Կարծիք

31.05.2018 12:50


Առաջին հանրապետության անկման պատճառների մասին. Մաս 3

Առաջին հանրապետության անկման պատճառների մասին. Մաս 3

Մաս 1

Մաս 2

«Քաղաքականությունը նման է հեքիաթային սֆինքսի. նա խժռում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում բացահայտել իր գաղտնիքները»:

Անտուան դե Ռիվարոլ

ֆրանսիացի հրապարակախոս, 16- րդ դ.

«Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման՝ մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը՝ ժողովուրդը: Վերագնահատման պետք է ենթարկել ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ նաև, և գլխավորապես, մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին»:

Գարեգին Նժդեհ

հայ ականավոր պետական և զինվորական գործիչ, 20 -րդ դ.

Նախաբան

Վերլուծելու համար Առաջին հանրապետության անկման պատճառները, նախ ներկայացնենք այն ժամանակվա պատմական քրոնիկոնը՝ ըստ ժամանակային փուլերի. 1920թ. ապրիլի Սան-Ռեմոյի կոնֆերանսից մինչև Սևրի պայմանագրի կնքումը 1920թ. օգոստոսի 10-ին, այնուհետև՝ 1920թ. օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի դեկտեմբերը, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգերը:

1.Սան-Ռեմոյից դեպի Սևր ճանապարհին. անգլիացիների նպատակը

1920թ. ապրիլի 19-26-ն ընթացավ Անտանտայի երկրների կոնֆերանսը, որը քննարկեց Թուրքիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հարցը:

Նախ, առաջին անգամ բացահայտորեն բախվեցին եվրոպական գերտերությունների շահերը, հատկապես՝ Ֆրանսիայի և Անգլիայի միջև: Մասնավորապես, Անգլիային հաջողվեց ստանալ Պաղեստինի և Մոսուլի մանդատը, որը մինչ այդ նախատեսվում էր տալ ֆրանսիացիներին: Վերջիններս դժգոհ մնացին անգլիացիների կողմից «քցվելուց»՝ ստանալով միայն Սիրիայի և Լիբանանի մանդատները:

1920թ. հուլիսի 28-ին, այսինքն՝ Սևրի պայմանագիրը կնքվելուց 2 շաբաթ առաջ, Ֆրանսիայի Սենատում միջինարևելյան հարցերի ֆրանսիացի հայտնի փորձագետ Վիկտոր Բերարը նշում էր. «1916թ. մենք ունեինք Սիրիան, Կիլիկիան, Միջագետքը, Քրդստանի մի մասը և Պաղեստինի մեր մասնաբաժինը»:

4 տարի անց՝ պարոն Կլեմանսոն (Ֆրանսիայի վարչապետը) ճանապարհին կորցրեց Միջագետքը և Քրդստանը՝ հանձնելով Մոսուլը անգլիացիներին, իսկ Պաղեստինի ինտերնացիոնալ մանդատը դարձավ անգլիական:

Այսպիսով, պարզ երևում էր, որ Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները հիասթափեցրել էին ֆրանսիացիներին: Գրեթե նույն կարծիքն ունեին նաև իտալացիները: Մասնավորապես, այդ երկրի վարչապետ Ֆրանչեսկո Նիտին այն ժամանակ նշում էր. «Սան-Ռեմոյի որոշումների հետևում թաքնված էին անգլիացիների նպատակները' միանձնյա տիրել Փոքր Ասիայի բնական հարստություններին»:

Այսպիսով, Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումների կայացման շարժիչը գտնվում էր անգլիացիների ձեռքում: Ֆրանսիացիներն ու իտալացիներն ունեին գրեթե «հարսանեկան գեներալների» կարգավիճակ:

Անգլիացիների կողմից այս ծրագրերի իրականացման գործիք էին համարվում հունական բանակն ու թուրքական սուլթանի խամաճիկային իշխանությունը:

Ըստ Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշման՝ Թուրքիան պետք է դառնար փոքր կիսաանկախ երկիր՝ սուլթանի գլխավորությամբ (իսկ սուլթանն էլ, բնականաբար, պետք է կախման մեջ լիներ անգլիացիներից): Պետք է ստեղծվեր «ուժեղ և մեծ» Հունաստան, որն անգլիացիների գլխավոր ռազմավարական գործընկերն էր համարվելու: Թուրքիայից պետք է անջատվեին Պաղեստինը, Եգիպտոսը, Միջագետքը (որոնց խնամակալությունը պետք է վերցներ հենց Մեծ Բրիտանիան), Սիրիան և Լիբանանը (որոնք պետք է անցնեին ֆրանսիացիների խնամակալության տակ), Խիջազը (Սաուդյան Արաբիան) և Միացյալ Հայաստանը, իսկ Քրդստանը պետք է ստանար ինքնավարության կարգավիճակ:

Այսպիսով, ըստ-Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշման, ստեղծվելու էր նաև միացյալ հայկական պետություն՝ մոտ 160 000 քկմ տարածքով, որի մեջ ներառվելու էր Արևելյան Հայաստանը (մոտ 60 000 քկմ տարածքով) և թուրքահայկական 4 վիլայեթների մասերը՝ Վանը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը:

Նախատեսվում էր, որ Միացյալ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճշտվելու էին հետագայում՝ բանակցությունների միջոցով:

2.Ինչո՞ւ անգլիացիները հայերին այդքան մեծ տարածքներ նվիրեցին

Հիշեցնենք, որ անգլիացիները դեռևս 1919թ. գարնանը նշում էին, որ Վանն ու Բիթլիսը չպետք է լինեն Միացյալ Հայաստանի կազմի մեջ, քանզի դրանով կվտանգվի հայ-քրդական դաշինքի ձևավորումը: Նույնը նշում էին նաև Ղարաբաղի ու Զանգեզուրի մասին Հայաստանի արևելքում:

Ըստ անգլիացիների՝ իրական Միացյալ Հայաստան կարող էր ստեղծվել հետևյալ տարածքով. Արևելյան Հայաստան (առանց Զանգեզուրի և Ղարաբաղի) և Էրզրումի ու Տրապիզոնի վիլայեթները՝ ելքով դեպի Սև ծով։ Ընդհանուր տարածքը կկազմեր մոտավորապես 100 000 քկմ:

Ըստ անգլիական ստրատեգների՝ եթե հայերը համաձայնեին այդ ծրագրին, ապա հնարավոր էր ստեղծել ուժեղ Հայաստան, Քրդստան և Ադրբեջան: Հայ-քրդական դաշինքն ուղղված կլիներ ընդդեմ նոր ստեղծվող քեմալական շարժման, իսկ հայ- ադրբեջանական դաշինքն՝ ընդդեմ բոլշևիկյան Ռուսաստանի:

Այս նախագծի իրականացման դեպքում Մեծ Բրիտանիան դառնում էր գերհզոր տերություն՝ տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելով Ադրբեջանի, Հայաստանի, Քրդստանի և Վրաստանի վրա: Մոսուլն ու մյուս արաբական տարածքները նույնպես գտնվում էին անգլիացիների ազդեցության տակ: Իսկ Պարսկաստանը վաղուց էր գտնվում Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ և, բացի այդ, Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի գաղութն էր:

Անգլիացիների նպատակն էր նաև Ստամբուլում և Մոսկվայում հաստատել խամաճիկային վարչակարգեր: Ստամբուլում դա նրանց հաջողվել էր, մնացել էր բոլշևիկյան Մոսկվան, որի դեմ պատերազմում էր 14 երկրներից բաղկացած կոալիցիան:

Նշված ծրագրերի իրականացման դեպքում՝ Մեծ Բրիտանիան ձեռք էր բերում նաև նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքներն ու ազդեցության գոտիները: Եվ այս շրջաններում կարևորագույն օղակներից էր Հայաստանի դիրքորոշումը: Քանզի հայերից էին կախված քրդերի և ադրբեջանցիների կողմնորոշումները:

Պետք է նշել, որ անգլիացիների հավակնությունները դժգոհություն էին առաջացնում ոչ միայն թուրքերի ու ռուսների, այլ նաև ֆրանսիացիների, իտալացիների և նույնիսկ ամերիկացիների շրջանում: Անգլիացիների առաքելությանն այս տարածաշրջանում փաստացի խանդով էին վերաբերվում գրեթե բոլորը, քանզի ոչ ոք չէր ուզում, որ 1-ին համաշխարհային պատերազմի արդյունքից օգտվեր մեկ գերտերություն:

Ինչ վերաբերում է մեր խնդիրներին, ապա սույն հոդվածաշարին նախորդող 1-ին և 2-րդ մասերում մենք նշել էինք, որ հայ-քրդական և հայ-ադրբեջանական հնարավոր դաշինքները չկայացան։ Դա հասկանալով՝ 1919թ. վերջին անգլիացիները «ձեռքերը լվացին» և հեռացան Կովկասից: 1920թ. ապրիլին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, անգլիացիների գլխավոր ուշադրությունը Մոսուլն էր և հունական բանակի միջոցով քեմալական շարժումը ջարդելը:

Միացյալ Հայաստանն այլևս անգլիացիներին չէր հետաքրքրում: Ավելին, անգլիացիները չէին հավատում Հայաստանի կենսունակությանը: Մասնավորապես, Սան-Ռեմոյում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Եթե հայերը ի վիճակի չեն պաշտպանելու իրենց սահմանները, ապա այդպիսի ժողովրդից ոչ մի օգուտ չկա, և ոչ մի դաշնակից պատրաստ չի լինի պաշտպանելու հայերին նույնիսկ մեկ բատալիոնով»:

Իսկ երբ 1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ մերժեց նույնիսկ Վիլսոնի ծրագիրը, ապա նույն Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Այդ պահից հետո անկախ հայկական պետությունը դարձավ անհույս նախագիծ»:

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ անգլիացիները Սան-Ռեմոյում որոշեցին և Սևրում հաստատեցին «Մեծ Հայաստանի» նախագիծը: Պատասխանն ակնհայտ է: Անգլիացիները վաղուց էին «ձեռքերը լվացել» հայերից, նրանց գլխավոր նպատակն էր դարձել գոնե «ժամանակավոր պատ ստեղծել քեմալական թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև»: Այդ «ժամանակավոր պատի» դերը պետք է կատարեին հայերը և հայկական պետությունը:

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ինչը՞ կարող էր կանգնեցնել հայերին՝ հրաժարվել ռուս-բոլշևիկյան կողմնորոշումից։ Դե իհարկե միմիայն գեղեցիկ փաթեթավորում ունեցող «կոնֆետը», որը տվյալ դեպքում հանդես էր գալիս 160 000 քկմ տարածք ունեցող հայկական պետության նախագծի տեսքով: Սա՛ էր Սևրի իրական դեմքը։

Անգլիացիները մեկ տարի առաջ, հայ քաղաքական վերնախավի հետ շփվելիս, հասկացան, որ հայերը «անուղղելի, ոչ իրատեսական ծրագրերին հավատացող ժողովուրդ են»: Սա անգլիացի փորձագետների գնահատականն էր:

Այսպիսով, Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներով հայերին տրամադրվելիք «նվերը» ոչ այլ ինչ էր, քան պարզ «կաշառք», որպեսզի նրանք չընկնեն ռուսների «գիրկը», քանի որ պատմականորեն հայտնի էր հայերի ռուսասիրությունը: Պետք է նշել, որ անգլիացիների այս հնարքը փայլուն իրականացավ:

3.Հայ-ռուսական հարաբերություններն այդ ժամանակահատվածում

Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներից ոգևորված, «Մեծ Հայաստանի» նախագծի իրականացման դարավոր երազանքին սպասելիս՝ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հարաբերությունները բարելավել նաև Ռուսաստանի հետ: Դա հատկապես արդիական էր այն պատճառով, որ 1920թ. ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց, մայիսին բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում ճնշվեց, և Կարմիր բանակը գտնվում էր Հայաստանի անմիջական սահմանների մոտ: Դեռ ավելին, մայիսին, բոլշևիկների պահանջով, հայկական զորքերը դուրս բերվեցին Ղարաբաղից: Բոլշևիկները պատրաստվում էին գրավել նաև Զանգեզուրն ու Նախիջևանը:

Կանգնած լինելով այս մարտահրավերների առաջ՝ Հայաստանի կառավարությունը, 1920թ. մայիսի վերջին, կառավարական պատվիրակություն ուղարկեց Մոսկվա՝ Լևոն Շանթի գլխավորությամբ, որի նպատակն էր բանակցությունների միջոցով խաղաղ պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ:

Հայկական պատվիրակության պայմանները հետևյալն էին.

Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը, իսկ հայկական պետական սահմանների մեջ պիտի ներառվի Ղարաբաղը:
Խորհրդային Ռուսաստանը սկզբունքորեն պետք է ճանաչի թուրքահայաստանի տարածքների միացումը նոր ստեղծված հայկական պետությանը:
Խորհրդային Ռուսաստանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և բուն Հայաստանում չպետք է զբաղվի բոլշևիկների աջակցությամբ:
Խորհրդային Ռուսաստանը պետք է թույլ տա, որպեսզի Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հայ փախստականները վերադառնան Հայաստան:
Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին արտաքին գործերի կոմիսար Չիչերինը և նրա տեղակալ հայազգի Կարախանը:

Ռուսները նշում էին, որ սկզբունքորեն «հասկանում են» հայկական պահանջները Ղարաբաղի նկատմամբ՝ ակնարկելով, որ չնայած ադրբեջանցիների դժգոհությանը՝ իրենք կարող են ընդունել հայերի առաջարկը: Հայկական պետությանը արևմտահայկական տարածքների միացմանը նույնպես ռուսները ըմբռնումով էին վերաբերվում։ Սակայն այստեղ Չեչերինն առաջարկում էր առաջնորդվել այսպես կոչված էթնոգրաֆիկ սահմանների սկզբունքով: Այսինքն, մինչև 1914թ. որ տարածքում որ ազգությունը մեծամասնություն է կազմել, այդ տարածքն էլ պիտի անցնի կա՛մ Թուրքիային, կա՛մ էլ Հայաստանին:

Հայկական կողմն այդ սկզբունքը ընդունում էր, քանզի դա բխում էր հայկական շահերից, մինչդեռ թուրքական կողմը, որը նույնպես գտնվում էր Մոսկվայում, կտրականապես մերժում էր այդ սկզբունքը' պահանջելով, որ հայ- թուրքական սահմանը համապատասխանի Բրեստ-Լիտովսկում կնքած պայմանագրին:

Ռուսները պատրաստ էին նաև ճանաչել Հայաստանի պետականությունը: Սակայն այս ամենի փոխարեն, որպեսզի Մոսկվան հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր կատարի, նրանք Հայաստանից պահանջում էին հրաժարվել արևմտյան կողմնորոշումից, այսինքն՝ դուրս գալ անգլիացիների հակաբոլշևիկյան կոալիցիայից և մերժել Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները:

Փաստացի, Մոսկվան հայերին առաջարկում էր ընդունել ռուսական կողմնորոշումը՝ թուրքերի և ադրբեջանցիների պես, որպեսզի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական վեճերում հայերը պարտված կողմ չլինեն: Հայերը մերժեցին Չիչերինի այս առաջարկը. չէին կարող հրաժարվել Սան-Ռեմոյում կայացած «Մեծ Հայաստանի» նախագծից, քանզի դա հայ ժողովրդի դարավոր երազանքն էր:

Հայ քաղաքական գործիչների տրամաբանությունը հետևյալն էր: Անգլիացիները մեզ առաջարկում են 160 000 քկմ տարածքով որոշակի Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով։ Մինչդեռ ռուսները խոստանում են «ընդամենը միջնորդել, աջակցել» հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Իրականում անգլիացիները ռուսների վիճակի մեջ էին 1919թ.-ին, երբ հայերը մերժեցին իրենց ծրագրերը, իսկ 1920թ. ապրիլին Սան-Ռեմոյում, երբ արդեն անգլիացիները հայերի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չունեին, առաջ էին քաշել «Հեքիաթային Հայաստանի» գաղափարը։ Եվ այս պարզ ճշմարտությունը մեր գործիչներն այդպես էլ չհասկացան: Ինչևիցե;

Շանթի առաքելությունը Մոսկվայում հասկանալի պատճառներով հաջողությամբ չպսակվեց, և 1920թ. հունիս-հուլիս ամիսներին Կարմիր բանակը գրավեց Զանգեզուրն ու Նախիջևանը:

Քեմալական բանակն իր կողմից պատրաստ էր ներխուժել Հայաստան, սպասում էր միայն Մոսկվայի համաձայնությանը: Վերջինս այդ համաձայնությունը չտվեց՝ համաձայնելով, որ թուրքական բանակը գրավի միայն Սարիղամիշի տարածքը, որպեսզի կապ ստեղծվի Նախիջևանում հաստատված Կարմիր բանակի հետ: Բացի այդ, Անատոլիայի արևմտյան ճակատում հունական բանակի գրոհը թուրքերին ստիպեց հետաձգել հարձակումը Հայաստանի վրա: Ռուսները, իրենց հերթին, Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի գրավումից հետո դեռևս հույսը չէին կորցրել, որ հայերին կստիպեն հրաժարվել արևմտյան կողմնորոշումից: Այդ նպատակով 1920թ. հուլիսին որոշեցին Հայաստան ուղարկել, բանակցությունները շարունակելու նպատակով, դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպան Լեգրանի գլխավորությամբ:

Հայկական կողմը Լեգրանի հետ բանակցությունները ձգձգում էր մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը՝ մտավախություն ունենալով, թե ռուսների հետ համաձայնագիրը արևմտյան տիրույթների շրջանակներում կարող է խանգարել հայկական գործին:

1920թ. օգոստոսի 10-ին վերջապես կնքվեց Սևրի պայմանագիրը, որի համաձայն՝ հայկական պետությունն ստանում էր մոտ 160 000 քկմ տարածք՝ ելքով դեպի Սև ծով: Միաժամանակ նույն օրը՝ օգոստոսի 10-ին, Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի.

Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը:
Հայաստանն ըմբռնումով է ընդունում, որ Կարմիր բանակը ժամանակավորապես տեղակայված կլինի Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում, մինչև որ խաղաղ պայմանագիր կնքվի Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև, որտեղ կհստակեցվեն Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության հարցերը:
Փաստացի, Հայաստանը համաձայնում էր Կարմիր բանակի և քեմալական ուժերի միջև ժամանակավորապես ցամաքային կապ հաստատելուն:
Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին՝ նույն օրը, ստորագրվեց և՛ Սևրի պայմանագիրը, և՛ Հայաստանի ու Խորհրդային Ռուսաստանի միջև համաձայնագիրը:

Այս քայլերով Հայաստանի կառավարությունը փորձեց սիրաշահել և՛ անգլիացիներին, և՛ ռուսներին, սակայն գործնականում Երևանը խորացրեց իր անդունդը և՛ Լոնդոնի, և՛ Մոսկվայի հետ: Դատեք ինքներդ. Սևրի պայմանագիրը կնքելով՝ Հայաստանը փաստացի իրեն համարում էր հակաթուրքական և հակաբոլշևիկյան ալյանսի անդամ՝ թիրախ դառնալով ոչ միայն Քեմալական Թուրքիայի, այլ նաև Բոլշևիկյան Ռուսաստանի համար: Իսկ միաժամանակ Խորհրդային Ռուսաստանի հետ կնքելով համաձայնագիր և ցամաքային կապ տրամադրելով Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև, նա դավաճանում էր իր դաշնակիցներին և մասնավորապես՝ Անգլիային: Այսպիսով, Երևանի այս պահվածքից խիստ դժգոհ մնացին և՛ Անկարան, և՛ Մոսկվան, և՛ Լոնդոնը: Իսկ դրա հետևանքները շատ չուշացան: Ընդամենը 4 ամիս անց Հայաստանը կորցրեց և՛ իր տարածքները, և՛ պետականությունը:

Եզրակացություններ

Տարածված տեսակետ կա, որ եթե 1920թ. մայիսին բոլշևիկյան ապստամբությունը հաջողությամբ պսակվեր, ապա Հայաստանը չէր ունենա այն տարածքային կորուստները, որոնք ունեցավ Առաջին հանրապետության անկումից հետո: Այս տեսակետը զուրկ է տրամաբանությունից, քանզի այն ժամանակ ռուս բոլշևիկները հայերից չէին պահանջում բոլշևիկյան կարգերի հաստատում: Նրանք նույնիսկ չաջակցեցին մայիսյան բոլշևիկյան ավանտյուրային: Այդպիսի խնդիր ռուսների կողմից չկար: Նրանք պահանջում էին մեկ բան. հրաժարվել հակառուսական բնույթ ունեցող արևմտամետ կողմնորոշումից: Այն ժամանակվա Երևանը դրանց պատասխանեց մերժումով:
Հայ պատմագրության մեջ լայնորեն տարածված է այն տեսակետը, թե իբր Մոսկվայում Շանթ-Չիչերին բանակցությունների անհաջողության գլխավոր մեղավորը թուրքերն էին, ադրբեջանցիները և հայ բոլշևիկները, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի հայ-ռուսական բանակցությունները տապալվեն: Այստեղ էլ երկրորդական հարցերը չեն տարբերվում գլխավորից: Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները պետք է խանգարեին, և ով չգիտի, որ հայ բոլշևիկների մեծ մասը չէր փայլում հայրենասիրությամբ: Սակայն հայ պատմագրությունը անցնում է գլխավոր խնդիրի կողքով: Այն է՝ ռուսները հայերից պահանջում էին փոխել իրենց կողմնորոշումը: Ինչպե՞ս կարող էին ռուս բոլշևիկները բավարարել հակաբոլշևիկյան ալյանսում գտնվող Հայաստանի պահանջները։ Ի վերջո, ինքնախաբեությունն էլ սահմաններ պետք է ունենա:
Հաջորդ տարածված տեսակետն այն է, թե ռուս-թուրքական դաշինքն անխուսափելի էր, և ինչպիսի դիրքորոշում էլ հայերն ունենային, ռուսները, հանուն թուրքերի հետ դաշինք կնքելու, միևնույնն է, զոհաբերելու էին հայկական շահերը: Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը: 1920թ. ամռանը քեմալականները պատերազմի մեջ էին հույների հետ, ռուս-հայկական համատեղ պահանջների առաջ անզոր էին և ստիպված էին զիջումների գնալ: Ճիշտ է, Հայաստանը Սևրի պայմանագրի չափ տարածք չէր կարող ձեռք բերել արևելյան Անատոլիայում, սակայն առնվազն դրա կեսը մենք կունենայինք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցին, ապա այստեղ էլ ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչ զիջումներ կարող էր անել Մոսկվան հայերին: Օրինակ, եթե մենք համաձայնեինք խորհրդային կարգերի հաստատմանը, ապա չէր բացառվում, որ դրա դիմաց կստանայինք և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը, և՛ Նախիջևանը: Այս խնդիրները կախված են լինում ոչ թե այս կամ այն ազգի հանդեպ համակրանքից, այլ այն բանից, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի խորհրդայնացման գինը պարզ էր: Քեմալականները և ադրբեջանցի պանթուրքիստները գնացին այդ քայլին, որպեսզի դրա դիմաց ստանան աջակցություն Մոսկվայից: Եվ հենց այդպես էլ եղավ: Փաստորեն, ռուսներին զոհաբերելով Ադրբեջանը՝ Թուրքիան փրկվեց: Հայաստանի խորհրդայնացման գինը անհայտ էր: Եվ այդ անհայտության տիրույթում ռուս բոլշևիկներն ունեին մանևրելու լայն դաշտ:
Տեսակետ էլ կա, թե իբր հայերը կարող էին ինքնուրույն լեզու գտնել թուրքերի հետ: Այս տեսակետը նույնպես իրատեսական չէր, քանզի քեմալականներն ընդունել էին իրենց «ազգային ուխտը» և ոչ մի մետր տարածք չէին զիջելու հայերին: Դա կարող էր արվել կա՛մ ուժով, կա՛մ քաղաքական պարտադրանքով: Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը հայերն այդ պահին չունեին:
1919թ. մենք մերժեցինք անգլիացիներին, 1920թ. ամռանը փաստացի մերժեցինք ռուսներին՝ ստորագրելով Սևրի պայմանագիրը, որն ուղղված էր Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և որի հետևանքով ընդամենը մի քանի ամիս անց այդ երկու ուժերի հարվածի տակ ընկնելով՝ կորցրեցինք և՛ տարածքները, և՛ պետականությունը: Այսպիսով, մենք արհամարհեցինք պետականության կառուցման մեզ առաջարկվող իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով՝ թիրախ դառնալով երկու հզոր ուժերի համար:
Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
Ինչպես ասում էր հայտնի ռուս փիլիսոփա Իվան Սոլոնևիչը. «Ցանկացած ժողովրդի պատմություն զարգանում է մաթեմաթիկայում հայտնի «մեծ թվերի օրենքով»: Կան ժողովուրդներ, որոնց զարգացումը բերում է նրանց հզորացման։ Կան ժողովուրդներ, որոնց զարգացումն աշխարհը չի նկատում։ Եվ կան ժողովուրդներ, որոնք անընդհատ զբաղված են ինքնասպանությամբ»:

Բժշկության մեջ հայտնի է, որ մի քանի անգամ ինֆարկտ տարած մարդն սկսում է ավելի զգույշ ապրել՝ գիտակցելով, որ հաջորդ հերթական ինֆարկտը կարող է ճակատագրական լինել իր համար:

Եթե վերադառնանք մեր ժողովրդի պատմությանը, ապա կարող ենք նկատել, որ մոտ 300 000 քկմ երբեմնի տարածք ունեցող երկրից դարձել ենք շուրջ 40 000 քկմ (Հայաստան-Արցախ) տարածք ունեցող փոքր ժողովուրդ: Մենք մեր պատմության մեջ այնքան «ինֆարկտներ» ենք ապրել, որ հաջորդը կարող է ճակատագրական լինել:

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կազմակերպության նախագահ

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը