Աշխարհ

09.05.2018 08:46


ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային պայմանագրից․ Իսրայելը զորքերը բարձր մարտական պատրաստականության է բերել

ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային պայմանագրից․ Իսրայելը զորքերը բարձր մարտական պատրաստականության է բերել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հանդես է եկել հատուկ ուղերձով և հայտարարել Իրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու իր որոշման մասին:

ԱՄՆ-ն պատրաստվում է վերահաստատել այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ կիրառել էր մինչև գործարքը ստորագրելը: Թրամփն ասել է, թե ինքն ուզում է «վերանորոգել աշխարհն այնպես, որ Իրանը զրկվի միջուկային զենք կրելու բոլոր հնարավորություններից»: Իրանի իշխանություններին էլ «ահաբեկչության հովանավորներ» է անվանել:

Թրամփի այս որոշումը կարող է խորացնել հակասությունները եվրոպական դաշնակիցների հետ, սրել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշումը նրա նախընտրական արշավի ժամանակ տրված խոստումներից մեկն էր:

Որոշումից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ-ն ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը»,-նշել է Ռոհանին:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը:

Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի այդ որոշումը:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայմանագրի չեղարկումը «կոպիտ սխալ» է անվանել:

Իսկ Իսրայելի ղեկավարությունը Գոլանի բարձունքներում տեղի իշխանություններին հրահանգել է ուժերը մարտական ակտիվության բերել և «պատրաստ պահել ապաստարանները»:

Նման հրահանգ է տրվել Սիրիայում իրանական ուժերի կողմից «անսովոր ակտիվություն» նկատելուց հետո:

Տեղի իշխանություններին հրահանգվել է բարձր մարտական պատրաստականության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:

Իրանի պաշտպանության բանակի ուժերը ևս բարձր պատրաստվածության են բերվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը