Աշխարհ

11.05.2018 13:11


Իլհամ Ալիև. Ադրբեջանական դրոշը բարձրացվելու է Շուշայում

Իլհամ Ալիև. Ադրբեջանական դրոշը բարձրացվելու է Շուշայում

«Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ»: Այդ մասին հինգշաբթի՝ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է լիովին վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը պետք է կատարվեն:

Այդ բանաձևերում պարզ ասվում է, որ «օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն լքեն օկուպացված հողերը»: Հակամարտության լուծման այլ ուղիներ չկան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում բանակցությունների թեմա, երբեք չի եղել ու չի լինի: Ադրբեջանական ժողովուրդը և Ադրբեջանի պետությունը երբեք թույլ չեն տա, որպեսզի «ադրբեջանական հողում» ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Եթե որևէ մեկը մտածում է այլ կերպ, ես համարում եմ, որ նա իզուր է ապրում պատրանքներով:

Մենք կառուցել ենք ուժեղ բանակ: Բանակի հզորությունը որոշող առաջատար վարկանիշային գործակալությունները ադրբեջանական բանակը դիտարկում են 50 ուժեղ բանակների թվում: Մենք գիտենք դա և մեր ռազմական հզորությունը օրեցօր աճում է:

Երկու տարի առաջ ադրբեջանական բանակը «օկուպանտներից ազատագրել է» Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի շրջանների տարածքների մի մասը և այդ հողերում, մեր հարազատ հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Վստահ եմ, որ կգա օրը և ադրբեջանական դրոշը կբարձրացվի՝ այսօր դեռ «օկուպացման տակ» գտնվող բոլոր տարածքներում, այդ թվում նաև Շուշայում և Ստեփանակերտում»,- ասել է Ալիևը:

Իսկ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում արձագանքել է Հեյդար Ալիեւի 95-ամյակի արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւի հնչեցրած հայտարարություններին:

«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառմանը , որը նույն կերպ էր մտածում, բայց պարտություն կրեց: Նույն ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն: Հայրը բավականաչափ խելամտություն է ունեցել դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը