Աշխարհ

10.05.2018 17:14


ՀԵՐԻՔ Է. Թուրքիայում Էրդողանի դեմ արշավ է սկսվել

ՀԵՐԻՔ Է. Թուրքիայում Էրդողանի դեմ արշավ է սկսվել

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող հասարակական շարժում է սկսվել։ Էրդողանը ղեկավարում է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):

Շարժման առիթ է դարձել կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը․ «Մեզ Ստամբուլի քաղաքապետի, վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոններին ժողովուրդն է բերել։ Եվ եթե նրանք ասեն՝ «հերիք է», ապա մենք մի կողմ կքաշվենք»։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը «Twitter»-ի թուրք օգտատերերի շրջանում դարձել է ամենաառաջնային ու թեժ թեման:

Էրդողանի հայտարարությանն ի պատասխան «Հերիք է» (#Tamam) կոչով և համապատասխան հեշթեգով գրառումների թիվը մայիսի 9-ի դրությամբ հատել է 1 միլիոն 400․000-ի սահմանը։ Արշավը տարածվել է նաև Facebook-ում, այլ սոցիալական հարթակներում և անգամ օնլայն տիրույթից դուրս՝ վերածվելով երթերի ու բողոքի ակցիաների։

Արշավին միացած օգտատերերի շարքերում են նորաստեղծ «İYİ» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Մերալ Աքշեները, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր, նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն, ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Օզգյուր Մումջուն և մի շարք այլ հայտնի անուններ։

Իշխող կուսկացությունն այդ արշավը կասեցնելու համար սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներից տարածել է #devam #ErdoğanileDevam («Շարունակենք Էրդողանի հետ») հեշթեգով հրապարակումներ, որոնց թիվը կարճ ժամանակում հասել է 300․000-ի։ Սակայն «շարունակել» կոչով բոլոր գրառումները մեկ օրում հեռացվել են Twitter-ի ադմինիստրացիայի կողմից։ Ինչպես պարզվել է՝ դրանց հեռացման պատճառը եղել է հրապարակող հաշիվների կեղծ լինելը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը