացած նախաձեռնություն ձախորդության է վերածվում և էլ ավելի վատացնում առկա վիճակը՝ բնական ցանկություն է առաջանում հակառակվել նախագահականից արվող բոլոր քայլերին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը