Աշխարհ

14.05.2018 22:31


Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը քննադատել է Օզիլին և Գյունդողանին Էրդողանի հետ լուսանկարի համար

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը քննադատել է Օզիլին և Գյունդողանին Էրդողանի հետ լուսանկարի համար

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռիխարդ Գրինդելը քննադատել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլին և Իլկայ Գյունդողանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը ֆուտբոլիստներին քննադատող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Գերմանիայի ֆուտբոլային միությունը հարգում է մեր ֆուտբոլիստների հատուկ կարգավիճակը, ովքեր այլ ծագում ունեն, սակայն միությունն արժեքներ է դավանում, որոնք անհրաժեշտ կերպով չեն պահպանվում պարոն Էրդողանի կողմից: Դրա համար լավ չէ, որ մեր ազգային թիմի խաղացողներն օգտագործվեն նրա նախընտրական քարոզարշավի համար»,-գրել է Գրինդելը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Գերմանիայի ազգային թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի և «Էվերթոն»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի հարձակվող Ջեք Տոսունի հետ: Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ թուրքական ծագում ունեն:

Այս խորագրի վերջին նյութերը