Կարծիք

19.02.2010 14:35


Հայաստանն արևելքի ու արևմուտքի միջև(պատմական ակնարկ)

Հայաստանն արևելքի ու արևմուտքի միջև(պատմական ակնարկ)

 Ձևավորվելով բնության տարերքների միջավայրում եւ դրանց դիմակայելու ընթացքում, մարդկային քաղաքակրթությունները սովորաբար բնութագրում էին մեկմեկու այս կամ այն տարերքի ու միջավայրի օգնությամբ:

Հին Հունաստանից մինչեւ Կոլումբոսի ու Մագելանի ճանապարորդությունների դարաշրջան' արեւմտյան, կամ, ավելի ստույգ, եվրոպական քաղաքակրթությունը ինքնորոշվում էր իբրեւ ծովային տարերքի ծնունդ եւ արտացոլում: Մշակութային առումով գրեթե առաջին անգամ դա արտահայտվեց որպես բանաձեւ Քսենոֆոնտի "Անաբասիսում", որտեղ, նկարագրելով տասհազարանոց հունական զորքի նահանջը Հայոց լեռներից դեպի արեւմուտք, նա բառացիորեն փոխանցեց հույների հրճվանքը, երբ երկար ճանապարհից հետո նրանք հասան ծովեզր եւ ուրախությամբ սկսեցին բացականչել ' «Տալասա, տալասա...», ինչը նշանակում է ծով:

Անկասկած' Միջերկրականում հազարավոր կղզիների առկայությունն ու մատչելիությունը, բնակլիմայական մեղմ պայմաններն ու նավավարելու բարենպաստ նախադրյալները հսկայական չափով ձեւավորեցին հին հունական և հետեւաբար ողջ արեւմտաեւրոպական քաղաքակրթության յուրահատկությունները' ճկունությամբ ու հետաքրքրասիրությամբ, արկածախնդրությամբ ու երեւակայությամբ, հաշվարկված ռացիոնալիզմով ու վաճառական ոգով հանդերձ: Համեմատության համար հիշենք, որ կայսր Ներոնի հրավերով, ուղևորվելով Հռոմ, հայոց արքա Տրդատն ընտրեց ցամաքային երկար ճանապարհը եւ հակառակ հռոմեացիների սպասելիքներին ճանապարորդեց ոչ թե երկու-երեք, այլ ամբողջ ինը  ամիս, ահռելի ծախսեր պատճառելով հրավիրող կողմին, քանի որ Ներոնն իր վրա էր վերցրել հայոց արքայի ու նրա հսկայական թիկնազորի ողջ ճանապարհի ծախսերը: Պատճառն այն էր, որ հայերը երկրպագում էին ջրի ու կրակի տարերքներին, ուստի եւ խուսափում էին ծովային ճանապարհորդությունից, որպեսզի չպղծեն ծովի ջուրը մարդկային կեղտով: Ակնհայտ է, որ կրոնական այս տարբերությունների հետեւում ընկած էին նաեւ խորագույն քաղաքակրթական տարբերություններ: Հասկանալով նման բաժանման ողջ պայմանականությունը, կարելի է այնուամենայնիվ նշել որոշակի տարբերություն' մի կողմից «ծովային" ազգերի յուրահատուկ «եւրոպական քոչվորության» ու պատմական նախահարձակության, մյուս կողմից' «մայրցամաքային» ազգերի նստակյաց, հողագործական սկզբունքների վրա հիմնված քաղաքակրթությունների միջեւ:

Փնտրելով այդ պայմանական ջրբաժանը, կամ միգուցե ցամաքային սահմանն  Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, կարելի է իբրեւ տարբերություններից նշել այն, որ վերջիններս ձգտում են կազմակերպել սեփական արտադրությունն ու ապավինել դրան, մինչդեռ «ծովային» քաղաքակրթությունները գերադասում էին հիմնականում զբաղվել առեւտրային փոխանակմամբ, վաճառական միջնորդությամբ ու ֆինանսական գործունեությամբ: Ուստի, կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքի զարգացումը հիմնականում ընթանում էր Հունաստանի ու Հռոմի օրինակով ծովային քաղաքակրթության նախանշած ճանապարհով, արտացոլվելով մերթ սկանդինավյան վիկինգների արշավանքներով, մերթ Իսպանիայի ու Պորտուգալիայի (որի անվանումն անգամ, ի դեպ, նշանակում է նավահանգիստ) և վերջապես Բրիտանիայի ծովապաշտական ծավալապաշտությամբ:

Միաժամանակ Արեւելյան վիթխարի պետությունները զարգանում էին ցամաքային, ավելի ճիշտ' մայրցամաքային տեսլականով, Պարսկաստանից մինչեւ Հնդկաստան, Ռուսաստանից մինչեւ Չինաստան: Հետաքրքիր է, որ ժամանակակից դիվանագիտությունն առ այսօր գործածում է «ատլանտյան քաղաքականություն», «Հյուսիս-ատլանտյան ռազմական դաշինք», «Խաղաղ օվկիանոսի երկրների միավորում»եւ նմանատիպ այլ անվանումներ, սահմանելով հստակ աշխարհաքաղաքական համակարգեր, որոնց առկայությունը պահանջում է մեզանից նույնպիսի հստակ դիրքորոշում:

Երեք ծովերով շրջափակված Հայկական լեռնաշխարհը բնակեցնող հայ ժողովուրդն իր չորսհազարամյա պատմության ընթացքում բազմիցս ստիպված է լինում կատարելու եւ ժամանակ առ ժամանակ վերանայելու իր աշխարհագրական ու քաղաքական և քաղաքակրթական ընտրությունը Արեւմուտքի եւ Արեւելքի, այլ կերպ ասած' ծովի ու ցամաքի միջեւ:

Այս առումով հատկապես ուշագրավ է մեր պատմության այն դարաշրջանը, երբ նման ընտրություն կատարվեց երկու անգամ, նույն սերնդի ընթացքում, այն էլ հակառակ ուղղություններով: Դա հայոց արքա Տիգրան Մեծի կառավարման տարիների' Ք.Ա. առաջին դարի մասին է:

Տիգրանը առաջինն էր հայոց արքաներից, ով ընտրեց արեւմտյան, ավելի ճիշտ' հելլենիստական արժեքային համակարգ, հետեւելով իր կուրքը հանդիսացող Ալեքսանդր Մակեդոնացու օրինակին: Նա շրջապատում է իրեն հույն փիլիսոփաներով և բանաստեղծներով, հրավիրում կամ ստիպում էր հույն արհեստավորներին ու արվեստագետներին բնակվելու իր նորաստեղծ ու նվաճած քաղաքներում: Նույն ոճով նա դաստիարակում է որդուն' Արտավազդին, որը ոչ միայն թատերական բեմադրություններ էր ստեղծում հունարեն լեզվով, այլ նաեւ դրոշմահատում էր իր մետաղադրամը «բասիլիոս ֆիլէլլենիկոս», այսինքն' «հունասեր արքա» արձանագրությամբ:  Տիգրանը պաշտոնապես միավորեց հայ հին աստվածներին հունական պանթեոնում, համադրելով Արամազդին Զևսի, Տիրին' Ապոլլոնի, Վահագնին' Հերակլեսի հետ: Պտղաբերության աստվածուհի Անահիտը նույնացվեց հռոմեական Դիանային ու հունական Արտեմիսին, սիրո դիցուհի Աստղիկը' Աֆրոդիտեին, իսկ Նանեն' Աթենային:

Պետք է ճիշտ գնահատել ու հասկանալ Տիգրանի քաղաքական ընտրությունը, քանի որ նրա ընդգծված հելլենիզմը հեղափոխում էր հայերի ավանդական կապվածությունն ու որոշակի կախվածությունը պարթեւներից, կտրուկ շրջադարձ կատարելով դեպի հունական քաղաքակրթություն եւ արժեհամակարգ, որի կենտրոնում ոչ թե բիրտ ուժն էր ու իշխանության երկաթե ձեռքը, այլ մարդն ու մարդասիրությունը: Տիգրան Մեծի կատարած այս բարոյական ու գաղափարական հեղափոխությունը պատրաստեց Հայաստանն ու հայերին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու ապագա առաքելությանը' երեք դար անց:

Հատկանշական է, որ Տիգրան արքան որպես քաղաքական իդեալ ընտրեց ոչ թե իր ժամանակի գերտերություն հանդիսացող Հռոմը, նրա ազգային գերակայության քարոզով ու «բաժանիր որ տիրես» կայսերական սկզբունքով, այլ հենց նույն Հռոմի կողմից նվաճված ու նվաստացած Հունաստանը, հատկապես դրա առասպելական տիրակալ Ալեքսանդր Մակեդոնացուն, ով  ձգտում էր ոչ թե ստրկացնել նվաճված ազգերն ու երկրները, այլ ազատագրել, կրթել ու միավորել նրանց: Ակնհայտ է, որ Տիգրանի  հակահռոմեականությունը պետք է ունենար նաեւ անձնական պատճառ, այն է'  նրա պապ, Արտաշես արքայի հռչակավոր հյուր ու դաշնակից Հաննիբալի առասպելական ճակատագիրը: Եւս մի կարեւոր և միգուցե որոշիչ դեր Տիգրանի հոգեբանական ու ռազմաքակաքական ընտրության ժամանակ շրջադարձ կատարեց այն հանգամանքը, որ 30 տարեկան հասակում, թագաժառանգ արքայազն Տիգրանը պատվավոր պատանդի կարգավիճակով հայտնվեց պարթեւական արքունիքում, ուր փաստացի գերության մեջ անցկացրեց երկար ու ձիգ 17 տարի: Այդ տարիները անհետեւանք չմնացին ոչ Տիգրանի, ոչ էլ պարթեւների համար: Հայոց արքայազնը մանրամասնորեն ուսումնասիրել էր Պարթևական պետության, արքունիքի, բանակի, կառավարման համակարգի բոլոր առանձնահատկություններն ու թերությունները, որն էլ օգնեց նրան երկու տասնամյակ անց ծանրագույն պարտություն մատնել վիթխարի այդ կայսրությանը, Մակեդոնացուց հետո երկրորդ անգամ պատմության մեջ նվաճելով վերջինիս հսկայական տարածքն ու Արքայաց Արքա տիտղոսը:

Էական է, որ Տիգրան Մեծը երբեք չփորձեց ոչնչացնել, տրոհել կամ ավելորդ անգամ նվաստացնել պարթեւական պետությանը: Քաղաքական առումով նվաճելով ողջ Միջին Արեւելքը եւ Փոքր Ասիան, հայոց արքան գիտակցում էր, որ անհնար է արդյունավետ ու հարատեւ վերահսկողություն հաստատել Միջերկրական ծովից մինչեւ Հնդկական օվկիանոս ընկած այդ վիթխարի տարածքում: Նա կենտրոնացրել էր պետականաշինական իր գործունեությունը պատմական Հայաստանի տարածքում, ստեղծելով այնպիսի բարենպաստ պայմաններ սեփական սահմանների ներսում, որ Սիրիան, օրինակ, կամավոր ցանկացավ միանալ նրա կայսրությանը, իսկ հրեական պատմիչները դեռ հարյուր տարի անց  հիշատակում էին Տիգրան արքայի բարեհամբյուր ու մեծահոգի վերաբերմունքը իրենց ազգի ու թագուհու հանդեպ: Ամենակարեւոր աշխարհաքաղաքական ձեռքբերումը, որն արձանագրեց Տիգրան Մեծը' Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ ռազմավարական դաշինքն էր, որի արդյունքում Պոնտոսի Սեւծովյան նավահանգիստները միացվեցին Մեծ Հայքի սահմաններով անցնող միջազգային տարանցիկ մայրուղիներին,  ստեղծելով Հին աշխարհի յուրահատուկ ազատ տնտեսական գոտի, Եւրոպայից մինչեւ Հնդկաստան ու Չինաստան ձգվող Մետաքսե Ճանապարհի ամենակայուն ու պաշտպանված հատվածը: Եվ այս տարածքում կտրուկ աճեցին տնտեսությունն ու առեւտուրը, ծաղկեցին արհեստներն ու մշակույթը, բարելավվեց մարդկանց կենսամակարդակը: Եւ հենց այս պահին, կամ ավելի ճիշտ' հենց այդ պատճառով Փոքր Ասիա ներխուժեց Հռոմը, որն իր աշխարհակալական նպատակների համար մեծագույն վտանգ էր տեսնում Տիգրան Մեծի եւ Միհրդատ Պոնտացու քաղաքական ու տնտեսական հզորացման մեջ:

Մեծն Հաննիբալ Կարթագենացուց մեկ դար անց, Ք.Ա. 90-60 թթ., շուրջ երեսուն տարի շարունակ Տիգրան Մեծի եւ Միհրդատ Եվպատորի զորքերը մարտնչում էին Հռոմից իրար հետեւից ներխուժող Մանիոս Աքվիլիոսի, Մալտիոս Մալտինիոսի, Լուկուլլոսի, ապա եւ Պոմպեոսի լեգիոնների հետ, երբեմն ջախջախիչ պարտությունների մատնելով հռոմեացիներին, ու ազատագրելով ոչ միայն Փոքր Ասիան, այլ նաեւ ներխուժելով Եվրոպա եւ ապստամբություն հրահրելով Հունաստանում: Սա հին պատմիչների կողմից լռության մատնված մի ամբողջ ու դեռեւս չուսումնասիրված պատմական շրջան է, սակայն մի կողմ թողնելով այդ պատերազմների ընթացքը, որոնց արդյունքում, իմիջիայլոց, հռոմեացիներին այդպես էլ չհաջողվեց վերահսկողություն սահմանել Հայաստանի հանդեպ, ուշադրություն դարձնենք Տիգրան Մեծի արտաքին քաղաքականության յուրահատկություններին:

Երեսունամյա անհաշտ դիմակայությունը համոզեց հայոց արքային, որ արեւմտամետ իր ռազմավարությունը անընդմեջ բախվելու է Արեւմուտքի գերտերություն դարձած Հռոմի շահերին: Միհրդատ Եվպատորի հետ մեկտեղ, Տիգրան Մեծը հանդիսանում էր հին աշխարհի վերջին հելլենիստական տիրակալը, ով փորձեց իրականացնել Ալեքսանդր Մակեդոնացու քաղաքական իդեալիզմը, որը ճակատագրական հակասության մեջ մտավ Արեւմուտքում ձեւավորվող նոր իրականության հետ, հանձինս կայսերական դարաշրջան թեւակոխած Հռոմի:

Ուստի, հայոց արքան կատարեց երկու կարեւոր եզրակացություն: Առաջինը կրում էր մարտավարական բնույթ: Նա գործելաոճ դարձրեց պարթեւական ու հռոմեական բանակների դեմ հաջողությամբ կիրառված այն մարտական հնարքը, որը մշակել էր դեռեւս գերության տարիներին: Ուսումնասիրելով քոչվոր ցեղերի ասպատակությունների ժամանակ վերջիններիս կողմից կիրառվող մարտավարությունը, երբ հեծելազորը արագ հարձակումներից հետո միտումնավոր նահանջում էր, ապակողմնորոշելով ու քայքայելով թշնամու հետեւակի ամուր շարքերն եւ տեղ բացելով  հարձակման նոր ալիքի համար: Այսպես Տիգրան Մեծը Ք.Ա. 66 թվականին վարվեց Արտաշատը պաշարած Պոմպեոսի հետ, չփորձելով նորից վտարել թշնամուն, ինչպես դրանից հինգ տարի առաջ վտարեց Լուկուլլոսին, այլ դիմելով թվացյալ նահանջի, և որի միջոցով հասավ փայլուն արդյունքի: Ք.Ա. 66 թ. կնքված հայ-հռոմեական խաղաղության պայմանագիրը հաստատեց Մեծ Հայքի սահմաններում Տիգրանի ինքնիշխանությունը, անջատելով նրանից միայն Սիրիան, Փյունիկիան ու Կիլիկիան: Հայոց արքան գիտակցում էր, որ ծավալապաշտությամբ վարակված Հռոմը ուղարկելու է նորանոր զորքեր' կայսերական իր մոլուցքը հագեցնելու համար: Ուստի հեռատես Տիգրան արքան, հիշելով իր մանկության հերոսի' Ալեքսանդրի սիրած գիրքը, Հոմերոսի «Իլիականը», նմանօրինակ մի «տրոյական ձի» ուղարկեց Հռոմ' ի դեմս Պոմպեոսի, որն առանց պատերազմի ստանձնելով հաղթողի համբավը, Հայաստանից Հռոմ վերադարձավ որպես իշխանության հիմնական հավակնորդ: Հայոց արքայի այս հաշվարկը իրականացավ մի քանի տարի անց, երբ հռոմեական եռիշխանությունը վերածվեց երեսունանամյա քաղաքացիական պատերազմի' Հուլիոս Կեսարի եւ Պոմպեոսի միջեւ, որի ընթացքում երկուսն էլ սպանվեցին: Իսկ իշխանության երրորդ հավակնորդ' Մարկոս Կրասսոսը հայոց մայրաքաղաք Արտաշատ հասավ միայն մասամբ, երբ իր կտրած գլուխը թատերական բեմադրության ժամանակ բերեցին Տիգրան Մեծի որդուն' Արտավազդ արքային, որպես հռոմեացի զավթիչների կրած խայտառակ պարտության եւ հայ-պարթեւական զորքի նոր հաղթանակի խորհդանիշ:

Սա արդեն Տիգրանի երկրորդ' ռազմավարական եզրակացության արդյունքն էր: Կյանքի վերջում գիտակցելով Հայաստանի արեւմտամետ քաղաքականության ձախողումը, հայոց մեծ արքան կամք եւ իմաստություն դրսևորեց, կատարելով երկրորդ կտրուկ շրջադարձն ու վերադարձնելով իր երկիրը «ծովային» դաշինքների վտանգավոր հոսանքներից դեպի ավանդական «ցամաքային» քաղաքակրթության դաշտը: Ընդամենը երկու տարի անց, Տիգրանը կնքում է ռազմավարական պայմանագիր պարթեւների արքա Փրաաթ երրորդի հետ, ստեղծելով հայ-պարթեւական նոր դաշինք, որը գոյատեւեց շուրջ 500 տարի, մինչեւ որ 428 թվականին անհեռատես հայ նախարարների աջակցությամբ ընդհատվեց Հայոց Արշակունիների հինավուրց արքայական հարստությունը:

Տիգրան Մեծի պատգամը անցած հազարամյակների ընթացքում մնում էր արդիական հայերի համար: Անգամ վտարանդիության պայմաններում այն ապահովում էր հայկական համայնքներին առավել բարենպաստ դիրքեր Արեւելյան եւ հարավային երկրներում, քան Արեւմուտքում: Բավական է համեմատել Իրանում եւ արաբական երկրներում, անգամ Հնդկաստանում պահպանվող հայկական համայնքների ազգային ինքնուրույնությունը Եւրոպայում անվերադարձ ձուլվեց վիթխարի հայկական զանգվածների հետ:

Հայոց քաղաքակրթության «ցամաքային» ուղղվածությունը, բնավ, չի նշանակում մեր ազգի ինքնամեկուսացում կամ հրաժարում "ծովի" ընձեռած հնարավորություններից: Միջերկրականի ծովեզրին միջնադարում ծաղկած Կիլիկյան Հայաստանի երեւույթը բոլորովին էլ չի հակասում այս «արևելամետ» ավանդույթին: Բավական է հիշել Կիլիկիո արքա Հեթումի աննախադեպ ճանապարհորդությունը դեպի Կարակորում, մոնղոլական կայսրության մայրաքաղաք, որտեղ հայոց արքան ոչ միայն յուրօրինակ դաշինք հաստատեց ցամաքային ամենահզոր տիրակալների հետ, այլ նաեւ քրիստոնեություն էր քարոզում նրանց շրջանում, կարծես, կանխազգալով, որ ճակատագրական պահին ոչ մի եւրոպական պետություն օգնության ձեռք չի մեկնի հայոց վերջին թագավորությանը:

Էլ ավելի ուսանելի ու համոզիչ է նոր ժամանակների օրինակը, երբ 17-րդ դարում հայ առեւտրական նավատորմի գերակայությունը Չինաստանի, Հնդկաստանի եւ Ֆիլիպինների ծովերում կատաղի դիմադրության էին հանդիպում Արեւմուտքի այն ժամանակի գերտերության' Բրիտանիայի կողմից, որը չէր գարշում ծովահենների միջոցով ճնշել ու կողոպտել հայերին: Արդյոք սա չի՛ հիշեցնում Տիգրան Մեծի տնտեսական քաղաքականության հանդեպ հին Հռոմի անհադուրժողականությունը: Պատահակա՞ն է, արդյոք, հայոց Ցեղասպանության տարիներին հնչած տխրահռչակ հայտարարությունն այն մասին, որ նույն բրիտանական նավատորմը չի կարող մագլցել հայոց լեռները, քրիստոնյա ազգ փրկելու համար: Արդյո՞ք, նույն այս մոտեցումը չէր հնչում Միջին արեւելքում բրիտանական հետախուզության ղեկավար' գնդապետ Լոուրենսի հայատյաց հայտնի հայտարարություններում...

Այսօր, երբ Հայաստանը, փնտրելով զարգացման հեռանկար, հաճախ դիմում է Արևմուտքին, երբ տեղական գործիչները հաշվարկում են Եվրոպական Միությանը անդամակցելու մեր հնարավորությունները, արժե վերհիշել մեր սեփական պատմությունը, որպեսզի, հետեւելով Տիգրան Մեծին ու Կիլիկիո Հեթում արքային, եզրակացնենք' արևմտյան ծովային մայրաքաղաքներում ու նավահանգիստներում մեզ չեն սպասում և չեն ընդունելու: Ուստի, ո՞րն է ելքը: Այս հարցը տարօրինակ է հնչում արևապաշտ մեր ազգի համար, ուր առ այսօր երդվում են հոր և մոր արևով, բայց մոռանում են' որտեղից է ելնում արևը: Ելքը' Արեւելքն է:

Վերջին քսան տարվա արտաքին քաղաքական տեղատվությունների և մակընթացությունների արդյունքում, մեր իշխանությունները ստեղծեցին Հայաստանում արևմտյան կապիտալիզմի ամենանողկալի և թերզարգացած, այսպես կոչված «լեվանտական», կամ ավելի ստույգ' թուրքական  վարկածը: Այն բնութագրվում է ծայրահեղ սոցիալական բևեռացմամբ ու անարդարությամբ, տնտեսական կախվածությամբ, քաղաքական անկայունությամբ ու անազատությամբ: Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները' սույն «լեվանտացման», այսինքն երրորդ կարգի «ատլանտիզմի» ներմուծման հերթական փորձն է: Ավելին' եթե էժան աշխատուժի ու նրա ծայրահեղ աղքատության շնորհիվ Թուրքիան ապահովում է սեփական տնտեսության ու արդյունաբերության որոշակի զարգացում, ապա Հայաստանին փորձում են իջեցնել հումքային կցորդի, տարածաշրջանային խաղատան ու պոռնկատան մակարդակի: Մինչդեռ նույն քսան վերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք բացարձակապես հակառակ ուղղությամբ զարգացող Արեւելյան ավանդական քաղաքակրթություններ' Չինաստան, Հնդկաստան, Իրան, որոնք մեր աչքի առաջ հասնում են բառի բուն իմաստով տիեզերական բարձրունքների, ապավինելով սեփական ուժերին, ձգտելով ազգային շահի ու արժեքների իրականացմանը: Պատահական չէ, որ վերջին երկու դարերի մեր դաշնակից Ռուսատսանի հետ միասին, հենց այս երկրները կազմեցին այսպես կոչված Շանհայան դաշինքը, որը խորհրդանշում է մայրցամաքային քաղաքակրթության պատմական հաղթանակը նոր թվարկության սկսվող երրորդ հազարամյակում: Ահա որտեղ է, իմ խորին համոզմամբ, մեր տեղը, մեր դերն ու մեր ապագան, որը նախանշել է Հայոց մեծագույն արքան, միակը, որին հայ ժողովուրդը իզուր չէ, որ անվանել է Տիգրան Մեծ:

Տիգրան Խզմալյան

Այս խորագրի վերջին նյութերը