Մեկնաբանություն

04.05.2018 12:50


ՀՀԿ-ի գերեզմանափորը

ՀՀԿ-ի գերեզմանափորը

Շատերն են հարց տալիս ու փորձում պատասխան գտնել, թե ինչ փոխվեց մեկ օրում, որ ՀՀԿմայիսի 1-ին ագրեսիվ դեմ լինելով Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը՝ որոշեց ամսի 8-ին աջակցել «խորհրդարանի 1/3-ի կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուի ընտրությանը»: Ինչը՞ կամ ո՞վ ստիպեց ՀՀԿ-ին, ժողովրդական խոսքով ասած, լիզել իր թքածը:

Պատասխանը շատ պարզ է. ՀՀԿ-ին մինչև վերջ ոչնչացրեց Սերժ Սարգսյանը: Նա ստիպեց կամ «կուտ» տվեց իր «թիմակիցներին» ուղիղ եթերում կռիվ տալ, որպեսզի նրանք հետագայում շանս չունենան:

«Ինչո՞ւ պետք է միայն ես քաշվեմ: Դուք էլ մինչև վերջ փչացեք, քանզի ինչ արել ենք, միասին ենք արել, համ էլ՝ ես եմ ձեզ բերել, ես էլ պետք է տանեմ»: Այսպես է մտածել է ՀՀԿ ղեկավարն ու անցել գործի:

Պարզ է, որ եթե հանրային դիմադրության չհանդիպեր ՀՀԿ-ի մայիսմեկյան «շքերթը», ապա ամսի 8-ին նրանք կզարգացնեին «հաջողությունը», բայց քանի որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, ուստի կյանքի կոչվեց Սերժ Սարգսյանի նվազագույն ծրագիրը՝ իր հետ միասին տանել նաև ՀՀԿ-ին, բացի այդ՝ ժամանակ շահել, որպեսզի որոշ հետքեր մաքրվեն ու ներքին բանակցություններում որոշակի հարցեր քննարկվեն:

ՀՀԿ-ի մահախոսականը

ՀՀԿ-ն 1998-ի հայտնի իրադարձությունների, 1999-ի հոկտեմբերի 27-ի ու 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերածվեց հետսովետական տարածքի որոշ պետություններում մոդայիկ դարձած «իշխանության կուսակցության»: Դա ոչ թե գաղափարների ու սկզբունքների վրա հիմնված ուժ էր, այլ պետություն պետության մեջ: Այն միավորում էր վարչաբյուրոկրատական ապարատը, քրեական շրջանակներն ու խոշոր կապիտալը:

Երբ Սերժ Սարգսյանը մտավ ՀՀԿ, հայտարարեց, որ կուսակցությունը ոհմակ չէ, բայց հետագայում ոհմակային դարձրեց այդ կառույցը:

Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ի գերեզմանափորը: Վերջին ակտը մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր: Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին կնքել էր իր քաղաքական մահկանացուն, իսկ դրանից մեկ շաբաթ անց ստիպեց ՀՀԿ-ականներին իր հետ «թաղվել»:

Սարգսյանը թույլ չտվեց, որպեսզի ինքը գնա, իսկ ՀՀԿ-ն որևէ շանս ունենա խաղի մեջ մնալու, թեկուզև անցումային փուլում:

Տեղին է հիշեցնելը, որ Սերժ Սարգսյանի մուտքը ՀՀԿ նշանավորվել էր պետական ապարատի ու կիսաքրեական տարրերի «ամուսնությամբ»: Նա իր հետ ՀՀԿ տարավ մականունավորների, հանցագործների և օդիոզ դեմքերի: Անդրանիկ Մարգարյանի մահով ՀՀԿ-ի ներսում կրիմինալ հեղաշրջումն ավարտական տեսք ստացավ: Հետո արդեն ՀՀԿ-ն տրանսֆորմացվեց բոլշևիկյան կառույցի ու ընտրեց իր «հոգևոր հորը»՝ Սերժ Սարգսյանին:

Թվում էր, թե ամեն ինչ «OK» է, և Սերժ Սարգսյանն արդեն վերածվում է ցման գենսեկի, սակայն նա «պլստաց» ու ընկավ իր իսկ փորած փոսը: Քաղաքական դաշտը վերածվել էր կրկեսի և այնտեղ հայտնվել էին բազմաթիվ ծաղրածուներ ու հաճախորդներ: Այդ ամենից հետո բնական է, որ Սերժ Սարգսյանը պետք է ստանար այն, ինչ ցանել էր. բնության օրենքներն անշեղորեն գործում են քաղաքականության մեջ:

Այժմ ՀՀԿ-ին մնում է հետևել սեփական «թաղման» արարողությանը: Ավելին՝ մասնակից լինել դրան: Հասկանալի է, որ դա շատ ծանր պրոցեդուրա է, բայց դա այն պատիժն է, որը պետք է կրի ՀՀԿ-ն մեր երկիրն այս վիճակին հասցնելու և Սարգսյանին այդ գործում անվերապահ աջակցություն ցուցաբերելու դիմաց:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: 2000թ. ՀՀԿ-ականները պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հիմնավորելով, թե նա խոչընդոտում է «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմանը: Հետո նույն Սերժ Սարգսյանին նույն ՀՀԿ-ում դարձրեցին այդ կուսակցության նախագահ:

Հիմա ճակատագրի հեգնանքով Սերժ Սարգսյանը «փչացնելուց» հետո իր հետ հրաժարականի է ուղարկում ամբողջ ՀՀԿ-ին՝ առաջ տանելով իր այն ցանկությունը, որ եթե «ոհմակի» «վոժդը» չկա, ուրմեն «ոհմակն» էլ պետք է չլինի: Այս ամենն, իհարկե, տեղի ունեցավ ժողովրդի ճնշման արդյունքում, բայց հարկ է արձանագրել, որ Ս. Սարգսյանը սեփական ներդրումն ունեցավ ՀՀԿ-ի ոչնչացման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը