Քաղաքական

01.05.2018 18:39


Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել մանդատը (տեսանյութ)

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել մանդատը (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը չմասնակցելու մասին։

«Ես ևս ժողովուրդ եմ, ոգևորված եմ այս շարժմամբ, այս անկախության սերնդով, ցանկանում եմ կուտակված հսկայական էներգիան ծառայի պետականության հզորացմանը, հանկարծ նոր հուսախաբության և կորուստների դուռ չբացվի: Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանի թեկնածությանը: Հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով ու համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը: Անկեղծ ասած՝ սա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու, բայց սա հարցի մի կողմն է: Ես դաշնակցական եմ, ներկայացնում եմ կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա: Եթե կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատը,-ասել է նա,-Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունել: Ես վտանգի կանխազգացում ունեմ: Այս պահմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով: Վստահ եղեք՝ ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում: Եթե այդ ծալքերը ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետևանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար»:

***

«Աղվան Վարդանյանի հայտարարությունը խմբակցության համար անակնկալ էր: Նրա կատարած քայլը ՀՅԴ-ի ավանդույթներին դեմ էր: Մենք որոշել ենք եւ քվեարկելու ենք Նիկոլ Փաշինյանի օգտին»,-իր ելույթում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը