Լրահոս

05.06.2018 19:59


Սասուն Միքայելյանն ու ևս 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի ազատության համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել

Սասուն Միքայելյանն ու ևս 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի ազատության համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան դաշինքի» 9 պատգամավոր քրեական աշխարհում որպես «Նորատուսցի Ալիկ» հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել:

Բանդուրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր դատարանին միջնորդեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Բանդուրյանին ազատել կալանքից:

Նշենք, որ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները, որոնք երաշխավորում են ազատության մեջ մնալու դեպքում Բանդուրյանի պատշաճ վարքագիծը, հետևյալ անձինք են` Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հարապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան: Այսպիսով՝ վերջիններս, ինչպես նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Բանդուրյանի վերաբերյալ երաշխավորագրում նշեն են, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի և չի դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ:
Նշենք, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարի 500 հազար դրամ գումար:

Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Բանդուրյանն առողջական խնդիրներ ունի, դատարան է բերվում սայլակով՝ չհարմարեցված մեքենայով:

Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը: Վերջինս նշեց, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ի թիվս այլ հիմքերի նշեց այն հանգամանքը, որ գործում առկա են տվյալներ այն մասին, թե Բանդուրյանը արդեն իսկ փորձել է ապօրինի ազդեցություն գործադրել մեկ այլ ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի, իսկ վերջինիս միջոցով էլ գործով վկաների նկատմամբ: Մասնավորապես՝ դատախազն ընդգծեց, որ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հեռախոսազանգի միջոցով հորդորել է, որ վերջինս վկային զգուշացնի մահացած Մուշեղ Մուշեղյանի դեմ ցուցմունքներ տալ և ասել որ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մուշեղյանը նախահարձակ է եղել:

***

Քրեական աշխարհում որպես «Նորատուսցի Ալիկ» հայտնի Ալիկ Բանդուրյանը կմնա կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ մերժեց Բանդուրյանին ազատ արձակելու միջնորդությունը` 10 պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Աղբյուրը՝ Հետք

Այս խորագրի վերջին նյութերը