Աշխարհ

28.05.2018 21:49


Ոստիկաններն արգելել են Բաքվում զանգվածային միջոցառումների անցկացումը (տեսանյութ)

Ոստիկաններն արգելել են Բաքվում զանգվածային միջոցառումների անցկացումը (տեսանյութ)

Այսօր Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ակտիվիստների երթը՝ դեպի առաջին հանրապետությանը նվիրված հուշասյուն: Դեռ մի քանի օր առաջ «Ֆեյսբուքում» «Ջումհուրիյեթ» անվամբ խումբ էր բացվել, որի անդամ օգտատերերը կոչ էին անում այսօր հավաքվել հուշասյան մոտ՝ նշելու առաջին հանրապետության 100-ամյակը: Սակայն ոստիկանությունն այսօր շրջափակել է տարածքը՝ թույլատրելով միայն 2-3 հոգանոց խմբերի մուտքը հուշարձանի տարածք:

Հարյուրավոր մարդիկ, սակայն, չեն ցրվել, նրանք փոքր խմբերով հուշասյան մոտ ծաղիկներ դնելուց հետո միավորվել են ու Բաքվի կենտրոնում բազմամարդ երթ անցկացրել: Մի քանի հարյուր ակտիվիստներ ու ընդդիմության ներկայացուցիչներ ակցիա են անցկացրել նաև առաջին հանրապետության հիմնադիր համարվող Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ, որը գտնվում է նրա ծննդավայրում՝ Բաքվի մերձակա Նովխանի ավանում:

Ադրբեջանի ընդդիմությունը մեկ օր առաջ էլ հավաք էր անցկացրել Բաքվի արվարձաններից մեկում գտնվող մի դահլիճում: «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Արիֆ Գաջիրլին իր ելույթում, մասնավորապես, ասել է․ «Այս երկրում ո՛չ հարուստները, ո՛չ աղքատները, ո՛չ պաշտոնյաները, ո՛չ շարքային քաղաքացիներն իրենց երջանիկ չեն զգում՝ բարոյական ծանր մթնոլորտի պատճառով»:

«Բայց ոչ մի ռեժիմ ժողովրդից ուժեղ չէ, և այս իշխանությունը ևս, ի վերջո, կհեռանա ասպարեզից»,-նաև հայտարարել է նա: Մյուս ընդդիմադիրները նույնպես իրենց ելույթներում նշել են՝ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման խոչընդոտը ներկայիս իշխանությունն է:

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված պաշտոնական արարողությունն այսօր ավելի վաղ է անցկացվել: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը առաջին հանրապետությանը նվիրված հուշարձանին ծաղիկներ է դրել, այնտեղ զինվորական պատվո շքախումբ է շարվել, հնչել է երկրի օրհներգը, որից հետո հետո պաշտոնական ընդունելություն է տրվել: Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով պաշտոնական ընդունելության ժամանակ, դարձյալ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք թույլ չի տա «իր պատմական հողերի վրա» հայկական երկրորդ պետության ստեղծումը:

«Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների շարքում է, և մենք դա ապացուցել ենք կռվի դաշտում: Շփման գծում 2016-ի ապրիլին մեր բանակի փառապանծ հաղթանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անկախության երաշխավորը հանդիսանում է ուժեղ բանակը»,- հայտարարել է Ալիևը:

Իր ելույթում նա նաև գովաբանել է հորը՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևին՝ ասելով․ «1991-ին անկախությունը վերագտած Ադրբեջանի կառավարությունը երկիրն անվերահսկելի էր դարձրել, մեր հողերը գրավել էին և ժողովուրդը փրկության ճանապարհ է գտել՝ իշխանության հրավիրելով Հեյդար Ալիևին»:

«Մենք իրականություն ենք դարձրել առաջին հանրապետության հիմնադիրների երազանքները, մեր ապագան հուսալի ձեռքերում է»,-նաև հայտարարել է Իլհամ Ալիևը:

Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Ադրբեջանին հղված ուղերձներում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշել է, թե 1991-ին իր անկախությունը վերականգնելուց հետո Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում մեր երկարատև համագործակցության շարունակմանը, մեր համատեղ աշխատանքի խորացմանը անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում: Անհամբերությամբ ենք սպասում նաև մեր երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու ջանքերին և կողմերին հետևողական կոչ ենք անում՝ որքան հնարավոր է շուտ վերականգնել բանակցությունները»,-գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը ներկայումս շրջագայում է Հարավային Կովկասում: Երեկ նա Բաքվում էր, այսօր ժամանել է Երևան: Բաքվում Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, թե Ֆրանսիան ակտիվացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքները:

«Հուսով ենք՝ առաջիկա ամիսներին ավելի ակտիվ ջանքեր կգործադրվեն, որոնք հնարավորություն կտան հակամարտության լուծման ուղիներ գտնել»,-նշել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, նաև հայտնելով, որ մինչև տարեվերջ, ենթադրաբար դեկտեմբերին, Ադրբեջան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, իսկ հուլիսին Ֆրանսիա է մեկնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ այսօր Նյու Յորք է մեկնել արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա մասնակցելու է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք՝ Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը