Լրահոս

29.05.2018 14:05


Զինված միջադեպ Կարբի գյուղում. մեկ անձ ձերբակալվել է

Զինված միջադեպ Կարբի գյուղում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կարբի գյուղում մայիսի 27-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձ ձերբակալվել է։

Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ կիրառվել է հրազեն, կտրող-ծակող գործիք, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ, որից 2-ը՝ հրազենային վնասվածքներով, մեկը՝ դանակահարված։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։

Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, առգրավվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերը։

Ձեռնարկված լայնածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս Կարբիի բնակիչ է։ Նրա մասնակցությամբ կատարված քննչական գործողության արդյունքում Օհանավան գյուղի գերեզմանատան տարածքից հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։

Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը