Կարծիք

10.05.2018 13:21


Հայաստանը հակամարտող կո՞ղմ

Հայաստանը հակամարտող կո՞ղմ

Հայաստանը հակամարտող կո՞ղմ…

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»` ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցնեի կյանքն ու իրավունքները` ինչը մինչ այժմ հայկական կողմը կարողացել է մոտուցել հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:

Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի` Արցախի մասնակցության որեւէ բանակցային ձեւաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել: Համաձայն եմ` այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաեւ, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես` բազմիցս հայտարարվել է այս մասին` առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի:

Չեմ կարող մեկ անգամ եւս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգեւել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել:

Ասուլիսում կան նաեւ այլ նուրբ պահեր եւ արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել մեր դիվանագիտությանը:

Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ եւ նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ եւ բարդ հակամարտության հարցերով: Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործնթացին, ինչը կարող է շահեկան, լիարժեք եւ ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաեւ բանակցային գործնթացների անմիջական մասնակիցները` նաեւ նախկինում:

Ռուբեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը