Քաղաքական

13.05.2018 21:02


«Երկիր Ծիրանի»․ Ուղերձ ՀՀ ժամանակավոր կառավարության անդամներին

«Երկիր Ծիրանի»․ Ուղերձ ՀՀ ժամանակավոր կառավարության անդամներին

Հարգելի վարչապետ և փոխվարչապետներ,

Հարգելի նախարարներ,

Այսօր այս դժվարին և ճգնաժամային պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդի քվեով սահմանված Հայոց պետականության քաղաքական կառուցվածք, երբ գործում է 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեով և 2017 թվականի կեղծիքով ձևավորված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, երբ գործում է ապօրինի մարմնի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության անօրինական նախագահ` դուք ստանձնեցիք ոչ միայն պարտականություն` լինելու Ժամանակավոր կառավարության անդամներ, այլ նաև լուրջ պատասխանատվություն` ապահովելու քայլ բռնակալությունից դեպի ժողովրդավարություն:

Մենք գիտակցում ենք, որ բռնակալից ազատումը դեռ չի նշանակում ազատում բռնակալական համակարգից:

Մենք գիտակցում ենք, որ բռնակալի և նրա նախորդների կողմից ստեղծված բռնակալական համակարգը դեռ կենդանի է և կենսունակ:

Մենք լիահույս ենք, որ դուք անմիջապես կլծվեք աշխատանքի և ամենօրյա ջանքեր կգործադրեք` ձեր տնօրինության տակ գտնվող սեղմ ժամկետում իրականացնելու առաջնահերթ լուծում պահանջող գործողություններ:

Համահայկական Մեծ Ընդվզման նախնական շոշափելի արդյունք արձանագրելու համար` հուսով ենք, որ արդեն վաղվանից հանդես կգաք հստակ գործողություններ կատարելով և կներկայացնեք.

  • համապատասխան միջնորդություններ (անձնական երաշխավորագիր)` «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների, Կարո Եղնուկյանի, Սամվել Բաբայանի նախնական կալանքից ազատելու վերաբերյալ,
  • հաղորդումներ հանցագործության մասին (ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու վերաբերյալ)` Շանթ Հարությունյանին և ընկերներին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչելու և ազատազրկելու վերաբերյալ,
  • մեծ համապարփակ համաներման մասին օրենք և կնպաստեք այդ օրենքի ընդունմանը:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

13 մայիսի 2018թ.

Այս խորագրի վերջին նյութերը