Քաղաքական

31.05.2018 15:20


Հայկ Խանումյանն Աշոտ Ղուլյանին մեղադրել է սաբոտաժի մեջ

Հայկ Խանումյանն Աշոտ Ղուլյանին մեղադրել է սաբոտաժի մեջ

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պատգամավորական հայտարարությունների ժամին քննադատել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գործունեությունը:

Ամիսներ առաջ Խանումյանը Ղուլյանին մեղադրել էր ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, մեղադրել էր նրան անգործության մեջ, այս անգամ այդ մեղադրանքներին ավելացավ նաև ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեղադրանքը:

«Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար: Սա անթույլատրելի երևույթ է: Սրա վերջին կաթիլն այս տարվա բյուջեի կատարողականի լուսաբանման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականն Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի գլխավոր գործիքն է և հանրությունն առավելագույնս պետք է տեղյակ լինի թե ինչպես են ընթացել քննարկումները:

Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները որ ծրագրերն են կարևորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցրել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական և հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ: Վստահ կարող եմ նշել, որ այս ամենն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությունն է:

Վստահորեն կարող ենք փաստել նաև, որ պարոն Ղուլյանն իրականացնում է Ազգային ժողովի աշխատանքների սաբոտաժ: Եվ ոչ միայն կատարողականի լուսաբանման հարցերով, այլ ընդհանրապես: Ես նախկինում ԱԺ նախագահին մեղադրել եմ ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, ես մեղադրել եմ նրան անգործության մեջ, հիմա մեղադրում եմ նաև ԱԺ աշխատանքների և պատգամավորների գործունեության միտումնավոր խանգարման ու սաբոտաժի մեջ: Այս հարցը քաղաքական քննարկման առարկա պետք է դառնա խորհրդարանական կուսակցությունների միջև: Երբ Հայաստանում ամեն փոքր համայնքի ավագանու նիստ անգամ օնլայն հեռարձակվում է, ամոթ է, երբ Արցախի ԱԺ հանձնաժողովների և լիագումար նիստերի քննարկումները թաքցվում են հանրությունից»,-մանրամասնել է պատգամավորը:

Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի Հանրային հեռուստատեսության և բուհերի խորհուրդների խնդիրներին: Հանրայինի մասին Խանումյանը մասնավորապես նշել է. «Այս հեռուստատեսությունը մնում է որպես ավտորիտար համակարգի գործիք, չի արտահայտում բազմակարծություն, չի անդրադառնում կարևորագույն քաղաքական հարցերին և փակ է մնում քաղաքական թեմաների ու հատկապես ընդդիմության համար»:

«Վերածնունդ» խմբակցություն

31 մայիսի, 2018թ.

Այս խորագրի վերջին նյութերը