Կարծիք

07.12.2010 16:10


Երբ ներքեւում ավգյան ախոռներն են, իսկ վերեւում՝ «ախպեր տղերքը»...

Երբ ներքեւում ավգյան ախոռներն են, իսկ վերեւում՝ «ախպեր տղերքը»...

Վերջերս վարչապետական բարձր մակարդակով լուրջ մտահոգություններ հնչեցին մեզանում կոռուպցիոն երեւույթների խորացման առնչությամբ: Իսպառ «համը հանած" չորս ոլորտների թվում Տիգրան Սարգսյանի քննադատության թիրախ դարձավ նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, ինչին հետեւեցին երեք բարձրաստիճան պաշտոնյաների' աշխատակազմի ղեկավարի եւ երկու փոխնախարարների ազատումները:

Դժվար է ասել, թե վերոնշյալ պատասխանատու աշխատողների պաշտոնանկությամբ որքանով համակարգում կնվազեն կոռուպցիայի դեպքերը կամ կնվազեն արդյոք, բայց մի բան հաստատ է' կադրերի անհարկի ու անիմաստ փոխատեղումներով վիճակը չի շտկվի: Միգուցե իսկապես կոռուպցիան արմատախիլ անելու մեծ ցանկությունն է գերատեսչություն բերել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի Տիգրան որդուն' որպես փոխնախարար, եւ մյուս հեռացվածներին փոխարինող երկու նորերին, սակայն ցանկությունը կոռուպցիայի պես չարիքի դեմ պայքարում ամենազորեղ միջոցը չէ: Եվ երկրորդ' մեր օրերում անկեղծ պոռթկման այդպիսի հեքիաթներին հավատալու համար պետք է շատ վառ երեւակայություն ունենալ:

Ուզածդ բնագավառում, եւ առողջապահությունը բացառություն չէ, կոռուպցիայի դեմ պայքարը դրական արդյունք չի տա, մինչեւ վերից վար չփոխվի ընդհանուր մթնոլորտը եւ խենեշ ու շահամոլական ձգտումներ ունեցող արկածախնդիրներից չմաքրվեն համակարգի ավգյան ախոռները' նրա բոլոր օղակներում: Մեր խառնակ ժամանակների համար տիպական մի դեպքի մասին տողերիս հեղինակը տեղեկացավ բոլորովին վերջերս:

Կասկադի մոտ գտնվող «Դելտա կլինիքս» ախտորոշման կենտրոնի աշխատողը կասկածելի մի հետազոտությամբ ճիճուներ էր «հայտնաբերել» ծանոթիս 5 տարեկան երեխայի օրգանիզմում, այն էլ' «ամենավատ տեսակից», եւ շփոթված մորը համոզում էր, որ երեխան պիտի պարտադիր բուժում անցնի իրենց կենտրոնում, այլապես բարդություններն անխուսափելի են: «Մուծեք 35 հազար դրամ, եւ կանենք հնարավորը»,- պնդում էր նա: Հետագայում պարզվեց, որ սպիտակ խալաթի մեջ փաստորեն ծպտված էր խաբեբան, ով համակարգ է սողոսկել զուտ անաշխատ շահույթ կորզելու համար եւ, մեծ հաշվով, թքած ունի օրենքի ու տարրական բարոյականության վրա: Փառք Աստծո, որ կան հանուն շահի իրենց մասնագիտական բարեխղճությունը չկորցրած բժիշկներ եւս. այդպիսիներից մեկը, ում դիմել էին երեխայի ծնողները, հիմնավորապես հերքել էր անհեթեթ «ախտորոշումը» եւ ապացուցել, որ երեխան ճիճվային որեւէ հիվանդություն չունի:

Այդօրինակ դեպքերը շատ են եւ գալիս են վերահաստատելու, որ կադրերի փոխատեղմամբ խնդիրը չես լուծի' եթե ընդհանուր մթնոլորտն է վարակված: Ով էլ լինի փոխնախարարը կամ աշխատակազմի ղեկավարը, "Դելտայի" նմաններն իրենց գործելաոճը չեն փոխի: Կոռուպցիայի դեմ պայքարը համալիր մոտեցում պահանջող ամենօրյա տքնաջան աշխատանք է, այլ ոչ թե իշխանական լծակների տիրապետող ազդեցիկ գործիչների զավակներին կամ նրանց մյուս մերձավորներին կերակրատաշտին մոտեցնելու հարմար առիթ: Եթե պայքար է, ուրեմն' պետք է ծավալվի ողջ ճակատով, համապարփակ: Ու նաեւ հասարակության գործուն ներառմամբ:

Ինչ վերաբերում է «Դելտային», ապա այն մեր ձեռքի տակ եղած տասնյակ օրինակներից սոսկ մեկն էր, որն ուղղակի բերվեց իբրեւ ներքեւներից «վերցված» փորձանմուշ: Եթե այս կամ այն արատավոր երեւույթների վերացման հարցում մեր կառավարության շահագրգռությունն իրոք անկեղծ է, ուրեմն հովանավորյալ կամ «ախպերական» կադրեր նշանակելու փոխարեն թող ամեն կարգի չարամիտ գործամոլներից ու դրամաշորթներից մաքրել տան համակարգը' վերից վար: Հակառակ դեպքում' երբ վերեւում «ախպեր տղերքն» են, իսկ ներքեւում' ավգյան ախոռները, այդ երկուսի արանքում միշտ կոռուպցիայի համար տեղ գտնվում է:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը