Քաղաքական

03.05.2018 11:56


ԱԺ երեք խմբակցություններ ստորագրահավաք են սկսել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար

ԱԺ երեք խմբակցություններ ստորագրահավաք են սկսել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու աշխատանքները խորհրդարանում ընթացքի մեջ են. «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հավաքում են անհրաժեշտ 35 ստորագրությունները Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Երեք խմբակցություններում ստորագրություններ են հավաքվում: Կարծում եմ այսօր կամ վաղը մենք կառաջադրենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրզոյանը:

Անդրադառնալով մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը, որի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ մեծագույն հարգանք է տածում Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ. հարգանքը եղել է նաև մինչ այդ քվեարկությունը: «Ես բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել նրա մասին՝ որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ: Իսկապես կա այդ հարգանքը իր նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով Փաշինյանի ընտրվելու դեպքում ապագա կառավարության կազմում Ֆելիքս Ցոլակյանին Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակելու առաջարկների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ նման առաջարկներ եղել են: «Մենք ասել ենք, որ ցանկացած հիմնավոր, ծրագրային առաջարկ, թեկնածություն մենք դիտարկում ենք: Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել, և ես կարծում եմ, որ այդ քվեարկությունից հետո հանդիպել և նրա հետ քննարկել այդ հնարավորությունը, որի մասին խոսում եք, անհարգալից կլիներ և իր, և մեր նկատմամբ: Այս գործընթացում պաշտոնների սակարկություն, քվեարկելու դիմաց պաշտոն ստանալու հարց չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հավանական կադրեր կան, որոնք կարող են լինել ապագա կառավարության կազմում, Միրզոյանը պատասխանեց. «Շատ հավանական կադրեր կան, որոնց անունները ես այս պահին չեմ բարձրաձայնի: Ես ասել եմ, որ որևէ ազնիվ և պրոֆեսիոնալ անձ չպիտի անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ: Մարդիկ, ովքեր կարող են նպաստ բերել Հայաստանի զարգացմանը այն քաղաքականության շրջանակներում, որը մենք ունենք և առաջարկելու ենք, այդ մարդիկ շարունակելու են աշխատել»,-ասաց նա:

Անդրադառնալով ապագայում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը՝ Միրզոյանն ընդգծեց, որ իրենք համերաշխության կոչ են արել, ասել են, որ ամեն ինչ թափանցիկ է ու հրապարակային և որևէ սակարկություն չկա: «Ի պատիվ «Ծառուկյան» դաշինքի, ի պատիվ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների, ի պատիվ «Ելք» խմբակցության՝ այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորը ուրախ են այն գործընթացներով, որ տեղի է ունենում: Որևէ պաշտոնի քննարկում, որևէ սակարկություն, որևէ այդպիսի քննարկում մինչ այս պահը չի եղել, չկա այս պահին, և ես կարծում եմ, որ դա սազական չէ այն ամեն ինչին, այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում: Իսկ կոալիցիայի մասով եկեք չշտապենք»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը