Մեկնաբանություն

18.02.2010 19:30


ԵՊՀ քիմիական ֆակուլտետում կռիվ էր ընկել ...

ԵՊՀ քիմիական ֆակուլտետում կռիվ էր ընկել ...

Փետրվարի 12-ին ԵՊՀ-ում տեղի է ունեցել քիմիական ֆակուլտետի դեկանի ընտրություն: Դեկանի պաշտոնի համար սկզբում չորս թեկնածու է պայքարել, սակայն հավակնորդներից մեկը քվեարկությունից առաջ ինքնաբացարկ է հայտնել։ Երեք թեկնածուներից՝ Համբարձում Խաչատրյան, Ռոբերտ Մկրտչյան, Տարիել Ղոչիկյան, ընտրվել է վերջինս։

Ինչպես մեզ տեղեկացրել է ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը, ֆակուլտետի հոգաբարձուների խորհրդի 47 անդամներից քվեարկությանը մասնակցել է 46-ը, որոնցից 1-ը ձեռնպահ է մնացել, 25-ը քվեարկել է Տարիել Ղոչիկյանի օգտին,  16-ը՝  Համբարձում Խաչատրյանի, 4-ը՝  Ռոբերտ Մկրտչյանի։ Թեև դեկանի պաշտոնի երեք հավակնորդները մարտականորեն տրամադրված չեն եղել, սակայն փոխարենը մրցակցությունը սրել են քվեարկությանը մասնակից մի քանի դասախոսներ և ուսանողներ:

Նրանք նույնիսկ ընտրությունից  հետո հրապարակավ հայտարարել են, թե պետք է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել, և որ մի քանի դասախոսներ, ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ, համալսարանի ուսանողական խորհրդին ճնշելով, 12 ուսանողի ստիպել են ձայները տալ իրենց թեկնածուին։

ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշել է, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, և դեկանի պաշտոնի համար պայքարող թեկնածուներն արդեն իսկ տեղում շնորհավորել են Տարիել Ղոչիկյանին։ Ոչ ոք ցանկություն չի հայտնել բողոքարկել քվեարկության արդյունքները։

-Համբարձում Խաչատրյանի հետ համեմատած՝ տարբերությունը մեծ է՝ 9 ձայն, և համեմատելու չէ Տարիել Ղոչիկյանի հետ։ Ընթացակարգ կա, որ թեկնածուներն անհամաձայնության դեպքում կարող են իրենց բողոքը հայտնել, սակայն ոչ ոք ոչինչ չի ասել։ Նույնն էլ ուսանողներին է վերաբերում,-նշել է Գրիգորյանը։

Իսկ մի խումբ դասախոսների և ուսանողների անունից մեզ հասած նամակում հստակեցվում է. «Բազմաթիվ ուսանողների վկայությամբ՝ մինչև դասախոսների քվեարկությունը ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանի և ուսանողական գիտական ընկերության նախագահ  Կառլեն Խաչատրյանի կողմից իրենց նկատմամբ ճնշում է գործադրվել»:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ անձամբ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանից։

Մեզ հետ զրույցում նա ասաց, թե բողոքներ չունի, բայց....

-Անկախ որևէ բանից՝ ես չէի կարողանալու հաղթել, որովհետև ուսանողների ձայները չէին կարող որոշիչ լինել, եթե անգամ այդ ուղղությամբ գնային։ Ես բողոքարկելու որևէ բան չունեմ, ուստի չեմ միջամտել ընտրությանն ու շնորհավորել եմ հաղթած թեկնածուին,-ասել է Խաչատրյանը։

Այն հարցին, թե եթե համոզված էր, որ, անկախ ամեն ինչից, չէր հաղթելու, ապա  մասնակցության իմաստը ո՞րն էր, նա պատասխանել է հետևյալ կերպ. «Ժամանակ առ ժամանակ մարդիկ հիասթափվում են իրենց շրջապատից և մոտ ընկերներից։ Ընդամենը։ Ես սխալ հաշվարկներ էի կատարել։ Այդ հարցին պետք չէ շատ կարևորություն տալ, որովհետև ընտրվել է համալսարանի մեր կոլեգաներից մեկը՝ բազմամյա դասախոս, արժանի մի մարդ»։

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում ուսանողներն ու դասախոսները։

-Ուսանողները բողոքելու տեղ ունեն, բայց ես չեմ բողոքում,-ասեց Խաչատրյանը՝ եզրակացությունները թողնելով ուրիշներին։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը